Դավիթ Գալստյանի դեմ զավեշտալի և գեթ մեկ ապացույց չունեցող մեղադրանքներ, ուղղորդված նախաքննություն. փաստաբան

168.am-ի հարցազրույցը Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Հարությունյանի հետ:

«Անորակ հրթիռների» գործով Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը)։ Դավիթ Գալստյանը, ըստ Ձեզ, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, կարո՞ղ էր պաշտոնական փաստաթուղթ կեղծել: Առհասարակ, նման իրավիճակում դա ինչպե՞ս է հնարավոր, և ի՞նչն է հիմք ծառայել նման մեղադրանքի համար:

Դավիթ Գալստյանին մեղադրում են խարդախություն կատարելու և փաստաթուղթ կեղծելու մեջ։ Պարզապես զավեշտալի են այս մեղադրանքները։ Դրանք հիմնավորող գեթ մեկ ապացույց առկա չէ գործում։ Որևէ անդրադարձ չկա պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցներին։ Այդ ուղղությամբ որևէ գործողություն չի կատարվել։ Իրականացվել է միակողմանի, սուբյեկտիվ, բացահայտ ապօրինի նախաքննություն։ Մենք խոսել ենք հրթիռների անորակ լինելու պնդումների մասին։ Գործում չկա որևէ ապացույց, որ դրանք անորակ են, ավելին, այդ հանգամանքը որոշելու նպատակով նախաքննության մարմինը դատախազության հովանավորությամբ բացահայտ համառությամբ մերժեց որևէ փորձաքննության իրականացումը։ Մինչդեռ գործում կարված է մի փաստաթուղթ, որին ես փորձագիտական եզրակացություն անվանել չեմ կարող։ Ինչ-որ մի անհասկանալի անձնավորություն, ում մասնագիտական փորձն ու փորձագիտական գիտելիքները որևէ վստահություն չեն ներշնչում, ստորագրել է «Փորձագիտական եզրակացություն» վերնագրված մի փաստաթուղթ, որի վրա հիմնվելով՝ նախաքննության մարմինը կառուցել է իր մեղադրական միտքը։ Դրանք որևէ մասնագիտական քննադատության չեն դիմանում, ինչի հետ կապված դատաքննության ժամանակ՝ ինչ պետք է, պաշտպանական կողմը կիրականացնի։ Ակնհայտ է, որ նախաքննությունը կիրառել է երկակի ստանդարտներ, մասնավորապես, երկու հավասարազորից ընտրել և առաջնորդվել է միայն իրեն ձեռնտու տարբերակով: Բացարձակապես գնահատման չեն ենթարկվել պաշտպանական կողմի համար բարենպաստ ապացույցները, որոնցով ամբողջությամբ հերքվում է Դավիթ Գալստյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը:

Կցանկանամ անդրադառնալ փաստաթուղթ կեղծելու մեղադրանքին։ Այս մեղադրանքը չի դիմանում նույնիսկ տրամաբանական որևէ կանոնի։ Խոսքը մատակարարման պայմանագրի կատարման արդյունքում դուրս գրված վճարահաշվարկային մի փաստաթղթի մասին է, որը բոլորին հայտնի է հաշիվ-ֆակտուրա անունով։ Ընդ որում, նախաքննության ընթացքում ներկայացվել են բացատրություններ և ցուցմունքներ, որ այդ փաստաթուղթն իրենից ոչինչ չի ներկայացնում, քանի որ առկա է կնքված պայմանագիր և հանձնման ընդունման ակտեր։ Չեմ ցանկանում այս պահին բացել շատ փակագծեր, սակայն նախաքննության մարմինը որևէ կերպ պետք է նկարագրեր, թե խարդախությունը ինչպես է կատարվել, և գտել է այդ եղանակը՝ դիտել է հաշիվ-ֆակտուրան կեղծելը: Նախաքննության մարմինը այդպես էլ չկարողացավ նշել, թե ո՞րն է հաշիվ-ֆակտուրան կեղծելու նպատակը, եթե առկա են դրա հիմք հանդիսացող մատակարարման պայմանագիրը և իրավունքը հաստատող այլ փաստաթղթերը։ Ի դեպ, նախաքննության ընթացքում մեզ առաջարկվել է՝ վաղեմության ժամկետների անցնելու հիմքով փաստաթուղթ կեղծելու մասով Դավիթ Գալստյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել, սակայն մենք այդ առաջարկը մերժել ենք, քանի որ նշված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, և մենք չենք ցանկանում անօրինական մեղադրանքը հանվի վաղեմության ժամկետի (ոչ արդարացման) անցնելու հիմքով: Այս և մեղադրանքի մյուս մասի վերաբերյալ մեր գործողություններին ականատես կլինեք դատաքննության ժամանակ, և լիահույս ենք, որ բոլորը կտեսնեն նախաքննական մարմնի և դատախազության կողմից սույն քրեական գործով թույլ տրված ապօրինությունները:

– Մեղադրական եզրակացության հետ կապված ի՞նչ առարկություններ ունեք:

– Մեղադրական եզրակացությունը պաշտպանական կողմը ստացել է երկու օր առաջ։ Իհարկե, կանխատեսում էինք, որ դատախազությունը կհաստատի այն և կուղարկի դատարան։ Քանի որ կալանքի ժամկետը երկարացնելուց հետո ակնհայտ էր՝ նախաքննությունը մինչև հաջորդ ժամկետի երկարացումը պետք է նախաքննական մարմինը ավարտեր, քանի որ վստահ էր, որ այլևս ի զորու չէր լինի կալանքի ժամկետները երկարացնել։ Այդպես եղավ նաև նախորդ գործով, երբ կալանքի ժամկետների երկրորդ երկարացման ժամանակ դատարանները պարզապես մերկացրեցին մեղադրանքների սին լինելը։ Հատուկ ուզում եմ հայտնել իմ վրդովմունքը ՀՀ Վճռաբեկ դատարանի անգործության վերաբերյալ, որովհետև հնարավոր ողջամիտ բոլոր ժամկետները լրացել են, սակայն Վճռաբեկ դատարանը համառորեն չի ցանկանում քննել Դավիթ Գալստյանի վերաբերյալ նախորդ քրեական գործով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ դատախազության վճռաբեկ բողոքը։ Վճռաբեկ դատարանի կողմից այդ բողոքը վարույթ ընդունելն արդեն վկայում էր, որ Վճռաբեկ դատարանին պարտադրելու են բեկանել Դավիթ Գալստյանին ազատ արձակելու մասին որոշումը։

Սակայն այդ ժամանակահատվածում իրականացվեց խնդրո առարկա կրակոցների փորձարկում, որի գերազանց արդյունքները պարզապես փակուղի մտցրեցին ինչպես նախաքննության մարմնին՝ դատախազության հետ միասին, այնպես էլ Վճռաբեկ դատարանին։ Բայց Վճռաբեկ դատարանը չունի այնքան անկախություն, որ կայացնի օրինական որոշում, դրա համար, եթե չեմ սխալվում, արդեն 6 ամսից ավելի է՝ իր վարույթում պահում է այդ գործը՝ առանց որոշում կայացնելու։ Ավելին, նախորդ քրեական գործի շրջանակներում նույն փաստական տվյալների և ապացույցների պայմաններում դատախազությունը նույնիսկ հարկ չհամարեց ՀՀ վճռաբեկ դատարան բողոքարկել Արմեն Բաղդասարյանին (Mosston Engineering ընկերության տնօրեն,- Մ.Պ.) կալանքից ազատելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը՝ համարելով այն ակնհայտ օրինական, իսկ ահա Դավիթ Գալստյանի դեպքում ներկայացվեց վճռաբեկ բողոք, որը վարույթ ընդունվեց: Կարծում ենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի գործողությունները բխում են «արդարադատության» թուրը Դավիթ Գալստյանի գլխին կախված պահելու տրամաբանությունից:

Դուք Պաշտպանության նախարարություն (նախ՝ Արշակ Կարապետյանին, հետո՝ նաև Սուրեն Պապիկյանին) մի քանի գրություն-առաջարկ եք ուղարկել՝ հարցը լուծել իրավապայմանագրային հարաբերությունների տիրույթում կամ հարթությունում, և անգամ առաջարկել եք վերադարձնել «վիճահարույց» ապրանքը և դրա դիմաց ընդունել նորը: Պաշտպանության նախարարությունից արձագանքե՞լ են որևէ կերպ:

– Շուրջ չորս ամիս է՝ սպասում էինք պատասխանի, սակայն այսօր ստացել ենք պատասխան մեր երեք գրություններին։ Ինչպես նախորդ քրեական գործով, այնպես էլ այս դեպքում Պաշտպանության նախարարությունը հրթիռների որակի հետ կապված որևէ առարկություն չունի և այդ մասին պաշտոնական գրությամբ հաստատել է։ Սյուժեն կրկնվում է։ Պայմանագրի կողմերը ասում են՝ խնդիր չունենք, հրթիռները ընդունել ենք, դրանք կիրառվել են, որևէ խոտան չի արձանագրվել: Այսինքն, հաշվի է առնվել դրանց փաստացի վիճակը, որը գնահատվել է լավ, իսկ քննիչն ու դատախազը պնդում են, որ մի ամբողջ համակարգ ստում է, միևնույն ժամանակ հրաժարվում են որակի փորձաքննությունից։ Մեզ համար հասկանալի են փորձաքննությունից հրաժարվելու պատճառները, քանի որ նախորդ քրեական գործով դա բերեց արհեստական ստեղծված գործի փլուզման: Հետևությունները թողնում եմ Ձեզ։ Այսպիսի բազմաթիվ փաստեր հիմք են տալիս հայտարարել, որ գործ ունենք երկակի ստանդարտների, ուղղորդված նախաքննության հետ։ Ես չեմ հանդիպել գեթ մեկ քրեական գործ, որով առանց փորձաքննություն իրականացնելու՝ որակի հետ կապված խնդիրներով գործը ուղարկեն դատարան։

– Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը օրերս հայտարարություն էր տարածել, որով պնդում է՝ Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքը չի բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես, մեղադրանքի որոշման մեջ նշվել է, թե իբր հրթիռները ձեռք են բերվելշուկայականիցէականորենթանկգնով, այնինչ, քրեական գործով անգամ հաստատվել է, որ 2018թ. կատարված գնման ժամանակ գինը մեկ միավոր հրթիռի հաշվով եղել է100ԱՄՆդոլարովավելիէժան, քան մինչ այդ նույն ապրանքատեսակից կատարված գնումը: Ըստ Տոնոյանի պաշտպանների, բացի այդ, քրեական գործով հաստատվել է նաև, որ ձեռքբերումից առաջ այդ նույն հրթիռները որպես գրավ վերցված են եղել 100 ԱՄՆ դոլարով ավելի թանկ գնով, քան 2018թ. ձեռքբերման գինն է: Ի՞նչ կասեք այս մասով: 

– Ըստ էության, ես համաձայն եմ այդ գնահատականների հետ։ Այդ հարցերին ես նույնպես անդրադարձել եմ իմ հարցազրույցների ժամանակ։ Գնի վերաբերյալ պնդումները ֆանտաստիկայի ժանրից են։ Վաճառքի գինը հիմնավորվել է։ Այստեղ նույնպես գործ ունենք երկակի ստանդարտներով մոտեցումների հետ։ Առկա է հրթիռների ձեռքբերման երեք փաստ. առաջինը՝ էժան, երկրորդը՝ առաջինից թանկ, երրորդը՝ առաջինից թանկ, սակայն երկրորդից էժան։ Մեղադրանքում նշված է՝ առաջինից թանկ է ձեռք բերվել, հետևաբար՝ շուկայական գնից ավելի է, սակայն չի նշվում, որ երկրորդից էժան է ձեռք բերվել։ Գոնե այդ մասով քննություն անեին, հանգամանքները պարզեին, սակայն ուղղակի շրջանցել են և դրան որևէ գնահատական չեն տվել։ Նույնիսկ գործում առկա չէ գեթ մեկ մասնագիտական կարծիք՝ կապված այդ հրթիռների գնի կրկնակի բարձր լինելու հետ, բացի քննիչի և դատախազի կարծիքից։ Ավելին, նախաքննության ժամանակ հաստատվել է, որ մատակարար ընկերությունը հնարավորություն է ունեցել նույն հրթիռները ավելի թանկ գնով վաճառել այլ գնորդների, սակայն դա չի կատարել՝ հաշվի առնելով ՀՀ պետական շահը: Այս հանգամանքը ևս անտեսվել է նախաքննության ընթացքում:

Հունվարի 19-ին դատական առաջին նիստն է լինելու «անորակ հրթիռների» գործով: Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ պահանջելու է դռնբաց, հրապարակային դատավարություն, իհարկե, հաշվի առնելով պետական ու ռազմական գաղտնիքի հետ կապված սահմանափակումները: Դավիթ Գալստյանը պատրա՞ստ է դռնբաց դատական նիստի:

– Մենք խնդիր չենք տեսնում դռնբաց դատական նիստ անցկացնելու հարցում։ Այստեղ ունենք պետական գաղտնիքի հրապարակման խոչընդոտ։ Այդ մասով այժմ ուսումնասիրում ենք և մեր վերջնական դիրքորոշումը կհայտնենք։ Այս գործով ի սկզբանե տարածվեցին ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ կապված հրթիռների որակի, դրանց կիրառման և այլնի հետ։ Ըստ այդմ՝ այս գործի հանրայնացումը հնարավորություն կտա նաև հանրությանը ներկայացնել բոլոր հարցերի պատասխանները։ Ավելին, դատախազությունը և նախաքննության մարմինը նույնպես հույսները դրել են նիստերի դռնփակ լինելու վրա, երբ ավելի հեշտ է պետական գաղտնիքի անվան տակ հանրությունից թաքցնել այն բոլոր ապօրինությունները, որոնք տեղի են ունեցել այս գործի քննության ընթացքում, և հնարավոր է՝ իրականացվեն նաև գործի դատաքննության ընթացքում։ Այլապես հնարավոր է անցկացնել դռնբաց դատական նիստ, գաղտնազերծել այս գործով թույլատրելի տեղեկությունները, որտեղ միանշանակ պարզ կդառնա, որ գործ ունենք ապօրինի քրեական հետապնդման հետ։

– Դատախազության՝ մեզ ուղարկված գրության մեջ նման ձևակերպում կար. «…«Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը»:

Ավելի վաղ ԱԱԾ-ն իր տարածած հաղորդագրության մեջ օգտագործել էր «ՀՀ պաշտպանության նախարարության նկատմամբ ունեցած կրեդիտորական պարտքի գումարի մարման գործընթաց» ձևակերպումը: Ի՞նչ պարտավորության մասին է խոսքը, ինչի՞ մասին է ակնարկում դատախազությունը, ԱԱԾ-ն:

– Ի սկզբանե հանրությանը տրվեց իրականությանը չհամապատասխանող տեղեկություն այն մասին, որ շուրջ 4,5 միլիոն դոլար գումար է փոխանցվել Դավիթ Գալստյանին, այսպես կոչված, անորակ հրթիռների դիմաց։ Սա, իհարկե, սուտ է։ Մեկ լումա անգամ չի փոխանցվել որևէ մեկին։ Այդ հրթիռների դիմաց հաշվարկված գումարային պարտավորություններից Դավիթ Գալստյանը հրաժարվել է ի կատարումն մասնավորեցման պարտավորությունների։ Ավելի հասկանալի լեզվով ասած՝ ի սկզբանե պայմանագրի կողմերը գիտեին, որ որևէ գումար որևէ կողմին չի վճարվելու, և մատակարարման դիմաց առաջացած պարտքից Դավիթ Գալստյանը պետք է հրաժարվի։ Սա այս գործի հերթական զավեշտներից է։

Տեսանյութեր

Լրահոս