Տառացիորեն համաձայնեցված տեքստ, «դրական ու կառուցողական մթնոլորտ». Ինչպե՞ս է անցել Ռուբինյանի ու Քըլըչի առաջին հանդիպումը Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանն այսօր կայացավ Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը: Ֆուտբոլային դիվանագիտություն անվանումով հայտնի հայ-թուրքական արձանագրությունների գործընթացից հետո սա, ըստ էության, հայ-թուրքական պաշտոնական առաջին ուղիղ հանդիպումն է:
Թուրքական նախապայմանները ներկայացվեցին հանդիպումից օրեր առաջ
Մինչ հանդիպմանն անդրադառնալը տեղեկացնենք մի շարք կարևոր հայտարարություններ, որոնք նախորդեցին բանակցություններին:
Փորձագետների կարծիքով, ոչ պատահականորեն այս հանդիպումից օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան Քորքմազջանը հայտնել է, թե Թուրքիան որ դեպքում պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի։ Հասան Քորքմազջանը, ով ներկայում «Թալեաթ Փաշա» միության նախագահն է, շեշտել է, որ Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի միայն Հայաստանի կողմից 4 նախապայմանների կատարման դեպքում։
- Անմիջապես իրականացնել 2020թ․ նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։
- Հայաստանը պետք է հարգի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և հայտնի դրա մասին։
- Հայաստանը պետք է հրաժարվի «ցեղասպանության պնդումներից», քանի որ հենց ՄԻԵԴ-ում Փերինչեք-Շվեյցարիա դատական գործընթացում շեշտեց, որ այն սուտ է։
- Պետք է վերջ դնի Թուրքիայի դեմ թշանամանքին և ապամոնտաժի Շիրակի մարզում տեղադրված և թուրք ազգին նվաստացնող արձանը:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այսօր մամուլում տարածվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դիմումը Հայաստանին՝ կրկին նախապայմանային տրամաբանությամբ:
Վերջինս պնդել էր՝ Հայաստանը պետք է դրական հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո օրակարգ է բերվել Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե՝ որպեսզի ձեռնարկված քայլերը տան ակնկալվող արդյունքները, «կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի տարածաշրջանում խաղաղության հնարավորությունն ու դրական հարաբերություններ կառուցի Ադրբեջանի հետ»։
Բանագնացների հանդիպումը ողջունեցին Մոսկվան և Բրյուսելը
Ռուբինյան-Քըլըչ հանդիպմանը զուգահեռ՝ այսօր Մոսկվայում ընթանում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսը, որի ընթացքում նա նշեց, որ Մոսկվան օգնում է Երևանի և Անկարայի միջև ուղիղ երկխոսության հաստատմանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն օգնել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակման պայմանավորվածություն ձեռք բերելուն՝ երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելու համար։
«Մենք շատ ուրախ ենք, որ առաջին հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում։ Մեր դերը հանգում է այն բանին, որ օգնենք ուղիղ երկխոսություն սկսել, հույս ունեմ, որ դա հաջող կլինի»,- նշել է նա։
Հանդիպմանը նախորդեց նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի անդրադարձը հանդիպմանը: «Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին աջակցում է»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Տոյվո Կլաարը:
Հիշեցնենք, որ սրանք այսօր տարածված անդրադարձներն էին, բանագնացների նշանակումից հետո գործընթացը ողջունել են նաև այլ երկրներ:
Ռուբինյան-Ռուդենկո հանդիպում Մոսկվայում
Հայտնի դարձավ նաև, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ, կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Ինչպե՞ս է անցել Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը
Հայ-թուրքական առաջին հանդիպումը նման ձևաչափով, ըստ մամուլի, տևել է 1,5 ժամ: Հանդիպումից անմիջապես հետո պաշտոնական հաղորդագրություններ տարածեց՝ ինչպես հայկական, այնպես էլ՝ թուրքական կողմը:
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ, հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։
«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»:
Պետք է նշել, որ տեքստը տարածվել է նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով նույնությամբ, սակայն մեկ տարբերությամբ՝ ռուսերեն և անգլերեն տարբերակներում «կառուցողական մթնոլորտ» ձևակերպման հետ կիրառվել է նաև դրական՝ «positive» որակումը:
Ի դեպ, տառացիորեն նույն տեքստն է տարածել նաև թուրքական կողմը: Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարությունների անգլալեզու հաղորդագրությունները պարզապես նույնն են: Սա թույլ է տալիս ենթադրել, որ հանդիպումն իսկապես անցել է չափազանց դրական մթնոլորտում, որի արդյունքում նրանք հրապարակել են, թերևս, նախապես համաձայնեցված միևնույն տեքստը:
Թուրքիան ցանկանում է ուղիղ բանակցություններ Հայաստանի հետ՝ առանց միջնորդների
Թուրքական մամուլն ակտիվորեն լուսաբանում է հայ-թուրքական գործընթացն ընդհանուր առմամբ և Մոսկվայում կայացած հանդիպումը: Թուրքական Hurriyet Daily News կայքը մասնավորապես նշում է, որ կողմերը հանդիպել էին Մոսկվայում՝ գծելու ճանապարհային քարտեզը, որի նպատակն է՝ վերականգնել հարաբերությունները երկու հարևանների միջև տարիներ շարունակ թշնամությունից հետո:
Ըստ կայքի հոդվածի՝ նորմալացման գործընթացը ենթադրում է դիվանագիտական կապերի հաստատում, փակ սահմանների բացում և երկու երկրների միջև տնտեսական, առևտրային և տրանսպորտային նախագծերի մեկնարկ: Նշվում է, որ վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում Թուրքիան վերսկսելու է չարտերային թռիչքները դեպի Երևան, մինչդեռ Հայաստանը որոշել է վերացնել թուրքական ապրանքների էմբարգոն։
«Չնայած առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում, Թուրքիան ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել Հայաստանի հետ՝ առանց երրորդ կողմերի միջնորդության»,- ասված է նյութում: Ի դեպ, ավելի վաղ կրկին այս լրատվամիջոցում տպագրված հոդվածի համաձայն, մոսկովյան հանդիպման ընթացքում քննարկվելու էր հանդիպումները ոչ Մոսկվայում անցկացնելու հարցը: Հանդիպումից հետո տարածված հաղորդագրության այն հատվածը, որ «Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով», թույլ է տալիս պնդել, որ հաջորդ հանդիպումը և հանդիպումները տեղի կունենան այլ մայրաքաղաքներում:
Ի դեպ, հանդիպումից օրեր առաջ թուրքական պաշտոնական մամուլում շրջանառության մեջ դրվեց Սերդար Քըլըչի նշանակման հրամանը, որից պարզ դարձավ, որ Քըլըչը նշանակվել է ոչ թե՝ որպես բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ, այլ՝ որպես պատասխանատու Հայաստանի համար, ինչը ևս, ըստ վերլուծաբանների, պատահական հանգամանք չէ:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ առաջին հանդիպումից դժվար է եզրակացություններ անել:
Նրա կարծիքով, հանդիպմանն ամենայն հավանականությամբ տեխնիկական հարցեր են քննարկվել, ծանոթացել են ներկայացուցիչները, քննարկել այլ հանդիպումները անցկացնելու վայրը, ժամանակացույցը, գուցե քննարկվելիք որոշ թեմաներ են համաձայնեցրել:
«Մեկուկես ժամը նման բանակցությունների համար բավականին կարճ ժամանակ է: Սովորաբար նման բանակցությունների առաջին հանդիպումից հետո միայն շատ նախնական բաներ կարելի է ասել, որովհետև կողմերը վստահաբար որևէ սուր հարց չէին կարող քննարկել, դա է փաստում նաև այն, որ տարածվել է համաձայնեցված տեքստ, և գործընթացից կողմերն ունեն ակնկալիքներ ու համաձայնեցված առաջ են ընթանում: Ավել բան վաղ է ասելը»,- նկատեց նա: