Ոնց վայրկյանները հաշվելով՝ սպասել եմ Նարեկիս ծնվելուն, այդպես էլ սպասում էի որդուս վերադարձին․ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Մանուկյանի գրպանում մնացած իրերը պատերազմի ավարտից հետո մարտական ընկերները փոխանցել են նրա մորը՝ տիկին Մարինեին։

«Էս ամբողջ պատերազմի ընթացքում հետը ման է տվել, սնիկերսը, որ կերել է, թուղթը պահել է, մեջը գրած՝ «սնիկերսը մեզնից, ԱԹՍ-ն ձեզնից», իրեն այս գրությունն էր բաժին հասել։

Սա օրացույց է, որ փոխանցվել է զինվորներից։ Ես այսպես հասկացա, որ այն ծառայողները, որ արդեն մոտ են ծառայության ավարտին, այս օրացույցը փոխանցել են իրար, 3-4 հոգու փոխանցվել է, վերջինը հասել էր Նարեկիս, ինքն արդեն պետք է փոխանցեր սա, բայց այդպես էլ մնաց Նարեկիս մոտ, ընդմիշտ։

Սա էլ իմ վերջին ուղարկած մթերքի վրայի գրությունն է․․․ Հետաքրքիր է, շատ-շատ եմ ուղարկել, բայց հենց այս վերջինն է պահել, իր անուն-ազգանունն է, զորամասի համարը, զորամասը դե չկա էլ․․․ Հենց վերջինը պահել է, բայց ինքը հո չգիտե՞ր, որ պատերազմ է լինելու․․․»,- հերթով ցույց է տալիս տիկին Մարինեն։

Նարեկը ծնվել էր 2000 թվականի նոյեմբերի 21-ին՝ Երևանում, ընտանիքի առաջնեկն էր, և ինչպես մայրն է ասում, իր համար ոչ միայն որդի էր, այլև՝ ընկեր, տարբեր հարցերի շուրջ կարող էին ժամերով զրուցել։

2019 թվականի հունվարի 31-ին՝ զորակոչի վերջին օրը, Նարեկը մեկնեց ծառայության, մինչ այդ հասցրել էր զինկոմիսարիատում բոլոր դասընկերներին ճանապարհել, իսկ ինքն ամենավերջինը զորակոչվեց․

«Հարմարվել էր շատ, գոհ էր ծառայությունից, միշտ միայն խոսում էր իր առաջադիմությունների մասին, ասում էր, որ՝ ես մեդալներ եմ ստանալու, պետք է պարգևատրումներ ստանամ, դու պետք է պարծենաս ինձանով։ Մեդալներ չստացավ, բայց պարծենալը ես միշտ եմ պարծեցել, միշտ էլ հպարտացել եմ իմ տղայով, միշտ գովեստի խոսքեր եմ լսել իր մասին, միշտ հպարտացել եմ իրենով։ Հպարտության առումով բան չի փոխվել ինձ մոտ, ուղղակի կարոտն է, ցավոտ կարոտը․․․»։

Նարեկը ծառայության էր անցել նախ՝ Կապանում, 3 ամիս անց՝ զինվորական երդում տալուց հետո, տեղափոխվել էր Սանասար (Կուբաթլու):

«Սեպտեմբերի 25-ին զանգեց Նարեկը, ասաց, որ համար 1 են տվել ու զորքը տեղափոխում են։ Այդ օրը տարել էին զորքին, բայց նորից վերադարձել էին զորամաս։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան նորից հրահանգով արդեն տեղափոխեցին Ջրական (Ջաբրայիլ), որտեղ ամբողջ ծառայության ընթացքում կոնկրետ ինքը 5 անգամ գնացել էր ինժեներական աշխատանքներ կատարելու՝ փոսեր փորելու, դիրքեր կառուցելու համար․․․ Այդ օրը իրենց տարել էին հենց այնտեղ, որտեղ իրենք դիրքեր էին կառուցել։ 27-ի ցերեկը զանգեց, ասաց՝ մամ, մեզ տանում են այնտեղ, որտեղ միշտ տանում էին, չասաց, որ Ջրական են տանում։

Դրանից հետո 4 օր լուր չենք ունեցել, 4 օր սպասումներով՝ հեռախոսազանգի, ինչ-որ մի լուրի, ինչ-որ մի տեղեկության, ոչ մի կերպ հնարավոր չէր տեղեկություն ստանալ։ Հետո զանգահարեց․ այդ մի քանի օրերի ընթացքում իրենք շրջափակման մեջ են եղել, իրենց ջոկը շատ մեծ պայքարի մեջ է եղել, և մի դիրք կա, որը իրենք շատ ուժեղ, համառ պայքարի միջոցով կարողացել են պահել։ Հետագայում, դե, արդեն հանձնվել են դիրքերը՝ նահանջի հրաման լինելու պատճառով։ 4 օր շրջափակման մեջ են եղել ու մի կերպ են կարողացել դուրս գալ, Ջրականից ոտքով, մոշի անտառների միջով մի կերպ հասել են Կուբաթլու՝ իրենց զորամաս։ Դրանից հետո արդեն պայքար է մղվել Կուբաթլուի դիրքերում, բայց էլի նահանջի հրաման է եղել․․․»։

Շուրջ 3 շաբաթ առաջնագծի թեժ կետերում կռվելուց հետո Նարեկն իր ծառայակից ընկերների հետ պաշտպանել է Սյունիքի դիրքերը, որտեղ էլ հոկտեմբերի լույս 22-ի առավոտյան զոհվել է․

«Զոհվելու նախորդ գիշերը զանգեց տուն, ահագին խոսեցինք, հեռախոսի համարներ ուզեց, քանի որ իրենց բոլոր իրերը մնացել էր գրավյալ դիրքերում, ինքը շատ էր նեղվել դրանից, ասաց՝ մամ, իրերս մնաց այնտեղ՝ թշնամու մոտ, չենք կարողանա էլ հետ վերցնենք, բայց ինքն ամենաշատը նեղվել էր, որ իրենց չաստը հանձնվել էր, ասաց՝ մամ, մեր Կուբաթլուի զորամասն էլ չկա։ իրենք այնտեղ շինարարություն էին արել, վերանորոգել էին, տան նման ապրել էին, խնամել էին, ծառայել էին․․․ Շատ ցավով ասաց, որ զորամասն էլ չկա»։

Նարեկը ջոկատի  հրամանատարն էր՝ կրտսեր սերժանտ, պատմում է մայրն ու հպարտությամբ շեշտում, որ որդին 10 հոգանոց ջոկատ էր ղեկավարում, բոլորին  էլ   ինքն էր ընտրել, իր մտերիմ ընկերներն էին։ Շատ էին կապված միմյանց, ընկերությունն էլ շատ ջերմ էր: Մինչև այսօր ընկերները ցավով են հիշում իրենց զոհված զինակիցներին։ Նարեկն  էլ էր ծանր տանում յուրաքանչյուր ընկերոջ, զինակցի զոհվելը:

Նարեկը ահավոր տխրել էր ընկերոջ զոհվելու հետ կապված՝ Էրիկ Եղիազարյանի, Էրիկն էլ հոյակապ տղա է եղել, իրենք իրար եղբայրներ են համարել, Նարեկին ասում էին՝ մեծ ախպեր։ Էրիկը զոհվեց հոկտեմբերի 8-ին՝ Ջրականում։ Շատ ծանր է տարել ընկերոջ զոհվելու հանգամանքը․․․

Ինքն ինձ չէր ասում, որ վատ տեղերում է, վտանգավոր տեղերում է, ես դա ներքուստ էի զգում։ Իմ 2 տղաներն էլ ծառայում էին բանակում, Դավիթս Լուսակերտում էր, բայց ես իր հարցով հանգիստ էի, ներքուստ ես Նարեկի համար էի տագնապի մեջ, ու այդ տագնապը 1 վայրկյան անգամ չէր դադարում, գիշեր-ցերեկ՝ տագնապի մեջ։ Այդ օրերին շատ-շատ էին զանգում ինձ, Նարեկիցս հետաքրքրվում էին, ուզում էին իմանալ՝ զանգե՞լ է, չի՞ զանգել, ի՞նչ տեղեկություն ունեմ, իհարկե, դժվարությամբ պատասխանում էի հարցերին, բայց միևնույն ժամանակ գիտակցում էի, որ Նարեկիս այդ պահի զանգը կարող է լինել վերջինը, ասում էի՝ այնպես չի, որ այդ զանգով ինչ-որ բան է որոշվում, դա ամեն պահի կարող է լինել վերջինը, որովհետև այն վայրերում, որ իրենք կռվում էին, միայն հրաշքով կարելի էր հետ գալ, ու այսօր այն զինվորները, որ վերադարձել են, իրենք հրաշքով են վերադարձել։

Ես չեմ ասում՝ Աստված է պահել, ես ասում եմ՝ հրաշքով ողջ են մնացել, որովհետև ես չեմ կարծում, որ իմ տղան Աստծո տված չէր, ինքն Աստծո տված էր, դեռ ավելին, որովհետև ինքը սպասված երեխա է եղել։ Ոնց որ  վայրկյանները հաշվելով սպասել եմ իր ծնվելուն, այնպես էլ զոհվելուց եմ վայրկյանները հաշվել։ Առաջին օրվանից սկսած, մենք հեռուստացույցի դիմաց գամված, անընդհատ այդ սև ցուցակներն էինք նայում, ես հատիկ-հատիկ կարդացել եմ բոլոր զոհված զինվորների անունները, բոլորի հետ հավասար ցավ եմ ապրել, բայց ինձ կհասկանան իմ նման մայրերը, որ բոլորս էլ առաջինը փնտրում էինք մեր երեխու անունը, որ հանկարծ այդ ցուցակում չլինի։ Վերջին 2 օրը, որ Նարեկն ինձ շատ հուսադրեց, ասաց՝ ես շատ ապահով տեղում եմ, դու հանգիստ եղիր, եթե 1-2 օր էլ հանկարծ չզանգեմ, դու իմացիր, որ ես շատ լավ եմ, միշտ հիշիր, որ ես լավ եմ, ու ես որոշեցի, որ այդ 2 օրը չկարդամ զոհված տղանների անունները, ուղղակի հեռուստացույց չմիացնեմ ու լուրեր չլսեմ, վստահ լինելով, որ ինքը ողջ է․․․»։

Փաստորեն, հենց այդ օրն էլ  հրապարակված ցուցակում ներառված է եղել Նարեկի անունը, հենց առաջինը հորիզոնականում։ Ու մայրը, որ տեղեկություն չէր ստացել որդուց ու չէր էլ կարողացել հեռախոսով խոսել, շարունակ փորձել է կապ հաստատել Նարեկի հետ.

«Էլի փորձում էի զանգել իրեն, ասում էի՝ գոնե մի բառ լսեմ, ձայնը լսեմ, որ հանգիստ լինեմ, ինձ ապրելու հույս էր տալիս մի հատ իր ձայնը լսելը։ Ընկերները չկարողացան այդ լուրը փոխանցել, հետո իրավաբանն է զանգել ու ասել այդ լուրի մասին․․․

Հարվածը եղել է առավոտյան 6։46, այդ օրը Նարեկին մնում էր ուղիղ 100 օր, ինքը շատ էր սպասել այդ օրվան, բոլոր զինվորներն էլ կհավաստեն, որ այդ օրը շատ սպասված օր է, որովհետև հետհաշվարկ է գնում, ու իրենք համարում են, որ արդեն մարվում է իրենց ծառայության ժամկետը, Նարեկն էլ իրենց նման նույն ձև․․․ Այս օրը զինվորներից մեկի ծնունդն է եղել, գոռացել է դիրքից՝ էսօր իմ ծնունդն է, չե՞ք շնորհավորում, տղաները շնորհավորել են։ Նարեկը ձայն է տվել, ասել է՝ բա ինձ չե՞ք շնորհավորում, դե բոլորը գիտեին, որ իրեն 100 օր է մնում, ու էդ պահին են հենց խփել, հենց իր խոսքի վրա՝ ինձ չե՞ք շնորհավորում, այդ պահին այդ հարվածը եղել է․․․ շատ կարճ է տևել, բառեր է ուզեցել ասի, չի կարողացել հասկացնի, ընկերներն առաջինը հենց իրեն են հասել օգնության, Գարիկի ձեռքերում է եղել՝ ԲՄՊ-ի հրամանատարի, իր մոտ ընկերը․․․

Նարեկը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի բաժնում էր սովորում, 1 կիսամյակ էր սովորել, շատ աշխատանքներ ունի, բայց սա կոնկրետ վերջին աշխատանքն է, որտեղ հանձնարարված էր կոնկրետ թեմայով առաջադրանք, բայց ինքն աշխատանքը կատարել է և իր ցանկությամբ, ինքն ուզեցել էր այսպես պատկերել։ Նկարում պատկերել է աղջիկ, աղջկա դեմքը աչք է նկարած, չգիտեմ, թե դրանով ինչ է ուզեցել ասած լինի, բայց կոնկրետ սիրտը և երակները լցված սև արյունով․․․ հետագայում ինքը զոհվել է հենց այս վիրավորումով, այսինքն՝ բեկորը կողքից մտել է հենց սրտի մեջ, արյան զեղում է առաջացրել, որն էլ իր հերթին առաջացրել է մահ․․․  Ասաց՝ ինձ 20 բալանոց համակարգով 10 բալ են գնահատել, բայց ինձ համար մեկ է, ես իմ հոգեվիճակն եմ այստեղ պատկերել, ասաց՝ ես գոհ եմ իմ աշխատանքից, ես էլ միշտ իրեն խրախուսում էի, քանի որ իր նպատակները միշտ բարի էին, ասացի՝ շատ լավ ա, տղես, ինչ արել ես, ճիշտ ես արել, կարևորը՝ քո ուզածով է։ Նկարը վերնագրել էր՝ «Հիասթափություն»»։

Տանը՝ Նարեկի համար առանձնացված անկյունում՝ նրա իրերի կողքին, նաև պատերազմի դաշտից իր իսկ ձեռքերով հավաքած փամփուշտներն են, որ մարտական ընկերներն են փոխանցել տիկին Մարինեին։

«Նարեկը շատ էր սիրում կախազարդեր, սրանք հուշեր են, որ ուր էլ լինենք, միշտ մեզ հետ տանելու ենք․․․ և սա, որ ամենաթանկ իրն է մեզ համար, սա պատրաստել ենք մենք, մեր ձեռքերով, այս փամփուշտներն ինքը հավաքել է պատերազմի դաշտից հետագայում այսպիսի վզնոց ունենալու համար։ Պետք է ինքն իր ձեռքերով պատրաստեր, բայց դա արեցինք մենք, որպես հուշ պատերազմից ուզեցել է ունենա․․․»։

Ծառայակից ընկերների փոխանցած իրերի մեջ նաև Նարեկի զինվորական բանկային քարտն է եղել՝ վերջին ամսվա փոխանցված գումարով։ Հերոսի կրտսեր եղբայրը՝ Դավիթը,  այդ գումարով հիշատակ նվեր է գնել.

«Այս հրեշտակը Դավիթս է գնել Նարեկի զինվորական վերջին կրթաթոշակով, որ քարտի մեջ մնացել էր, ինձ նվեր է բերել․․․»։

Նարեկ Մանուկյանը հուղարկավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Նա հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս