Աղքատության ցուցանիշը նկատելիորեն գերազանցել է մինչև իշխանափոխությունը գրանցված մեծությունը. Վարդան Բոստանջյան

Այս շաբաթ խորհրդարանն ընդունեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը. հաջորդ տարվա պետբյուջեի եկամտային մասը կազմում է մոտ 1 տրիլիոն 947 միլիարդ դրամ, ծախսայինը՝ 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 236 միլիարդ 255 միլիոն դրամ։

Մասնագիտական տարբեր շրջանակներ նախագծի հանրայնացումից ի վեր՝ մեկ անգամ չէ, որ նշել են՝ Բյուջե 2022-ն անիրատեսական է, հաշվարկները՝ անհիմն:

168.amի հետ զրույցում անդրադառնալով այս  թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հիշեցրեց կառավարության բազմաթիվ անիրատեսական կանխատեսումները և, մասնավորապես, տնտեսական աճի մասին խոստումները՝ նկատելով, որ 2022 թվականի բյուջեն ևս կառուցված է նմանատիպ կանխատեսումների վրա:

Այս համատեքստում նա խոսեց նաև տնտեսական միտումների մասին՝ նկատելով, որ տնտեսության ծանր վիճակի մասին է փաստում պետական պարտքը. «Այն նախատեսվում է հաջորդ բյուջետային տարում ավելացնել ևս 1 միլիարդ դոլարով,  քանի որ 2022 թվականին 600 միլիոնից ավելի ուղղվելու է նախկինում կուտակված պարտքերի մայր գումարների վերադարձին, իսկ 450-ը՝ տոկոսների վճարմանը:

Բյուջեից նման ծախսերի կատարումը նշանակում է՝ կենսական, առաջնահերթ ու կարևոր բազմաթիվ ծախսերի բացառում կամ խիստ կրճատում:

Նոր պարտքերը հետապնդում են նախկին պարտքերը մարելու նպատակ, սակայն հայտնի է, որ արդյունավետ կառավարման պայմաններում պարտքն ուղղվում է տնտեսության կառուցվածքի արդիականացմանը, նոր տեխնոլոգիաների զարգացմանը… և ոչ թե սպասարկող բազմամիլիոնանոց մեքենաների ձեռքբերմանը, անիմաստ գործուղումների կազմակերպմանը, պարգևավճարների տրամադրմանը, առանձնասենյակների թանկարժեք կահավորմանը և պետության հաշվին այլ ճոխությունների իրականացմանը»:

Ըստ տնտեսագետի՝ այս ֆոնին առավել ցցուն է աղքատության ցուցանիշը:

Հիշեցնենք՝ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ 2020 թվականին աղքատության մակարդակը կազմել է 27 %: Նախորդ տարի այդ ցուցանիշը 26.4 % էր: Նույն ժամանակահատվածի համար աղքատության մակարդակը՝ ըստ աղքատության վերին գծի, 47.6 % է` նախորդող տարվա 43.8 %-ի փոխարեն, ծայրահեղ աղքատությունը՝ 0.7%՝ 1.4 %-ի փոխարեն, աղքատությունն ըստ ստորին գծի՝ 10.2 %՝ նախորդող 9.7%-ի պարագայում:

«Հատկանշական է այն, որ այդ ցուցանիշում աղքատների քանակը նկատելիորեն գերազանցել է մինչև իշխանափոխությունը գրանցված մեծությունը: Անհայտ է, որ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը և կենսաթոշակների չնչին ավելացումը ներկա բարձր գնաճի պայմաններում ունի զրոյական նշանակություն»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը:

Հիշեցնենք, որ աղքատության մակարդակը 2017 թվականին կազմել է 25.7 %, 2018 թվականին՝ 23.5 %:

Տեսանյութեր

Լրահոս