Տպավորություն է, որ նոյեմբերին տնտեսության մեջ աշխարհացունց իրադարձություններ են եղել

Մի քանի ամիս անընդմեջ նվազելուց հետո, տպավորություն է,  թե տարեվերջին ընդառաջ՝ Հայաստանի տնտեսությունը հանկարծ սկսել է «վերելք ապրել»։

Կարծես նոյեմբերին տնտեսության մեջ աշխարհացունց իրադարձություններ են տեղի ունեցել։ Գրեթե բոլոր ոլորտներում նախորդ տարվա նոյեմբերի համեմատ պաշտոնական վիճակագրությունը երկնիշ աճեր է գրանցել. տնտեսական ակտիվությունն է երկնիշ ավելացել, արդյունաբերության մեջ է երկնիշ աճ գրանցվել, շինարարությունը, առևտուրն ու ծառայություններն են երկնիշ ավելացել, և այսպես շարունակ։

Թե ինչի՞ հաշվին են եղել այս աճերը, դեռ կանդրադառնանք։

Մինչ այդ ուղղակի նշենք, որ նոյեմբերին Հայաստանի տնտեսական կյանքում շատ բան չի փոխվել, հոկտեմբերի համեմատ տնտեսական իրավիճակը նույնիսկ վատացել է։ Նոյեմբերին 1,4 տոկոս ակտիվության անկում է գրանցվել հոկտեմբերի համեմատ։

Ու այդ պարագայում 2020թ․ նկատմամբ երկնիշ աճեր ենք ունեցել։

Պարզ է, որ այդ աճերն առաջին հերթին բազային էֆեկտի արդյունք են։

Հավանաբար շատերը կհիշեն, թե ինչպիսի իրավիճակ էր 2020թ․ նոյեմբերին Հայաստանի տնտեսության մեջ։ Ունեցանք երկնիշ անկում, ու դրա ֆոնին է այս տարվա աճը։

Թեև միայն այդ գործոնով դժվար է պայմանավորել այն, ինչ գրանցել է պաշտոնական վիճակագրությունը։ Տարեվերջին ընդառաջ, հավանաբար, տնտեսական իրավիճակն ավելի վառ գույներով ներկայացնելու խնդիր կա։

Չնայած անգամ այդ պարագայում տարեկան տնտեսական ցուցանիշները չեն փայլում իրենց բարձր ակտիվությամբ։ Մինչ բազմաթիվ երկրներ արդեն վաղուց դուրս են եկել 2020թ․ անկումից, մենք դեռ շարունակում ենք կրել ճգնաժամի հետևանքները։ Մեր տնտեսության աճն անհամեմատ ավելի ցածր է, քան 2020թ․ անկումն էր։

Պաշտոնական վիճակագրության հրապարակած օպերատիվ տվյալներով, տարեվերջից մեկ ամիս առաջ տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 5,2 տոկոս։ Ճիշտ այնքան, ինչքան ունեինք 7 ամիսների արդյունքում։

Սա նշանակում է, որ վերջին 4 ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշի որևէ բարելավում չենք ունեցել։ Այն, ինչպես 7 ամսում էր եղել 5,2 տոկոս, այդպես էլ մնացել է նաև 11 ամիսների արդյունքներով։

2020թ․ նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվության անկումը շատ ավելի մեծ էր, քան այս տարվա վերականգնումն է։

2020թ. 11 ամիսներին մեր տնտեսության մեջ գրանցվել էր ակտիվության 7,2 տոկոս նվազում։ Այդ բազայի վրա վերականգնումն այս տարի կազմել է 5,2 տոկոս։ Երկու տոկոսային կետով ցածր, քան 2020թ․ անկումը։ Այլ կերպ, մենք դեռևս չենք հասել անգամ 2019թ. մակարդակին։

Տասնմեկ ամիսների արդյունքներով՝ ունենք արդյունաբերության 2,7 տոկոս աճ։

Շինարարության ոլորտում աճը 6,9 տոկոս է։ Բայց որպեսզի պատկերացնեք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ աճը, նշենք, որ 2020թ․ նույն ժամանակ ունեինք շինարարության 11,2 տոկոս անկում։ Գրեթե կրկնակի ավելի շատ, քան այս տարվա աճն է։ Շինարարության մինչճգնաժամային մակարդակին հասնելուց դեռևս շատ հեռու ենք, չնայած որոշ պաշտոնյաներ ժամանակին խոսում էին Հայաստանի՝ մեծ շինհրապարակի վերածվելու մասին։

Աճի այն տեմպը, որն ունենք այս ոլորտում, ըստ էության, ևս մեկ տարի կպահանջի վերականգնվելու և 2019թ. մակարդակին հասնելու համար։

Ներքին առևտրի շրջանառությունն այս տարվա 11 ամսում աճել է 7,9 տոկոսով։ Աճը բարձր է եղել հատկապես նոյեմբերին՝ 15,7 տոկոս։ Երբ նայում ենք, թե ինչ էր տեղի ունենում 2020թ․ նոյեմբերին, պատկերը միանգամից պարզ է դառնում։

2020թ․ նոյեմբերին առևտրի շրջանառության անկումը եղել էր ուղիղ 22 տոկոս։ Այսպիսի անկումից հետո այս տարվա նոյեմբերին այն վերականգնվել է 15,7 տոկոսով։ Այսինքն՝ դեռևս վերականգնվելու բավական տեղ կա՝ մինչճգնաժամային մակարդակին հասնելու համար։

Այդ տարբերությունն ակնհայտ է ոչ միայն՝ նոյեմբերի, այլև՝ ամբողջ տարվա կտրվածքով. 2020թ․ 11 ամիսներին ունեինք առևտրի շրջանառության անկում 13,6 տոկոսով, 2021թ․ ունենք 7,9 տոկոս աճ։ Կրկին հեռու ենք լիարժեք վերականգնվելուց, ինչը, բնականաբար, ունի իր պատճառները։

Առևտրի շրջանառությունները չեն կարող ավելանալ այսպիսի բարձր գնաճի պայմաններում, երբ դրան համաչափ չեն աճում հասարակության հիմնական զանգվածների եկամուտները։ Խզումն այստեղ բավական խորացել է՝ պայմանավորված հատկապես առաջին անհրաժեշտության և լայն սպառման ապրանքների շատ ավելի բարձր գնաճով։

Նույն իրավիճակն է նաև ծառայությունների դեպքում։ Թեև ակնհայտ է, որ 2021թ․ ծառայությունների ոլորտում որոշ աշխուժություն կա՝ ի համեմատ 2020թ․։ Այդպիսին են միտումները, մասնավորապես, հանրային սննդի և զբոսաշրջության պարագայում։ Չնայած, իհարկե, նախկին մակարդակներին հասնելու մասին դեռևս խոսք չկա։

2021թ․ նոյեմբերին պաշտոնական վիճակագրությունը ծառայությունների գրեթե 17 տոկոս աճ է գրանցել մեկ տարի առաջվա նկատմամբ։ Բայց անգամ այդ պայմաններում այն հետ չի բերել 2020թ․ կորցրածը։ 2020թ․ նոյեմբերին ծառայությունների ճյուղում անկումը գրեթե 19 տոկոս էր։ Զարմանալի չէ, որ տարվա կտրվածքով ևս ծառայությունների աճն ավելի փոքր է, քան 2020թ․ անկումն էր։

11 ամիսների կտրվածքով՝ ծառայությունների ճյուղում գրանցվել է 7,3 տոկոս աճ, 2020թ․ անկումը 13,6 տոկոս էր՝ 6,3 տոկոսային կետով ավելի շատ, քան 2021թ․ աճն է։

Մնում է ամփոփել դեկտեմբերի ցուցանիշները, որպեսզի ամբողջանա 2021թ․ տնտեսական իրավիճակը։ Բայց դա կլինի արդեն 2022թ․ հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին։

Այդ ժամանակ հայտնի կդառնա, թե ինչքան է եղել 2021թ․ տնտեսական ակտիվության աճը։

11 ամսվա արդյունքը պաշտոնապես 5,2 տոկոս է, բայց դա դեռ նույնիսկ տնտեսական աճը չէ։ Տնտեսական աճը սովորաբար ավելի ցածր է լինում տնտեսական ակտիվության աճից։

Պարզ է, որ զարգացման այսպիսի տեմպերով մեզ ո՛չ բարձր տնտեսական աճ է սպասվում, ինչպես որոշ պաշտոնյաներ կանխատեսում էին 2021թ․ սկզբին, և ո՛չ էլ տնտեսության լիարժեք վերականգնում։

2022թ․ դեռ ստիպված կլինենք պայքարել կորցրածը հետ բերելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս