Դպրոցների տնօրենները վճռական են տրամադրված. կլինեն գործադուլներ

Նոյեմբերի 17-ին 168.amգրել էր ներկայումս դպրոցների տնօրեններին հուզող մի շատ կարևոր խնդրի մասին:

Մեր խմբագրություն զանգահարած մի խումբ դպրոցների տնօրեններ բարձրաձայնում էին «ՀՀ Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագծի ու դրանում թաքնված ականների մասին:

Պարզվում է՝ իրավասու պետական մարմինը օրենքի նախագիծը դպրոցներ էր ուղարկել՝ որոշակի հատվածներ կրճատած-հանած տեսքով: Իսկ դա արվել է մեկ նպատակով՝ որպեսզի մարդիկ տեղյակ չլինեն, որ կարող են մնալ առանց աշխատանքի:

«Մեզ ուղարկել են առանց 4-րդ հոդվածի ՝ «Հաստատության կառավարման» մասին հոդվածների փոփոխության, որտեղ հսկայական փոփոխություն են նախատեսել։ Ամեն դպրոց ունենալու է կառավարող երկու ղեկավար՝ ուսումնադաստիարակչական մասի և վարչատնտեսական մասի։ Ավտոմատ կերպով փոխտնօրեններն ու տնտեսվարները դուրս կմնան աշխատանքից։ Եվ, ի վերջո, դա հսկայական բեռ է թեկուզ 2 ղեկավարի դեպքում: Ես նայեմ նկուղի խողովակնե՞րը, սանհանգույցի մաքրությո՞ւնը, ծախսե՞րը, թե՞ առաջադիմությունն ու որակը»,- ասել էին մեր զրուցակիցները:

Դպրոցների ղեկավարները վիրավորված էին, իրենց խաբված էին զգում: «Մեր վիրավորանքն այն է,  որ իրենք մեզ խաբել են, նախագիծը միտումնավոր թերի են ուղարկել։ Հարց՝ ինչո՞ւ են միայն այդ հոդվածը հանել և ուղարկել քննարկման»:

«Ճիշտ չեմ գտնում 2 տնօրենի հաստիքների առկայությունը մեկ դպրոցում։ Աշխարհում նման նախադեպ չկա, որ միևնույն ՊՈԱԿ-ում երկու ղեկավար լինի: Այստեղ շահերի բախում կա, կոլեկտիվներում պառակտում կսկսվի: Փաստորեն, ֆինանսական մասի ղեկավարը շատ ավելի քիչ կաշխատի, քան ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենը: Իրենք երևի չեն պատկերացնում աշխատանքի ծավալը»,- նկատել էր մեր զրուցակիցներից մեկը:

168.am-ի տեղեկություններով՝ տնօրենները վճռական են տրամադրված: Նրանք լիազոր մարմնին առաջարկների փաթեթ են ուղարկել, և եթե դրանք չբավարարվեն, կլինեն զանգվածային գործադուլներ:

Մեր ձեռքի տակ է հայտնվել ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և րացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի 12-րդ հոդվածի վերաբերյալ Երևանի հիմնական դպրոցների տնօրենների կողմից ներկայացված կարծիքների և առաջարկների փաթեթը:

Այն ներկայացնում ենք ստորև՝

«1.«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն նախագծին կից ներկայացվող հիմնավորման մեջ շարադրվում են կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը, կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը` հանրության համար կարգավորման կամ փոփոխման ենթակա խնդիրը ընկալելի դարձնելու համար: Մինչդեռ,  նախագծի 12-րդ հոդվածի հիմնավորման մեջ ներկայացված առկա իրավիճակը, այն է՝ «տնօրենը ավելի շատ աշխատանք է տանում վարչատնտեսական բաղադրիչում, և    ուսումնական մասը, որն ավելի ծավալուն է, իրականացնում է  մնացած ժամանակահատվածում։ Մյուս կողմից տնօրենը կրկնում է ուսումնական գծով և տնտեսական գծով աշխատակիցների աշխատանքը»  գործող տնօրենների  պնդմամբ՝ չի արտացոլում իրական պատկերը։ Դպրոցներում չեն իրականացվել խնդիրը բացահայտելու ուղղությամբ ուսումնասիրություններ և համապատասխան վերլուծություն։

Մասնավորապես՝ դպրոցի տնօրենները վերահսկում են, այլ ոչ թե կրկնում են (հիմք ընդունելով 2017 թ. հուլիսի 6-իN 801-Ն ՀՀ կառավարության որոշմամբ հասատատված  ՀՀ  պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության) ուսումնական և տնտեսական գծով տեղակալների աշխատանքը, ինչպես նաև պատասխանատվություն են կրում վերջիններիս կողմից իրենց գործառույթների արդյունավետ կատարման համար:  Համաձայն նախագծի, ուսումնական մասի տնօրենին են  վերապահվելու ներկայիս ուսումնական աշխատանքների գծով տեղակալի հիմնական  գործառույթները: Մինչդեռ նշված   տեղակալի  ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործառույթները դպրոցում ունեն առաջնային նշանակություն ուսումնադաստիարակչական գործառույթը  իրագործելու համար, ինչին նպաստում է նաև տնօրենի կողմից այդ գործառույթների նկատմամբ «երկրորդ աչքի» սկզբունքով վերահսկողությունը և վերջնարդյունքի համար պատասխանատվությունը։ Փոխանցելով նշված գործառույթները տնօրենին՝ կառաջանա մի իրավիճակ, երբ տվյալ գործառույթների և’ իրականացումը, և’ վերջնական որակի վերահսկումը կդրվի մեկ անձի վրա, ինչը  միանշանակ բացասական կանդրադառնա ուսումնադաստիարակչական գործառույթի որակի վրա։

Բացի դա, նախատեսելով ուսումնական մասի տնօրենի հաստիք՝ փաստացիորեն կատարվում է տնօրենի և տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի պարտականությունների միավորում: Դա կհանգեցնի տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի հաստիքի կրճատման և տնօրենին լրացուցիչ աշխատանքով ծանրաբեռնման, այլ ոչ թե բեռնաթափման: Ուստի, առաջարկվում է իրականացնել դպրոցների կառավարման ոլորտում ռեալ ուսումնասիրություններ՝ բացահայտելու համար այն խնդիրները, որոնց առնչվում են տնօրենները իրենց ֆունկցիոնալ պարտականություններն իրականացնելիս (հիմնականում՝ կադրային, թերֆինանսավորման և այլն):

Նախագծով առաջարկվող նոր կառավարման հայեցակարգի արդյունավետությունը հակասում է կորպորատիվ կառավարման ընդունված սկզբունքներին (գործադիր կոլեգիալ մարմինը իրենից ենթադրում է վերջնական որոշումների համատեղ ընդունում), և դրանով իսկ խիստ կասկածելի է՝ հաշվի առնելով մեր երկրի մենթալիտետային առանձնահատկությունները: Ուստի, կառավարման համակարգի ֆունդամենտալ փոփոխություն կատարելուց առաջ դրա արդյունքում հնարավոր անցանկալի հետևանքները կանխելու նպատակով անհրաժեշտ է նախ՝ իրականացնել իրական խնդիրների վերհանման համակարգային դիագնոստիկ աշխատանք և դրա արդյունքում մշակված օրենդրական փոփոխությունների պիլոտային փորձարկումը իրականացնել մեկ կամ մի քանի դպրոցներում:  Դրա արդյունքում կառավարման արդյունավետություն, ֆինանսական տնտեսում, ուսումնական որակի դրական դինամիկա կամ որևէ այլ դրական արդյունք փաստելուց հետո միայն իրականացնել նախատեսվող  օրենսդրական փոփոխությունները:

Համաձայն գործող, ինչպես նաև նախագծով առաջարկվող իրավական կարգավորման, տնօրենը ընտրվելիս կառավարման խորհրդին է ներկայացնում դպրոցի զարգացման ծրագիրը, որի անբաժանելի մասն է կազմում դպրոցի ֆինանսատնտեսական, նյութատեխնիկական զարգացումը, ինչը սերտորեն կապված է դպրոցում իրականացվող ուսումնադաստիարակչական գործընթացի հետ։ Բացի դա, ընտրվելու դեպքում տնօրենը խորհրդին պարբերաբար ներկայացնում է զարգացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման կատարողական, ինչը  վերջինիս գործունեության արդյունավետության գնահատման հիմնական գործիքներից է։ Մինչդեռ  առաջարկվող փոփոխության արդյունքում դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության համար պատասխանատու է լինելու վարչական մասի ղեկավարը։

Նշվածի արդյունքում կստեղծվի իրավիճակ, որի պարագայում տնօրենը պատասխանատու է լինելու իր  իրավասություններից դուրս գտնվող գործառույթների իրագործման համար։ Միևնույն ժամանակ վարչական մասի ղեկավարը` չլինելով կառավարման խորհրդին հաշվետու անձ, պարտավորություն չի ունենա ներկայացնելու զարգացման ծրագրի կատարողականը: Նշված խնդիրը կառաջանա նաև յուրաքանչյուր ուսումնական  տարվա ավարտին դպրոցներում իրականացվող գործունեության ներքին գնահատման և դրա հաշվետվությունը խորհրդին ներկայացնելու ընթացքում։

Ավելորդ չէ նաև նշել, որ զարգացման ծրագիրն ինքնին դինամիկ փաստաթուղթ է, և չի բացառվում, որ կարող են առաջ գալ էական հանգամանքներ, որոնք զարգացման ծրագրի մասնակի վերանայման անհրաժեշտություն կառաջացնեն: Գործող կառավարման մոդելով այդ փոփոխությունները հնարավոր է անել՝ կառավարման խորհրդի և լիազոր մարմնի հետ կոնսուլտացիաների և համաձայնեցման միջոցով, ինչը առաջարկվող նոր մոդելի պարագայում դարձյալ առաջ է բերելու կառավարման ճգնաժամ:

Ամենակարևոր կոնցեպտուալ  հակասությունը, որը պարունակում է կառավարման մոդելի փոփոխության նախագիծը, կայանում է նրանում, որ դպրոցի գրեթե բոլոր ծախսերը բխում են ուսումնական բովանդակությունից: Կրթական միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների մեջ ներդրումներ  անելու,  նյութեր, սարքավորումներ ձեռք բերելու անհրաժեշտության հիմնավորումը տեղի  է ունենում մասնակցային քննարկման փուլում, երբ ուսուցիչները, մ/մ նախագահները, ուսումնական և տնտեսական գծով փոխտնօրենները տնօրենին առաջարկներ են ներկայացնում  ուսումնական միջավայրի  և ուսումնական գործընթացների արդյունավետության բարելավման  և ներդրումների վերաբերյալ: Տնօրենի տնտեսական գծով տեղակալը, հաշվապահն ու գնումների պատասխանատուն դրանց  հիման վրա կազմում են բյուջե, որը անցնում է քննարկման տարբեր փուլեր՝ սկսած կոլեգիալ կառավարման մարմնից՝ կառավարման խորհրդից, մինչև քաղաքապետարանի ֆինանսական բաժին:

Ուստի, ամենաարդյունավետը գործող մոդելն է, համաձայն որի՝ ուսումնադաստիարակչական և տնտեսական մասով համակարգող պաշտոնյան մեկն է՝ տնօրենը: Նաև պետք է հաշվի առնել այն փաստը, որ տարեկան բյուջեն կարծր փաստաթուղթ չէ. կառավարման ընթացքում ի հայտ են գալիս տարատեսակ խնդիրներ, որոնք հրատապ որոշում կայացնելու անհրաժեշտություն են առաջացնում: Լինում են դեպքեր, երբ տնօրենը ստիպված է լինում հոդվածից հոդված որոշակի փոփոխություններ կատարել, որոնք բխում են դպրոցի լավագույն շահից: Բնականաբար, շատ դեպքերում դրանք անմիջապես  շահերի բախում և կոնֆլիկտներ են առաջացնելու ուսումնական գծով տնօրենի և վարչա-տնտեսական ղեկավարի միջև՝ հանգեցնելով ներքին պառակտման և կոնֆլիկտների:

Անհրաժեշտ է նաև անդրադառնալ նախագծով առաջարկվող փոփոխության  տնտեսական արդյունավետության հաշվարկին: Եթե ավելի մանրամասն ուսումնասիրենք  դպրոցների բյուջեի կառուցվածքը, ապա կտեսնենք հետևյալ պատկերը. hիմնական ծախսային հոդվածը՝ 85-90%, աշխատավարձերն են ու դրանց հավասարեցված վճարները, կոմունալ ծախսերը` մոտ 3-7 %, պատվիրակված ծառայությունները՝ մոտ 1-2%, նյութերի ձեռքբերումը՝ մոտ 2%, կապիտալ ներդրումները՝ մոտ 3-6 %: Կապիտալ ներդրումները հանած՝ մնացածը հաստատուն ծախսեր են, որոնց իրականացումը որևէ ջանք և ժամանակ չի պահանջում տնօրենից: Իսկ կապիտալ ծախսերի համար մնացած գումարը ամենամեծ դպրոցների դեպքում անգամ չի գերազանցում 15-20 միլիոն դրամը:

Ավելորդ է հիշատակել, որ բազմաթիվ են այն դպրոցներ, որտեղ մնացորդ գրեթե չի մնում կապիտալ ծախսերի համար: Ուստի, խիստ անարդյունավետ ենք համարում պետական բյուջեի հաշվին բացել լրացուցիչ ղեկավարի հաստիք այդ չնչին գումարները կառավարելու համար, առավել ևս, որ վերջին տարիներին չի  բարձրացվել ուսուցչի և վարչական աշխատողների աշխատավարձերը: Դա անհարկի լարվածություն է ստեղծելու առանց այդ էլ  տուրբուլենտ վիճակում գտնվում ոլորտում: Իսկ եթե այս հաստիքը ավելացվի տնտեսական և ուսումնական գծով տնօրենի տեղակալների հաշվին, ապա դա անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել: Ի դեպ,  հարկ ենք համարում շեշտել, որ դպրոցի տնտեսական գծով տեղակալը, ելնելով տարիներ շարունակ ձևավորված ներքին մշակույթից,  որպես կանոն,  ներգրավվում է  թե՛ բանվորի, թե՛ վերանորոգող վարպետի, հնոցապանի և բազմաթիվ այլ առօրյա գործառույթների մեջ՝ ի շահ իր կրթօջախի,  ինչը զերծ է պահում դպրոցը հավելյալ  ծախսերից: Խիստ կասկածելի է, որ բարձրագույն կրթություն և կառավարման ոլորտում աշխատանքային փորձ ունեցող անձը կիրականացնի  վերը նշված աշխատանքները:

Առաջարկվող փոփոխությամբ  խաթարվում է  նաև ժողովրդավար կառավարման սկզբունքը: Վերջին տարիներին շատ է խոսվում դպրոցին կառավարման լայն լիազորությունների տրամադրման մասին, սակայն տարեցտարի դրանք ավելի ու ավելի սահմանափակվում են: Վերջերս ընդունված նոր չափորոշչի  համաձայն՝ դպրոցին տրվում է  դպրոցական բաղադրիչի տնօրինման մեծ լիազորություններ, ինչպես նաև կոմպետենցիաների վրա հիմնված կրթակարգին անցնելու համար խնդիր է դրվում հարմարեցնել դպրոցի ֆիզիկական և կրթական միջավայրը նոր չափորոշչային պահանջներին, որոնք տնօրենից պահանջում են որոշումների կայացման ազատություն և ճկունություն: Միևնույն ժամանակ սույն նախագծով փորձ է արվում վարչա-տնտեսական կառավարման գործընթացի ղեկավարումը դարձնել կենտրոնացված, ինչը գրեթե նույնությամբ հիշեցնում է սովետական դպրոցի մոդելը: Բնականաբար, այդ մոդելով երբեք հնարավոր չի լինելու իրականացնել ճկուն և դինամիկ կառավարում՝ այն էլ այսչափ արագ փոփոխվող կրթական միջավայրում, երբ կրթական կարիքները և մոտեցումները տարեցտարի փոխվում են ու պահանջում  ճկուն և արագ լուծումներ կառավարման մեջ:

Սա էական հետընթաց է, որի հետևանքը լինելու է այն, որ ուսումնական գծով տնօրենը մոտիվացիա չի ունենալու բարելավել միջավայրը և կրթության որակը, և կարգի համաձայն՝ 3 տարին մեկ դպրոցը հայտնվելու է կառավարման տուրբուլենտության մեջ՝ նաև հաշվի առնելով տնօրենների  ատեստավորման ժամկետները, որոնք դարձյալ վերանայման կարիք ունեն:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարելի է եզրահանգել, որ նախագծի 12-րդ հոդվածի ընդունման դեպքում բարձր է լինելու հավանականությունը դպրոցներում կառավարման ճգնաժամի` պայմանավորված հետևյալ ռիսկերի առաջացմամբ.

  • Տեղեկատվության անբավարարության ռիսկ. դպրոցի ֆինանսատնտեսական կառավարումը իրականացնելու համար վարչական մասի ղեկավարին անհրաժեշտ է տեղեկատվություն, որին տիրապետում է ուսումնական մասով տնօրենը: Այս պարագայում ստեղծվելու է իրավիճակ, երբ փոխանցվող տեղեկատվությունը կարող է լինել ոչ ամբողջական և ժամանակավրեպ:
  • Միջանձնային փոխհարաբերությունների ռիսկ. կառավարման ոլորտը երկու անձին վերապահելու արդյունքում կառավարման արդյունավետությունը կախման մեջ է դրվում այդ երկու անձերի բարյացակամ և կառուցողականությանը միտված հարաբերությունների ձևավորումից, ինչը խիստ անցանկալի է:
  • Տնօրենի հեղինակության նվազեցման և համապատասխանաբար պարտականությունների ոչ լիարժեք իրականացման հնարավորության ռիսկ. դպրոցի գործունեության արդյունավետությունը հիմնականում պայմանավորված է իրականացվող ուսումնադաստիարակչական գործառույթով, որի միակ և վերջնական պատասխանատուն հաստատության տնօրենն է: Իրագործելու համար այն լայնամասշտաբ գործառույթները, որոնք ՀՀ օրենսդրությամբ վերապահված են տնօրենին, վերջինիս անհրաժեշտ է ունենալ հեղինակություն: Սակայն վերջին ժամանակաշրջանում տնօրենների լիազորությունները՝ կապված միանձնյա որոշումներ կայացնելու հետ, խիստ սահմանափակված են (կադրերի ընտրություն, աշխատակիցների պարգևատրում, կապիտալ ծախսեր և այլն): Ֆինանսատնտեսական որոշումներ կայացնելու արդեն իսկ խիստ սահմանափակ գործառույթը ևս տնօրենից վերցնելու դեպքում կառաջանա որպես ղեկավար անձ հեղինակության ձեռքբերման հնարավորությունների էլ ավելի սահմանափակում: Նշվածը հնարավորություն չի տա լիարժեք իրագործել այդ թվում նախագծով վերապահված պարտականությունները  և կրել դրանց արդյունավետ իրագործման համար պատասխանատվություն:
  • Որոշումների չհամաձայնեցման ռիսկ. կառավարման համակարգի փոփոխման արդյունքում դժվարացվում է որոշումների կայացման գործընթացը: Հաճախ են առաջանալու իրավիճակներ, երբ ուսումնական տնօրենը և վարչական ղեկավարը չեն կարողանալու գալ վերջնական համաձայնության դպրոցին անհրաժեշտ ֆինանսկան ծախսերի իրականացման հետ կապված: Նշվածը ևս առաջացնելու է կառավարման ճգնաժամ:

  • Վերահսկողության և վերջնական պատասխանատուի չնույնականացման ռիսկ: Դպրոցի ուսումնադաստիարակչական գործունեության արդյունավետ իրականացումը սերտորեն պայմանավորված է ֆինանսատնտեսական գործունեությամբ: Սխալ որոշումների, օրենսդրական խախտումների և կառավարման արդյունքում առաջացած այլ անցանկալի հետևանքների պատասխանատուին գրեթե անհնար է լինելու նույնականացնել: Մասնավորապես,  ուսումնական գծով տեղակալը իր գործունեության անարդյունավետությունը կամ թույլ տված օրենսդրության պահանջի ոչ պատշաճ կատարումը և/կամ խախտումը կարող է պայմանավորել վարչական ղեկավարի սխալ որոշումների կայացմամբ և հակառակը: Նշվածը վերադաս մարմնի համար դժվար կամ անհնարին է դարձնելու վերջնական պատասխանատուների և մեղավորների նույնականացումը և վերջիններիս պատասխանատվության ենթարկելու վարչարարությունը:

Ելնելով վերոնշյալից՝ առաջարկում ենք առաջիկա մեկ տարվա ընթացքում իրականացնել տնօրենների և տնտեսական գծով տեղակալների ֆինանսական գրագիտության և ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված կարողությունների զարգացման տարբեր ծրագրեր, որից հետո տնօրենների անմիջական մասնակցությամբ իրականացնել դպրոցի իրական խնդիրների վերհանման գործընթաց և համատեղ քննարկել դրանց՝ օրենսդրական նախաձեռնության վերածելու նպատակահարմարությունը»:

Տեսանյութեր

Լրահոս