Վերաքննիչ դատարանը մերժել է ԿԳՄՍՆ-ի բողոքը. աշխատավարձը կբռնագանձվի հօգուտ թատրոնի տնօրենի ու աշխատակիցների
Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն ու աշխատակիցները հայց էին ներկայացրել դատարան, և 2021թ. հուլիսի 19-ին դատարանը բավարարել էր թատրոնի աշխատողների հայցն ընդդեմ Խորեոգրաֆիայի պետական թատրոն ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ համարելով, որ աշխատողները չեն կարողացել կատարել աշխատանքները ոչ իրենց մեղքով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պահանջը ներկայացվել էր ոչ միայն աշխատողների 2 տարվա չվճարված աշխատավարձերի բռնագանձման մասով, այլ նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով սկսած յուրաքանչյուր ամսվա չվճարված աշխատավարձի համար մինչև փաստացի վճարման օրը:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դատական ակտը բողոքարկվեց վերաքննիչ դատարան:
Փաստաբան Աշխեն Դաշյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Վերաքննիչ վարույթում գործի քննությունը կրկին լուծվել է հօգուտ աշխատողների և մերժվել նախարարության բողոքը:
Իր որոշմամբ Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ օրենսդիրը պարապուրդի առկայության դեպքում, երբ հիմնավորվում է աշխատողի պարապուրդի մատնված լինելու հանգամանքի մեջ մեղավորության բացակայությունը, գործատուի մեղավորությունը որևէ ձևով չի կարևորվում, քանի որ հակառակ դեպքում պաշտպանված չէր լինի աշխատողների՝ ոչ իրենց մեղքով առաջացած պարապուրդի դիմաց վարձատրություն ստանալու երաշխավորված իրավունքը:
Վերաքննիչ դատարանը հավելել է նաև, որ վիճելի իրավահարաբերության մեջ պարապուրդի առկայությունը ոչ աշխատողների մեղքով առաջացած լինելու փաստի առկայության պայմաններում գործատուի մեղքի առկայությունը որևէ էական նշանակություն ունենալ չի կարող, քանի որ իրավահարաբերությունը կարգավորող նյութաիրավական նորմի հիմքում Գործատուի մեղավորության առկայության կամ բացակայության հարցն առհասարակ չի կարևորվում, այլ կերպ ասած՝ նյութաիրավական նորմի կիրառման համար բավարար է միայն պարապուրդի առկայությունը և դրա ոչ աշխատողի մեղքով առաջացած լինելու հանգամանքը:
Ավելի վաղ Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանը հայց էր ներկայացրել դատարան՝ իրեն պաշտոնից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերադառնալու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով:
«Նախորդ դատական գործը լուծվել էր հօգուտ Գայանե Կարապետյանի, որի պարագայում նախարարությունը նրա պայմանագիրը չերկարաձգելու դեպքում օրենքով ոչ միայն պետք է հարկադիր պարապուրդ և փոխհատուցում տրամադրեր աշխատողին, այլև դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո կատարեր վերջնահաշվարկ, ինչը, սակայն, արդեն երկու տարի է՝ չի վճարվում, հերթական անգամ «պատժելով» թատրոնի նախկին տնօրենին:
Այս դատական գործով աշխատողների աշխատավարձերի բռնագանձման պահանջների հետ մեկտեղ՝ ներկայացրել էինք նաև պահանջ թատրոնի նախկին տնօրենի վերջնահաշվարկի և աշխատանքային օրենսգրքով սահմանված տուգանքի վճարման վերաբերյալ:
Նախորդ դատական գործով տիկին Կարապետյանը չէր կարող ներկայացնել այս պահանջը, քանի որ դեռևս բարձրացվում էր իր ազատման հրամանի վիճարկման հարցը: Սակայն, նկատի ունենալով, որ թատրոնի տնօրենների պայմանագրերը ժամկետով են լինում, և յուրաքանչյուր տարի այն կարող է երկարաձգվել միայն նախարարության համաձայնությամբ, ուստիև դատարանն անվավեր ճանաչելով ազատման հրամանը, պայմանագրի ժամկետի սպառման հիմքով տնօրենի պաշտոնում վերականգնելու անհնարինությունը հաշվի առնելով՝ գտավ, որ աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում պետք է տրամադրել, ինչը որ օրենքով նախատեսվում է նման իրավիճակներում, երբ պայմանագրի ազատման հրամանն անվավեր է ճանաչվում, սակայն գործի քննության ավարտմամբ արդեն սպառվում է աշխատանքային պայմանագրի ժամկետը, այս դեպքում օրենքով գործատուն պարտավորվում է վճարել փոխհատուցում:
Օրենքով նախորդ դատական ակտի կայացմամբ արդեն իսկ պետք է վճարվեր այդ վերջնահաշվարկը, բայց արդեն 2 տարի և ավելի այն չէր վճարվում: Ինչպես աշխատողների աշխատավարձը, դա նույնպես այս դատական գործով բավարարվեց»,- մանրամասնեց փաստաբանը:
Այդպիսով, «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ից հօգուտ Գայանե Կարապետյանի դատարանը որոշել է բռնագանձել 628572 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով՝ սկսած պայմանագրի լուծման օրվանից մինչև գումարի փաստացի վճարման օրը, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: Տույժերը շարունակվում են: Դատարանի վճռով ու վերաքննիչ դատարանի որոշմամբ վերջնական չեն ֆիքսվել գումարները, քանի որ այն ավելանում է օր օրի մինչև վճռի փաստացի կատարումը:
«Ու սա՝ պետության անհեռատեսության արդյունքում, երբ կարելի էր վարչական ռեսուրսների և պետական բյուջեի նվազագույն ծախսերով ավարտել դատական գործը և վճարել աշխատավարձերը, բայց որքան արհեստական բողոքներ են բերվում, այնքան և՛ դատարանի պետական տուրքերն են մեծանում, և՛ վճարման ենթակա աշխատավարձերի և տույժերի չափն է բարձրանում: Ընդ որում, այս գործերով միայն աշխատողներն են ազատված պետական տուրքի վճարումից դատարան ներկայացվող աշխատավարձերի բռնագանձման պահանջներով, իսկ գործատուները ազատված չեն: Նրանք պարտավորվում են վճարել պետական տուրք՝ բռնագանձվող ամբողջ գումարի՝ այդ թվում՝ տուժանքի 2 տոկոսի չափով՝ առաջին ատյանում, 3 տոկոսի չափով՝ վերաքննիչ ատյանում, իսկ նոր օրենքով պետական տուրքերն արդեն իսկ կրկնակի են դարձել»,- նշեց փաստաբանը: