ՊՆ-ն կաշկանդվա՞ծ է Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավիթ) առնչվող հարցերին պատասխանել

Դեռևս 2021թ. դեկտեմբերի 17-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն հետևյալ հարցադրումներով.

1. «Անորակ հրթիռների» գործով անցնող Հայաստանին և բանակին զենքի մատակարար Դավիթ Գալստյանի փաստաբանական խումբը գրավոր դիմում-առաջարկ է ուղարկել սկզբում պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին՝ առաջարկելով որակի հետ կապված խնդիրների մասին գրավոր հայտնել մատակարարին, միաժամանակ հայտնելով պատրաստակամություն նման պարագայում իրականացնել իր պայմանագրային պարտավորությունները, օրինակ, փոխարինել ապրանքը պատշաճ ապրանքով։

Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև գործող նախարար Սուրեն Պապիկյանին:

Նշված գրությունները մնացել են անպատասխան, և արդեն վերջերս երրորդ գրություն-առաջարկն է ուղարկվել՝ վերադարձնել խնդրահարույց ապրանքը, դրա դիմաց ընդունել նորը։ Ի՞նչն է պատճառը, որ Պաշտպանության նախարարությունը նամակներն անպատասխան է թողնում, ինչո՞ւ գերատեսչությունը ՊՆ-մատակարար պայմանագրային հարաբերությունների շրջանակում չի հայտնում իր տեսակետն անորակ հրթիռների մասով,

2. Արդյո՞ք այդ ավիացիոն հրթիռների պահանջարկը կա:

3. ՊՆ-Ն տեղեկություն ունի՞ ներկա պահին «Կալաշնիկով» գործարանի գործունեության հետ կապված, կա՞ն արդյոք խնդիրներ: Ավելի կոնկրետ՝ «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգների հավաքման մասով կա՞ն խնդիրներ, նաև՝ փամփուշտի արտադրության ծրագրերի իրականացման: Բնականաբար, պատասխաններն ակնկալում ենք օրենքով նախատեսված թույլատրելիի սահմանում:

Այսօր արդեն 2022 թվականի հունվարի 17-ն է, սակայն մինչ օրս ՊՆ-ից մեր հարցմանը պատասխան գրությունը չենք ստացել, ավելին, չի եղել զգուշացում ուշացման և դրա պատճառների մասին, անգամ, երբ անձամբ զանգահարել ենք, գրավոր հարցրել, թե երբ կլինի հարցման պատասխանը: Չենք լսել նաև՝ երբ-ի պատասխանը:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հոդված 9-ում նշվում է, որ «տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»: Ավելին, սույն օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է նաև, որ «գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը»:

Գուցե կաշկանդվածությո՞ւն ունի այս հարցերին պատասխանելու հարցում, մտածում են՝ ինչ պատճառներ «հորինեն»: Ամեն դեպքում, կարող են գոնե պետական գաղտնիքի անվան տակ շրջանցել, բայց հարցման պատասխանը «օդում» չթողնել, մեզ էլ՝ անորոշության մեջ:

Ի դեպ, 168.am-ի հետ զրույցում Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Հարությունյանը օրեր առաջ պատասխանել է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին հասցեագրված մեր առաջին հարցին:

«Շուրջ չորս ամիս է՝ սպասում էինք պատասխանի, սակայն այսօր ստացել ենք պատասխան մեր երեք գրություններին։ Ինչպես նախորդ քրեական գործով, այնպես էլ այս դեպքում Պաշտպանության նախարարությունը հրթիռների որակի հետ կապված որևէ առարկություն չունի և այդ մասին պաշտոնական գրությամբ հաստատել է։ Սյուժեն կրկնվում է։ Պայմանագրի կողմերը ասում են՝ խնդիր չունենք, հրթիռները ընդունել ենք, դրանք կիրառվել են, որևէ խոտան չի արձանագրվել: Այսինքն, հաշվի է առնվել դրանց փաստացի վիճակը, որը գնահատվել է լավ, իսկ քննիչն ու դատախազը պնդում են, որ մի ամբողջ համակարգ ստում է, միևնույն ժամանակ հրաժարվում են որակի փորձաքննությունից»,- ասել է Արմեն Հարությունյանը:

Բայց ինչպես ասում են՝ Դավիթ Գալստյանի փաստաբանն իր տեղն ունի, ՊՆ-ն՝ իր: Մենք կսպասենք ՊՆ-ի ուշացած գրությանը և ստանալուն պես կհրապարակենք:

Տեսանյութեր

Լրահոս