Նոր նշանակված մարդիկ ընդհանրապես կապ չեն ունեցել ո՛չ արխիվի, ո՛չ արխիվային գործի հետ. Ի՞նչ է կատարվում Ազգային արխիվում
Ազգային արխիվի երկարամյա աշխատակիցները շարունակում են դժգոհել նոր տնօրենի աշխատաոճից, վարվող քաղաքականությունից:
Աշխատակիցների պնդմամբ՝ թվարկված մի շարք խնդիրների թվում նաև արխիվի 3 մասնակիցների՝ տնօրենի մրցույթին մասնակցելու հանգամանքն է։
168.am-ի գրավոր հարցին՝ Ազգային արխիվի տնօրենի մրցույթին Ազգային արխիվի 3 մասնակիցների նկատմամբ որևէ ճնշում գործադրե՞լ եք և ինչո՞ւ, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը պատասխանել էր.
«Տնօրենի մրցույթին մասնակցած Ազգային արխիվի երեք աշխատակիցներից երկուսն այս պահին էլ աշխատում են Ազգային արխիվում, ընդ որում, իմ պաշտոնավարման ընթացքում նրանք ունեցել են որոշակի պաշտոնական առաջխաղացում: Տնօրենի մրցույթին մասնակցած բաժնի վարիչ Նարեկ Ղազարյանն այս ընթացքում աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ազգային արխիվի որևէ աշխատակցի նկատմամբ երբևէ ճնշումներ չեն գործադրվել»:
Մեզ հաջողվեց կապ հաստատել նախորդ տարի տնօրենի մրցույթին մասնակցած, այժմ գիտակազմակերպչական աշխատանքների համակարգող Գևորգ Կեսոյանի հետ:
Փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է ստացվել, որ քննությանը հավաքելով 100 միավոր՝ մրցույթում չի հաղթել, վերջինը պատասխանեց.
«Ես մրցույթը հաղթել եմ, ներկայիս տնօրենի հետ ընդհանուր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ինքը լինի տնօրեն, ես՝ փոխտնօրեն: Մրցույթը եղել է 2020թ. դեկտեմբերի 15-ին, նշանակումը՝ դեկտեմբերի 18-ին: Հիմա ես փոխտնօրեն չեմ, տնօրենը հրաժարվեց պայմանը կատարել: Սկզբից ասաց, որ մի 3 ամսից տեղակալ կնշանակի, դրա համար միջանկյալ հաստիք հատկացվեց: Չէի ուզում, հետո սխալվեցի, համաձայնեցի: Հետո հրաժարվեց նաև 3 ամիս անց տեղակալ նշանակելու մտքից: Հիմա գիտակազմակերպչական աշխատանքների համակարգող եմ, սակայն լիազորությունները նվազագույնի են հասցված, ուստի պայքար եմ սկսել, որի արդյունքները շուտով կերևան: Դիմել եմ վերադաս մարմիններին, կառավարությանը, իրավապահ մարմիններին»:
Հարցին, ինչո՞վ է խանգարում տնօրենին, Գևորգ Կեսոյանը պատասխանեց՝ չգիտի, քանի որ ամեն ինչ արել է, որպեսզի ներկայիս տնօրենն աշխատի, պահանջվածից ավելին աշխատել է:
Փորձեցինք պարզել՝ արդյո՞ք սխալ են կառավարում, կա՞ մասնագետների սխալ ընտրություն, մեր զրուցակիցը դրական արձագանքեց:
«Նոր նշանակված մարդիկ ընդհանրապես կապ չեն ունեցել ո՛չ արխիվի, ո՛չ արխիվային գործի հետ: Ազգային արխիվի նախկին տնօրենի՝ 2011 թվականի հրամանով պահանջվում էր բաժնի վարիչների, տեղակալի, մասնաճյուղի վարիչների, արխիվագետների պարտադիր հումանիտար կրթություն: Յուրաքանչյուրն ուներ ստաժի իր չափը՝ 5 տարի, 10 տարի և այլն: Հիմա ներկայիս տնօրենը մի քանի դեպքերում հրամանը չի պահպանել, հետո, երբ տեղեկացել է՝ փոխել, տվյալ կետերը հանել է, որ կարողանա կենսաքիմիկ կամ էլեկտրիկ-ինժեներ, տնտեսագետ նշանակի այդ պաշտոնում, ովքեր ոլորտի հետ կապ չունեն»,- մանրամասնեց Գևորգ Կեսոյանը: