Պետության վրա նստած այդ ծանր բեռը․ պետական համակարգը համալրվել է նոր «շարիկ գլորողներով»
Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ խոստանալով թեթևացնել պետության ֆինանսական բեռը։ Բայց փաստացի հակառակն է անում՝ պետության բեռը գնալով ծանրանում է։
Խոսքն այս դեպքում ամենևին էլ պարտքերի ավելացման մասին չէ։ Չնայած այս ընթացքում պետական պարտքերը համալրվել են ևս մի քանի միլիարդ դոլարով և հիմա արդեն շարժվում են դեպի 10 միլիարդի շեմը։
Պետության բեռը ծանրացել է ոչ միայն պարտքերի, այլև պետության վրա նստած տարատեսակ կառույցների ու դրանցում զբաղվածների ավելացման հետևանքով։ Դրանք սնվում են պետական բյուջեից ու բավական լուրջ միջոցներ են տանում։
Մի կողմից՝ կառավարությունը փող չունի՝ դրսից պարտք է վերցնում ինչ-ինչ ծախսեր անելու համար, մյուս կողմից՝ ուռճացնում է պետական կառավարման համակարգը ու դրա վրա հսկայական միջոցներ ծախսում։
Ամենաթարմ տվյալներով, այսօր Հայաստանում կա պետության վրա նստած 4115 կառույց։ Վերջին 1 տարվա ընթացքում դրանց թիվն ավելացել է ևս 18-ով։
Եթե 2020թ․ սեպտեմբերին Հայաստանում կար 50-249 աշխատող ունեցող 805 պետական հիմնարկ, ապա 2021թ․ դրանց թիվը հասել է 820-ի։
Ավելացել է նաև այն պետական հիմնարկների քանակը, որոնք ունեն 250-ից ավելի աշխատող։
Վերջին տվյալներով, կա այդպիսի 99 կազմակերպություն, 4-ով ավելի, քան 2020թ․ էր։ Այդ կազմակերպություններում զբաղված են բավական մեծ թվով մարդիկ՝ ավելի քան 71 հազար։ Եվս 69,5 հազար մարդ զբաղված է 50-249 աշխատող ունեցող 820 պետական հիմնարկներում։
Երկու դեպքում էլ ունենք աշխատակազմերի համալրում, ընդհանուր առմամբ՝ 4353-ով։
Բայց հիմնական մասն ավելացել է այն պետական հիմնարկներում, որոնք ունեն 250-ից ավելի աշխատող։ Այդ կարգի պետական կառույցների աշխատակազմերը վերջին 1 տարում համալրվել են լրացուցիչ ևս 4 հազարից ավելի աշխատողներով։
Թեև պետական համակարգում գործող կառույցների հաշվին պետության բեռի ավելացումը միայն դրանով չի սահմանափակվել։ 2021թ․ ակնհայտ է պետական հատվածում զբաղվածների թվի անհասկանալի բարձր աճը։ Մեզ ժամանակին խոստացել էին կրճատել պետության վրա նստած «շարիկ գլորողների» քանակը, իսկ հիմա տեսնում ենք, որ հակառակն է եղել՝ պետական համակարգը մի բան էլ համալրվել է նոր «շարիկ գլորողներով»։
Ամենաթարմ տվյալներով, այդ հատվածում 2021թ․ սեպտեմբերի դրությամբ զբաղված է եղել ավելի քան 208,7 հազար մարդ։
Այսպիսի բարձր ցուցանիշ իշխանափոխությանը հաջորդած և ոչ մի տարում չի եղել։ Վատագույն ցուցանիշը, որն արձանագրվել էր, 2020թ․ էր՝ 203,3 հազար։
Դրա վրա 2021թ․ ունեցանք համալրում 5,4 հազար աշխատողով։ 2020թ․ էլ պետական համակարգում զբաղվածներն ավելացել էին գրեթե 4,4 հազարով։
Ստացվում է, որ 2 տարում այս իշխանությունները պետությանը ծանրաբեռնել են ևս 10 հազար նոր աշխատողներով։ Գուցե լավ է, որ զբաղվածների քանակն ավելացել է, մարդիկ աշխատանք և եկամուտ ստանալու հնարավորություն են ձեռք բերել, բայց ո՞ւմ հաշվին։
Հարց է նաև, թե դա ի՞նչ արդյունք է տվել։
Պետական հատվածում աշխատանքի բարելավում չի երևում։ Ընդհակառակը՝ բազմաթիվ կառույցներ մատնված են անգործության կամ չեն կարողանում կատարել այն դերը, ինչի համար ստեղծված են։ Ու այդքանից հետո ունենք պետության վրա նստածների քանակի այսպիսի ավելացում։
Նաև դրանց հաշվին է, որ ժամանակ առ ժամանակ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, թե տեղի է ունեցել հայտարարագրված աշխատատեղերի աճ։
Պետական հատվածում զբաղվածների այսպիսի քանակ նույնիսկ իշխանափոխությունից առաջ չէր եղել։
Դա, անշուշտ, ինքնանպատակ չէ՝ այն կարևոր լծակ է ոչ միայն յուրայիններին աշխատանքով ու եկամուտներով ապահովելու, այլև տարբեր խնդիրներ լուծելու համար։ Շատ հաճախ այդ միտումով էլ ավելանում են պետական հատվածի աշխատատեղերը։
Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ իշխանության չէր, լավ էլ տեսնում էր պետական համակարգի «թերությունները», խոստանում էր կրճատել ու օպտիմալացնել, թեթևացնել պետության բեռը, բայց այսօր ունենք համակարգ, որի ծանրությունը պետության վրա մի բան էլ ավելացել է ու շարունակում է ավելանալ։
Շատ վաղուց արդեն մոռացել են պետական կառավարման ապարատը ոչ միայն թեթևացնելու մասին, այլև պարբերաբար նոր կառույցներ են ստեղծում ու ավելացնում համակարգի աշխատողների քանակը։ Պետությունը փող չունի բազմաթիվ կարևոր խնդիրներ լուծելու համար, բայց միլիարդներ է ծախսում պետական հսկայական ապարատը պահելու վրա։
Պետական հատվածում զբաղված 208,7 հազար մարդու միայն մեկ ամսվա աշխատավարձը կազմում է ավելի քան 36 մլրդ դրամ։ Դժվար չէ հաշվել, թե ինչ կարժենա 1 տարվանը։ Ու դա դեռ այն ամբողջ ծախսը չէ, որը պետությունը կատարում է։
Ծախսերը շատ ավելին են, քան միայն աշխատավարձերն ու պարգևավճարներն են։ Որպես թարմ օրինակ՝ հիշենք թեկուզ Ազգային ժողովի նախագահի նոր ծառայողական մեքենան, որը պետության համար արժեցավ գրեթե 200 հազար դոլար։
Ժամանակին այդքան խոսում էին ծառայողական մեքենաների կրճատման մասին, պարզվում է՝ դրանց թիվը մի բան էլ ավելացել է։ 2017թ., ըստ պետական բյուջեի, պետական կառավարման ապարատում հաշվվում էր 915 ծառայողական ավտոմեքենա։ 2021թ. դրանց թիվը եղել է 923։ 2020թ. էլ նախատեսվում է ավելացնել ևս 10-ով և հասցնել 933-ի։
Այս ընթացքում, իհարկե, եղել են տարիներ, որ ծառայողական մեքենաների քանակը կրճատվել է։
Այդպես էր մասնավորապես իշխանափոխությանը հաջորդած առաջին տարում։
2019թ., նախորդի համեմատ, պետական կառավարման ապարատի ծառայողական մեքենաների քանակը նվազեց 68-ով։ Սակայն արդեն հաջորդ տարի՝ 2020թ․, այն շատ ավելի կտրուկ աճեց՝ 834-ից հասնելով 1082-ի։ Դրանից հետո էլի կրճատվեց, բայց վերջնական արդյունքում 4 տարվա կտրվածքով ունենք ծառայողական մեքենաների ավելացում. 2017թ. դրանց թիվը 915 էր, 2022թ. կդառնա 933։
Սրանք պետական կառավարման ապարատի, պետական ու համայնքային հիմնարկների պահպանման ծախսերի միայն մի մասն են։ Շատ ու շատ ծախսեր, որոնք իրականացվում են պետության հաշվին, մնում են ստվերում։
Դրանց բացահայտումն իշխանության շահերից չի բխում։ Պատահական չէ, որ «գերթափանցիկ» աշխատող իշխանությունը սկսել է հնարավորինս փակել տեղեկատվության այն աղբյուրները, որոնք կարող են ջրի երես հանել իրենց գայթակղությունները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ