Եկամուտների աճ չի նախատեսվում, իսկ ծախսերը կշարունակեն ավելանալ

Ոչ մի հույս չկա, որ այս տարի մարդիկ ավելի լավ են ապրելու, քան ապրում էին նախորդ տարի։ Անցած տարվա համատարած թանկացումներից հետո, կյանքի պայմանները Հայաստանում այս տարի ևս կշարունակեն վատանալ։

Դրա համար իշխանություններն արել են իրենցից կախված ամեն ինչ. մարդկանց իրական եկամուտները չեն ավելացրել, իսկ ծախսերն անընդհատ աճում են։ Խզումը եկամուտների ու ծախսերի միջև գնալով խորանում է։

Թանկացումների տեմպը 2022թ. գուցե կթուլանա՝ անցած տարվա բարձր գնաճի ֆոնին, բայց դրանից գները չեն իջնի։ Գները էլի կբարձրանան. կանխատեսվում է ևս 5-6 տոկոս գնաճ, ինչը ցածր եկամուտների պայմաններում խթանելու է սոցիալական իրավիճակի վատացումն ու աղքատության խորացումը։

Դեռ մինչև անցած տարվա համատարած թանկացումներն էլ Հայաստանի բնակչության գրեթե կեսն աղքատ էր։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է եղել անցած տարվա թանկացումներից հետո։ Ու դա շարունակելու է խորանալ նաև այս տարվա ընթացքում։

Եկամուտների ավելացում շատերին չի սպառնում։ Որոշ դեպքերում էլ այն լինելու է՝ ինչպես կաթիլը մեկ բաժակում։

Աշխատավարձերի բարձրացում պետական հատվածում այս տարի նախատեսված չէ։ Անցած տարի էլ չի եղել։ Խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների ու կառավարման ապարատի այն չինովնիկների մասին չէ, որոնց աշխատավարձերի բարձրացումները փոխարինվում են պարգևավճարներով։ Պետական համակարգում կան բազմաթիվ աշխատողներ, ովքեր ոչ միայն աշխատավարձի բարձրացումներ չեն ունեցել, այլև պարգևավճարներ չեն ստանում կամ շատ հազվադեպ են ստանում։

Այս մարդկանց կյանքի պայմանները վերջին տարիներին վատացել են, այս տարի ևս շարունակելու են վատանալ։ Նրանց մի մասը դարձել է աշխատող աղքատ՝ եկամուտների ու ծախսերի անհամաչափ ավելացման հետևանքով։

Եթե աշխատող քաղաքացիների կյանքն է վատանում, ինչ ասել նրանց մասին, ովքեր աշխատանք չունեն։ Իսկ այդպիսիք Հայաստանում քիչ չեն. աշխատունակ բնակչության գրեթե 18-20 տոկոսը գործազուրկ է։ Խոսքը ոչ թե տասնյակ, այլ հարյուր-հազարավոր մարդկանց մասին է։

Տարեսկզբից 1-2 հազար դրամով կբարձրանա նվազագույն կենսաթոշակն ու նպաստը, փոխարենը՝ անհամեմատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն կավելանա այս խմբերում ընդգրկված քաղաքացիների վրա՝ գնաճի ու բազմաթիվ այլ պարտադիր վճարումների տեսքով։

Կենսաթոշակների ու նպաստների այդ չնչին բարձրացումն էլ բոլորին չի վերաբերում՝ հազիվ նրանց 10-12 տոկոսին։ Մնացածը մնալու են եղածի հույսին։ Այն դեպքում, երբ կյանքը շարունակելու է թանկանալ։ Առավել մեծ տեմպերով են թանկանում հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները։ Անցած տարի սննդամթերքի գնաճը հասավ 16-17 տոկոսի։ Նույն քանակությամբ սնունդ գնելու համար մարդիկ ստիպված էին այդքանով ավելի շատ գումար վճարել, ու ոչ մի նշանակություն չուներ, որ միջին գնաճը 8-9 տոկոսի սահմաններում էր։

Այս տարվա սպասումը 5-6 տոկոս է, բայց կասկած չկա, որ, ինչպես միշտ, այն շատ ավելի բարձր է լինելու առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում։

Թանկացումները բազմաթիվ դեպքերում իսկապես փոխանցվում են դրսից, բայց շատ դեպքերում էլ թելադրված են ներսից։ Դրանք կապված են՝ ինչպես մրցակցային միջավայրի վատ պաշտպանության, արհեստական գնագոյացման երևույթների, հարկային բեռի ծանրացման, գյուղմթերքների արտադրության կրճատման ու շատ այլ գործոնների հետ։ Ով չգիտի, որ ներմուծման թանկացման դեպքում ներքին շուկան անմիջապես արձագանքում է գների բարձրացման տեսքով, իսկ իջնելու դեպքում գներն այլևս չեն իջնում, շարունակում են մնալ նույնքան բարձր, ինչպես մինչ այդ։

Սա ներքին շուկայի մրցակցային միջավայրի պաշտպանության խնդիր է, որն այդպես էլ չի հաջողվում կարգավորել։ Ու դրա հետևանքով տուժում են սպառողները։

Այս տարի, այլ գործոններից բացի, գնաճային ճնշումը կավելանա նաև հանրային ծառայությունների սակագների բարձրացման տեսքով։

Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից 20 դրամով կթանկանա ջուրը։ Փետրվարի 1-ից էլ կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը։ Հոսանքի միջին սակագինը կավելանա 4,7 դրամով կամ ավելի քան 11 տոկոսով։ Էներգետիկ համակարգի վատ կառավարման պատճառով առաջացել են ֆինանսական խնդիրներ, որոնց հետևանքները կրելու են սպառողները։ Սակագները բարձրացնում են, որպեսզի տարեկան շուրջ 50 մլն դոլարի հավելյալ գումար հավաքեն ու փակեն համակարգի ճեղքերը։

Այդ գումարից շուրջ 32 մլն դոլարը կվճարեն միայն «Հրազդանի-5»-ի նկատմամբ ժամանակին իշխանությունների կողմից ստանձնած ու չկատարած պարտավորությունների դիմաց։ Ու այդպես՝ 10 տարի շարունակ։

Իսկ թե ո՞վ պիտի պատասխան տա այն թերացումների համար, որի հետևանքով ավելացել է սպառողների ֆինանսական բեռը, ոչ մեկի մտքով չի էլ անցնում։

11 տոկոսը բավական մեծ ճնշում է, որի ազդեցությունը կրելու են բոլորը։ Նույնիսկ նրանք, ում համար սակագնի բարձրացում չի նախատեսվում։ Վերջին տարիներին իշխանություններն այնպիսի սակագնային քաղաքականություն են որդեգրել հանրային ծառայությունների ոլորտում, որի հետևանքները բոլորն են զգում։ Արտաքուստ ցույց են տալիս, թե հիմնական բեռը դնում են տնտեսության վրա, բայց տուժողը, միևնույն է, քաղաքացին է լինում՝ ապրանքների գների բարձրացման տեսքով։

Նաև այսպիսի քաղաքականությունն է այն բարձր գնաճի պատճառը, որի հետ առերեսվում ենք վերջին տարիներին։

Էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելիս, այս անգամ էլ են գնացել նույն ճանապարհով։ Բնակչության նկատմամբ տարբերակված սակագներ կիրառելուց բացի, մեծացրել են սակագնային ճնշումը տնտեսության վրա, որը բերելու է գնաճի ակտիվացման։  Էներգակիրների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի սակագներից տնտեսության կախվածությունը բավական մեծ է, ու դրա թանկացումը չի կարող չազդել արտադրության ինքնարժեքների վրա։

Այդպիսի քաղաքականության հետևանքով տուժում է՝ ինչպես տնտեսությունը, այնպես էլ՝ սպառողը։ Չեն ավելանում մի կողմից՝ տնտեսության եկամուտները, ընկնում է մրցունակությունը, մյուս կողմից՝ աճում են սպառողների ծախսերը։ Մի բան, ինչին ականատես կլինենք նաև այս տարի։

Լավ ապրելու հասարակ քաղաքացու հույսերը, որոնք կապված էին իշխանափոխության հետ, կրկին հետաձգվում են։ Ու դեռ հայտնի չէ, թե ինչքան կհետաձգվեն։ Եկամուտները չեն աճում, իսկ ծախսերը կշարունակեն ավելանալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս