Պարտքը տնտեսությունից մի քանի անգամ արագ է աճում. ո՞ւր է գլորվում երկիրը
Մեր երկրի պետական պարտքի աճի տեմպը տնտեսության զարգացումներից մի քանի անգամ առաջ է ընկել։ Պարտքն անհամեմատ արագ է ավելանում, քան ՀՆԱ-ն է աճում։ Սա բերել է պարտքի բեռի կտրուկ վատացման։ Երբևէ Հայաստանն այսպիսի պարտքի բեռ չէր ունեցել, ինչպես հիմա է։
Պարտքի աճի տեմպն անցած տարի 3 անգամ գերազանցեց ՀՆԱ աճին։
Պարտքն ավելացավ գրեթե 15 տոկոսով։ Այնինչ՝ ՀՆԱ աճի ակնկալիքը լավագույն դեպքում 5 տոկոս է։
Պարտքը ոչ միայն տոկոսային հարաբերությամբ է ավելի արագ աճում, այլև անվանական արտահայտությամբ։
Անցած տարվա ընթացքում պարտքն ավելացավ ևս 1,2 մլրդ դոլարով։ ՀՆԱ տարեկան ցուցանիշը դեռ հայտնի չէ, բայց այլևս պարզ է, որ ՀՆԱ ավելացումն ավելի ցածր է լինելու, քանի պարտքինը։
Այս քանակությամբ պարտքերի ներգրավման պայմաններում Հայաստանի տնտեսության աճն անհամեմատ բարձր պիտի լիներ։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ու դա նշանակում է, որ տնտեսության աճը նստած է հիմնականում պարտքերի ավելացման վրա։ Եթե այդ գումարները նույնիսկ ուղղակի ներդրվեին ՀՆԱ մեջ, առանց ոչինչ անելու՝ աճն ավելի մեծ կլիներ, քան ակնկալվում է։
Ընդամենը մեկ փաստ արձանագրենք. 1,2 միլիարդը, որն անցած տարի վերցրել է կառավարությունը պարտքերի տեսքով, հասնում է 2020թ. ՀՆԱ-ի գրեթե 10 տոկոսին։ Այդ գումարները շրջանառության մեջ դնելիս, ՀՆԱ 10 տոկոս աճ պիտի ապահովեինք միայն պարտքերի հաշվին։ Այնինչ՝ ունենք ընդամենը 5 տոկոսին մոտ տնտեսական աճի ակնկալիք։
Եթե չլինեին այդ պարտքերը, տնտեսության աճն անհամեմատ ավելի ցածր կլիներ։ Սակայն դա չի նշանակում, թե վերցրած գումարներն արդյունավետ են օգտագործվում՝ նպաստելով հավելյալ արդյունքի ստեղծմանը։ Պարտքերի մի մասը, որը վերցրել է կառավարությունը, պարզապես դրել է բարձի տակ ու չի օգտագործել։ Քնացրել է գանձապետարանի հաշիվներին, ինչ է թե՝ տոկոսային եկամուտներ է ստանում։
Անցած տարի ներգրավված 1,2 մլրդ դոլարից շուրջ 280 միլիոնը կառավարությունը սառեցրել է՝ չնայած դրանք ծախսելու որևէ սահմանափակում կամ պարտավորություն չի ունեցել։ Այդ գումարը մասհանել է եվրոպարտատոմսերի թողարկումից ստացված միջոցներից։ Ի տարբերություն վարկերի, կառավարությունն ազատ է դրանք տնօրինելու մեջ, բայց որոշել է վատագույն ձևով տնօրինել՝ դեպոզիտ է դրել բանկերում։ Այնինչ՝ կարող էր տարբեր ծրագրերի միջոցով ներարկել տնտեսության մեջ ու աշխուժացնել տնտեսական գործընթացները։
Արդյունքում՝ ստացվել է այնպես, որ վարկերի տեսքով մեր պետական պարտքերն արագորեն ավելանում են, բայց անգամ դրանց համարժեք ՀՆԱ-ն չի աճում։
Սա շատ վատ երևույթ է։ Պարտքերը վերցվում են առաջին հերթին տնտեսության պոտենցիալն ավելացնելու համար։ Եթե դրանից հավելյալ ՀՆԱ չի ստեղծվում, հետագայում խնդիր է դառնում այդ պարտքերի մարումը։ Այն ծանրանում է պետության վրա։ Այդպիսի պարտքերը սպասարկելու համար հետագայում պետությունը ստիպված է լինում կրճատել ծախսերը, հրաժարվել աշխատավարձերի ու թոշակների բարձրացումից, սոցիալական ծախսերի ավելացումից։
Պարտքերի տեսքով վերցրած գումարները պետք է աշխատեն, որպեսզի տնտեսության մեջ լրացուցիչ հնարավորություններ ստեղծեն հետագայում ոչ միայն դրանք մարելու, այլև զարգացման համար հիմքեր ստեղծելու համար։
Սակայն, ինչպես տեսնում ենք, մեր պարագայում այնքան էլ այդպես չէ։ Պարտքերն ավելի արագ են աճում, քան տնտեսությունը։ Եվ սա առաջին տարին չէ։ Այդպես է վերջին մի քանի տարիներին։
2020թ. մեր տնտեսության մեջ գրանցվեց 7,4 տոկոսանոց անկում, փոխարենը՝ պարտքը ավելացավ ևս 647 մլն դոլարով կամ, որպեսզի ավելի պարզ լինի՝ գրեթե 9 տոկոսով։ Դրա հետևանք էր նաև, որ հայտնվեցին պարտքի աննախադեպ վատ վիճակում՝ այն առաջին անգամ անցավ ՀՆԱ 60 տոկոսի շեմը ու շարունակում է գտնվել դրանից վերև։
Եթե ամեն ինչ գնա այն սցենարով, որը գծել է կառավարությունը, գուցե 2 տարի հետո պարտքը կիջնի ՀՆԱ 60 տոկոսից։ Սակայն դրա հավանականությունն էլ մեծ չէ։ 7 տոկոս տնտեսական աճը, որը կառավարությունն ակնկալում է ապահովել առաջիկա տարիներին, ոչնչով հիմնավորված չէ։ Դրա համար այս ընթացքում բավարար հիմքեր չեն ստեղծվել։ Նախկինում էլ կառավարությունը հեղափոխական ու թռիչքային աճեր էր խոստանում։ Բայց այդ աճերն այդպես էլ իրականություն չդարձան։
Անցած 4 տարում միջին տնտեսական աճը Հայաստանում կազմել է ընդամենը 2,5-2,6 տոկոս։
Սա վատագույն ցուցանիշներից մեկն է, որը 4 տարվա կտրվածքով ունեցել ենք վերջին 30 տարիներին։
Մեծ քանակությամբ վարկեր ներգրավելուց բացի, տնտեսական ցածր աճն է, որ բերել է պարտքի բեռի այդպիսի ծանրացման։
Չորս տարում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ընդամենը 10,5-11 տոկոսով, իսկ պարտքը՝ ավելի քան 35 տոկոսով։ Պարտքի աճի տեմպն առնվազն 3 անգամ գերազանցել է ՀՆԱ աճին։
Վերջին 4 տարում մեր երկրի պարտքը համալրվել է գրեթե 2,4 մլրդ դոլարով։
2017թ. վերջին այն կազմում էր 6 մլրդ 774 մլն դոլար, 2021թ. վերջին հասել է 9 մլրդ 159 մլն դոլարի ու առաջիկայում դեռ շարունակելու է ավելանալ։ Կառավարությունը մտադիր չէ հրաժարվել նոր պարտքեր վերցնելուց՝ չնայած 4 տարում արդեն հասցրել է այն բավականաչափ ծանրաբեռնել։ Մինչդեռ, կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պահը բաց չէր թողնում հպարտանալու, որ իր կառավարությանը հաջողվել է նվազեցնել պետական պարտքը։
«2019թ. օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում»,- 2019թ. գրում էր Նիկոլ Փաշինյանը։
Հիմա տեսնում ենք, թե ինչ է կատարվում պարտքի հետ։ Ու զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս նման գրություններ չի անում։
Կարճ ժամանակում պարտքն այնքան են ծանրաբեռնել, որ տնտեսության աճը չի հասցնում դրա հետևից։ Եթե առաջիկայում չհաջողվի փոխել պարտքի ու տնտեսական աճի տեմպի հարաբերակցությունը՝ ի հաշիվ վերջինի, ապա հազիվ թե կարողանանք խուսափել ավելի լուրջ խնդիրներից։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ