Իշխանությունը ձեռքերը լվացել է
Հետճգնաժամային իրավիճակում համաշխարհային տնտեսությունը հայտնվել է թանկացումների ալիքի տակ։ Բացառություն չէ նաև Հայաստանը։
Թվում է, թե ամեն ինչ օրինաչափ է. Հայաստանը չէր կարող խուսափել թանկացումներից։
Բայց կա նաև մեկ շատ կարևոր հանգամանք, որը Հայաստանում հաշվի չեն առնում։
Եթե այլ երկրներում բարձր գնաճն ուղեկցվում է մարդկանց եկամուտների ավելացմամբ, ապա Հայաստանում այդպես չէ։ Հայաստանում գները բարձրանում են, իսկ եկամուտները չեն ավելանում, կամ լավագույն դեպքում՝ շատ ավելի քիչ են ավելանում, քան գնաճն է։ Այստեղից էլ ի հայտ են գալիս այն խնդիրները, որոնք առկա են սոցիալական ոլորտում։
Բարձր գնաճն ու դրանց համարժեք եկամուտների չավելանալը տանում է հասարակության աղքատացման։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում։
Մարդիկ աղքատանում են, որովհետև գնաճին համարժեք փոխհատուցում չեն ստանում։
Որ դրսից թելադրված գնաճը կանխելու մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են, այդպես էլ կա։ Հիմնական գործիքը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, որով Կենտրոնական բանկը թանկացնում է փողը՝ փորձելով ինչ-որ չափով մեղմել գների բարձրացումը։ Բայց սա գործիք է, որը ազդում է ոչ թե կոնկրետ ապրանքի, այլ ապրանքային ընդհանուր շուկայի վրա։
Գնաճի վրա ազդող մյուս գործիքն էլ փոխարժեքն է։ Եթե գնաճին զուգահեռ՝ թուլանում է նաև ազգային արժույթը, թանկացումների տեմպն ավելի բարձր է լինում։
Այս 2 գործիքն էլ հիմա Հայաստանում գնաճի թուլացման օգտին են։ Փողը վերջին մեկ տարում թանկացել է 3 տոկոսային կետով։ Իսկ փոխարժեքներն իջել են նույնիսկ ավելի ցածր, քան գտնվում էին մինչև տնտեսական ճգնաժամը։
Բայց, ինչպես տեսնում ենք, 2 գործիքն էլ գնաճի վրա էական ազդեցություն չեն թողնում։ Ընդհակառակը՝ գնաճը գտնվում է բավական բարձր դիրքում։
Սա նշանակում է, որ սպառողների վրա թանկացումների ազդեցությունը թուլացնելու համար այլ միջոցներ է անհրաժեշտ կիրառել։ Հեծանիվ հորինել պետք չէ։ Վաղուց ամբողջ աշխարհը գտել է այդ խնդրի լուծման պարզ բանալին. պետք է ավելացնել մարդկանց եկամուտներն այնքան, որպեսզի ծածկի գնաճի ազդեցությունը։
Շատերն այդպես էլ վարվում են՝ ավելացնում են եկամուտները։ Իսկ Հայաստանում ընդամենը ձև են անում, թե ավելացնում են։
Արտաքուստ Հայաստանում ևս տեղի է ունեցել աշխատավարձերի բարձրացում կամ միջին աշխատավարձի աճ։ Ճիշտ է, ոչ այնքան, ինչքան գնաճն է։ Բայց նույնիսկ դա է խաբուսիկ։
Միջին աշխատավարձը պաշտոնապես այս տարի ավելացել է 6,7 տոկոսով։ Տարեկան գնաճը կամ սպառողական գների ինդեքսն այդ նույն ժամանակահատվածում կազմել է 6,9 տոկոս։ 0,2 տոկոսային կետով ավելի բարձր։
Գուցե տարբերությունը մեծ չէ, բայց խնդիրը դա չէ։ Աշխատավարձերի երևացող բարձրացումները շատ դեպքերում չեն բերում մարդկանց եկամուտների ավելացման, որովհետև գործ ունենք ոչ թե իրական, այլ վիճակագրական աճերի հետ։
Մեզ մոտ աշխատավարձերը միշտ էլ իրականից ցածր են ներկայացված եղել։ Մարդիկ ստացել են մի աշխատավարձ, հարկային մարմնին ներկայացվել է մեկ այլ աշխատավարձ։
Հիմա մեծամասամբ բարձրանում է հենց այն աշխատավարձը, որը ներկայացվում է հարկային մարմնին։ Իսկ փաստացի վճարվող աշխատավարձը հիմնականում մնում է նույնը։
Սրանից աշխատողների իրական եկամուտների աճ տեղի չի ունենում, թեև արձանագրում ենք հայտարարագրվող աշխատավարձերի բարձրացում։
Ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, այս խնդիրը Հայաստանում կա, ու էական չէ, որ մեզ մոտ ևս վիճակագրորեն ունենք աշխատավարձերի որոշակի բարձրացում։
Մյուս խնդիրն էլ այն է, որ Հայաստանում շատերը պարզապես դուրս են աշխատաշուկայից։ Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր չեն աշխատում, գործազուրկ են։
Վերջին տվյալներով՝ գործազուրկ է աշխատունակ բնակչության գրեթե 17-18 տոկոսը։ Խոսքը 235-240 հազար մարդու մասին է։ Նրանց եկամուտների վրա աշխատավարձի նույնիսկ ձևական բարձրացումները որևէ ազդեցություն չեն ունենում։ Փոխարենը՝ գնաճի ազդեցությունը միշտ կա ու կա։
Այս մարդիկ կրում են գնաճի ազդեցությունը ու հայտնվում սոցիալապես ավելի ծանր վիճակում։
Նույնը նաև բնակչության մեկ այլ՝ խոցելի խմբին է վերաբերում. Հայաստանում կա մի հսկայական զանգված, որը ո՛չ աշխատում է, և ո՛չ էլ գործազուրկ է։ Այդ մարդկանց եկամուտները կախված են պետությունից։ Բարձր գնաճի հետևանքով նրանք մեծ վնասներ են կրում, բայց եկամտային ավելացում չունեն։
Արդյունքում՝ ստիպված են համակերպվել եղածով, ինչն ավելի է ծանրացնում նրանց սոցիալական վիճակը։
Սրանք այն խմբերն են, որոնց վրա բարձր գնաճի հետևանքները մեղմելու հարցում պետք է աջակցի պետությունը՝ հանձին իշխանության։ Դրա համար կան տարբեր միջոցներ, ինչը կարող է լինել թե՛ եկամուտների ուղղակի ավելացման, և թե՛ ծախսերի թուլացման տեսքով։
Բայց ինչպես տեսնում ենք, չի արվում ինչպես մեկը, այնպես էլ՝ մյուսը։ Այս մարդկանց համար ցանկացած գնաճ արդեն վատ է։ Շատ ավելի վատ է, երբ գնաճը առաջին անհրաժեշտության ապրանքների ու հատկապես սննդամթերքի դեպքում է։
Սննդամթերքի թանկացումը մեկ տարվա կտրվածքով Հայաստանում հասել է 16 տոկոսի։ Փոխարենը՝ այդ ընթացքում սոցիալական հատվածում եկամուտների ոչ մի ավելացում և ծախսերի ոչ մի կրճատում տեղի չի ունեցել։
Այս մարդիկ դեռ չնչին սոցիալական ու այլ կարգի վճարներից օգտվում են, աշխատանք չունեցողները կամ գործազուրկները դրանից էլ են զրկված։
Միայն այս երկու խմբերը կազմում են բնակչության առնվազն 30-35 տոկոսը։
Սա է պատճառը, որ թանկացումների սոցիալական ազդեցությունը Հայաստանում անհամեմատ ավելի մեծ է, քան բազմաթիվ այլ երկրներում, որտեղ գնաճն ուղեկցվում է մարդկանց եկամուտների ավելացմամբ կամ ծախսերի կրճատմամբ։ Երբ չի լինում և՛ մեկը, և՛ մյուսը, բախվում ենք աղքատության խորացման սինդրոմի հետ։
Ճիշտ է, այս տարին արդեն ավարտվում է, և անիմաստ է այլևս ակնկալել քայլեր այս խմբերի մեջ մտնող մարդկանց սոցիալական վիճակի բարելավման առումով։ Բայց վատն այն է, որ դա հաջորդ տարի էլ չի սպասվում՝ չնայած թանկացումները շարունակվելու են։ Հաջորդ տարի էլ սպասվում է 5,5 տոկոս գնաճ՝ այս տարվա բարձր գնաճի բազայի վրա։
Այսինքն՝ այս տարի ինչքան գնաճ ունենք, դրա վրա հաջորդ տարի 5,5 տոկոս էլ ավելանալու է։
Սա էլ դեռ կանխատեսում է։ Այս տարի էլ 4 տոկոս էր կանխատեսվում՝ 1,5 տոկոս շեղումով։ Բայց տասներկուամսյա հատվածում ունենք 9 տոկոսին մոտ գնաճ՝ իր սոցիալական տխուր հետևանքներով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ