Բաժիններ՝

Եվրոպական մի շարք երկրներ պլանավորում են օդով մարդասիրական օգնություն հասցնել Գազա

Իսպանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն օգոստոսի 1-ին 12 տոննա պարենամթերք կտեղափոխեն Գազայի հատված: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի խոսքով՝ ինքնաթիռներն անկլավ կթռչեն Հորդանանի տարածքից։ 

«Գազայում սովն ամոթ է ամբողջ մարդկության համար, և դրա դադարեցումը, հետևաբար, բարոյական պարտականություն է», – նշել է նա։Բեռլինը նույնպես ցանկություն է հայտնել մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։ 

«Գերմանիայի կառավարությունը, Հորդանանի հետ համագործակցությամբ, անհապաղ կկազմակերպի մարդասիրական օգնության առաքումը Գազա օդային ճանապարհով», – Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքը մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները:

Նա նշել է, որ Գերմանիան այս հարցում կհամագործակցի նաև Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ։

Հուլիսի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շոտլանդիայում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ սարսափելի է համարել հումանիտար իրադրությունը Գազայում և հայտարարել, որ ԱՄՆ-ն կավելացնի օգնությունը։

Հորդանանի և ԱՄԷ-ի ինքնաթիռները հուլիսի 28-ին 17 տոննա մարդասիրական օգնություն պարաշյուտով նետել են Գազայի հատված։ Իսկ հուլիսի 27-ին Գազայի հատված է մտել մարդասիրական օգնությամբ բեռնված 180 բեռնատար։ 

Ինչպես հաղորդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, Իսրայելը կշարունակի համագործակցել միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ՝ ապահովելու մեծ ծավալներով մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված։

ՄԱԿ-ում հայտարարել են, որ պաղեստինյան անկլավ մտնող մարդասիրական օգնությունը «մեկ կաթիլ է օվկիանոսում»։ Գազայի հատվածում սովից և թերսնուցումից մահացածների թիվն արդեն մոտենում է 150-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս