Մեկ տարի առաջ ստորագրվեց երկրորդ եռակողմ հայտարարությունը. ինչ ունենք այսօր
Մեկ տարի առաջ՝ 2021-ի հունվարի 11-ին, Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում էր.
«Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 11 հունվարի 2021 թ․
Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին․
1. 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը:
2. Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
3. Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:
4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»:
Հայտարարությունը ստորագրելուց մեկ օր անց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը արձագանքել էր սրան՝ նշելով, որ Հայաստանն այդ հանդիպումից որևէ դրական արդյունք չստացավ, գերիների հարցում մնաց ձեռնունայն, իսկ Ադրբեջանը ևս մեկ անգամ վավերացրեց այն, ինչի համար եկել էր:
«Սա հերթական խայտառակ պարտությունն էր Հայաստանի համար: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանն արդեն իսկ ստացել էր ավելին, քան կարող էր երազել: Այդ հայտարարության որոշ կետերի կատարումն էլ այս ընթացքում խախտել էր իր օգտին՝ 1-ին կետ («…կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում») և 8-րդ կետ («…ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»): Այս ամենը՝ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ և անգործությամբ:
Հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևը վերահաստատեց և նոր հիմքերի վրա դրեց 9-րդ կետի իրականացումը («…տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև…»), որն Ադրբեջանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի:
Կասկածից դուրս է, որ Փաշինյանի վարչապետության պայմաններում այս կետի իրականացման հետագա բանակցությունների արդյունքները նույնպես լիովին բավարարելու են միայն Ադրբեջանին:
Ի՞նչ կարող էր ստանալ Հայաստանը հունվարի 11-ի հանդիպումից, որը չստացավ:
Պետք էր բարձրացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին վերաբերող հարցը, որը խախտվել է հօգուտ Ադրբեջանի և որը սպառնալիք է Սյունիքի համար:
Որևէ արձանագրում չեղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության լուծման և Արցախի կարգավիճակի վերաբերյալ, ինչը նույնպես մեծ պարտություն էր: Եվ, իհարկե, պետք է հստակ դրվեր և լուծվեր գերիների հարցը։
Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումն ու համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեցին մեր մոտեցումը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը»,- հայտարարել էր Մանուկյանը:
Եռակողմ երկրորդ հայտարարությունը ստորագրելուց 10 ամսի անց՝ 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը եռակողմ հերթական հանդիպման արդյունքներով ընդունեցին համատեղ երրորդ հայտարարությունը, որով անդրադարձել էին նաև նաև հունվարի 11-ի հայտարարության կատարմանը:
«Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։
Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»,- մասնավորապես նշվում էր Սոչիի հայտարարության մեջ:
Աշխատանքային խումբ, իհարկե, ստեղծվեց, բայց իրականությունը ցույց տվեց, որ ոչ Վազգեն Մանուկյանը, ոչ էլ Փաշինյանի մյուս ընդդիմախոսները չէին սխալվում՝ Փաշինյանը ստորադասել է հայկական շահերը, տարածքային կորուստների է հանգեցրել նրա այդ պարտվողական քաղաքականությունը, 41-45 քառակուսի կիլոմետր կորստի մասին անձամբ Փաշինյանն է հայտարարել:
Ավելին, Ադրբեջանը շարունակում է մաքսակետեր տեղադրել և ճանապարհային դժվարություններ ստեղծել հայկական կողմի համար, ինչին հայկական կողմը համարժեք ոչ մի պատասխան չի տալիս: Ադրբեջանը ակտիվորեն առաջ է տանում սահմանազատման գործընթացը, իսկ Փաշինյանի, ըստ էության, անգործությունը, որոշ դեպքերում հօգուտ Ադրբեջանի գործունեությունը նպաստում է, որպեսզի Իլհամ Ալիևը կյանքի կոչի իր ծրագրերը:
Չմոռանանք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի գրավոր համաձայնությամբ կորցրեցինք Գորիս-Դավիթ Բեկ 21 կիլոմետրանոց ճանապարհը: Ինչը, ի դեպ, այսօր հաստատել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Իսկ այսօր 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ու Նախիջանի միջև միջանցքների տրամադրման պահանջ է դրված հայկական կողմի առջև, որոնք «ըստ էության, թուրանական միջանցքներ են», և որ հայկական կողմը շատ արագ կատարելու է այն:
Այս համատեքստում Շահնազարյանը նշել է՝ ինչպես Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսային կետեր ունենք, այնպես էլ կունենանք Երևան-Գորիս ճանապարհին՝ Տիգրանաշենում, նաև Հյուսիսում՝ Ոսկեպարի շրջանում, այն մայրուղու վրա, որը կապում է Հայաստանն Ադրբեջանին:
«Սա, փաստորեն, արդեն հայտարարված է ՀՀ իշխանությունների կողմից»,- ընդգծել է Դավիթ Շահնազարյանը: