
Զապորոժիեի ուղղիչ գաղութին ռուսական ավիահարվածների հետևանքով 17 մարդ է զոհվել

Ռուսական ուժերը հուլիսի 28-ին, մոտավորապես ժամը 23:28-ին չորս կառավարվող ավիառումբերով հարված են հասցրել Բելենկովի ուղղիչ գաղութին, որի հետևանքով զոհվել է 17 մարդ, 42 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի Պետական քրեակատարողական ծառայությունը։
Գերատեսչությունը հայտնում է, որ հարձակման հետևանքով գաղութի շտաբը և կարանտինային գոտին «զգալիորեն վնասվել են», իսկ ճաշարանը՝ «լիովին ավերվել»:Ռուսաստանը չի մեկնաբանել Զապորոժիեի մոտակայքում գաղութին հարվածի մասին հաղորդագրությունները։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերը ռուսական կողմը 37 անօդաչու թռչող սարք և 2 բալիստիկ հրթիռ է արձակել երկրի վրա։ Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկոյե քաղաքում 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել։
Վիրավորներից մեկը հղի կին է։ Վնասվել են բուժհաստատություններ։ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 74 ԱԹՍ խոցելու մասին։
Ռոստովի մարզի Սալսկ քաղաքում 1 մարդ է զոհվել։ Երկաթուղային կայարանում հրդեհ է բռնկվել։ Գնացքների երթևեկությունը որոշ ժամանակով դադարեցվել է։ Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Բելգորոդի մարզում 1 մարդ է զոհվել, Կուրսկի մարզում 2 մարդ է վիրավորվել։