«Հայ ժողովուրդն այսօր կանգնած է ոչնչանալու վտանգի առջև. բոլորս պետք է ոտքի կանգնենք». Աննա Մայիլյան

«Ինձ համար ավելի մեծ հարված, քան պատերազմը տանուլ տալը, չի կարող լինել: Ավելի մեծ հարված, քան հայրենիքի այսպիսի վիճակը, չի կարող լինել: Արդար է, երբ պատերազմը չհաղթանակած կառավարությունը զիջում է մեկ այլ կազմի, որը կարող է թարմություն բերել, գոնե սփոփանքի մի նշույլ բերել ժողովրդին: Այս նախկին-ներկա կռիվը հիվանդագին և սխալ է, երևի թե մինչև վերջ չենք գիտակցում՝ ինչ խնդրի առջև ենք կանգնած. Սա մեզ հետ է կատարվում, և այս հիվանդության դեմը պետք է առնել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աննա Մայիլյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե իր համար իր վարչապետության տարիներին ամենածանր հարվածը եղել է այն, երբ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից ազատել է, ու Հայաստանում վիրտուալ բունտ է եղել դրա դեմ։

Նրա խոսքով՝ ամբողջ պատմության ընթացքում մեզ փրկել է մեր բարձրարժեք մշակույթը. «Մենք դա չենք գիտակցում: 30 տարվա իմ գործունեության ընթացքում ես միշտ դեմ եմ խոսել անորակ երաժշտությանը, որը մեզ հեռու է տանում մեր արմատներից: Ուղղակի չեն հասկացել՝ ինչի հետ գործ ունեն: Սա տարիներով մեզ հեռացրել է մեր արմատներից: Մշակույթը ռազմավարական ոլորտ է. եթե մենք բանի տեղ չենք դնում մեր մշակույթին, թշնամին գալիս՝ վերցնում է: Մշակույթը վերցրեց՝ հանգիստ կարող է վերցնել այն ամենը, ինչ ուզի»:

Աննա Մայիլյանի կարծիքով՝ հիմա մշակույթի գործիչները պետք է շատ խոսեն: Նա այն կարծիքին չէ, որ մտավորականների խոսքը արժեզրկվել է. «Այսօր մենք ունենք չափից դուրս վտանգավոր վիճակ, և լուռ մնալը սխալ է, մտավորականության խոսքն այսօր շատ կարևոր է: Քաղաքականությունը գալիս է դեպի մեզ, մենք չենք կարող զերծ մնալ, հնարավոր չէ: Խոսքը հայրենիքի մասին է, ոչ թե քաղաքականության: Պետք է կարևոր մի բան հասկանանք՝ եթե այսօր ոտքի ենք կանգնում, չենք կանգնում ինչ-որ մեկի դեմ, այլ՝ հայրենիքի համար: Միանշանակ պետք է ոտքի կանգնենք՝ ի պաշտպանություն մեր հայրենիքի, մեր ազգայինի, մեր մշակույթի, մեր Արցախի: Կներեք, մենք հիմա ամբողջովին մերկ ենք: Ի՞նչ է նշանակում՝ առանց կրակոցի հետ քաշվել, դիրքը հանձնել, մի՞թե չի կարելի ամրացնել մեր դիրքերը»:

Ինչ վերաբերում է գործող իշխանությունների խաղաղության օրակարգին, նա նշեց, որ թուրքն այն ազգը չէ, որի հետ կարելի է խաղաղության հասնել. «Նա կարող է գլխիդ տակ փափուկ բարձ դնել և հաջորդ օրը նորից կազմակերպել ցեղասպանություն: Արյուն տեսնելու, գրավելու բնավորությունը իրենց մեջ կա: Իրենց կյանքի նպատակն է գրավելը»:

Փաշինյանը ասուլիսի ժամանակ վերահաստատեց, որ ուզում են հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ. «Թուրք ասելով՝ մեզ չեն կանգնեցնի, որովհետև նրանք, ովքեր այդ բառապաշարը մտցրել են մեր լեզվամտածողության մեջ, նրանք ուզում են, որ հայ ժողովուրդը և Հայաստանը միշտ մնան մատաղացուի կարգավիճակում»: Աննա Մայիլյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում՝ Փաշինյանը տեղյակ չէ՞, թե ինչ պատմական անցքերի պատճառով է այդ լեզվամտածողությունը առաջացել, թե՞ արդեն Ցեղասպանությունից էլ են հրաժարվում:

«Ես զարմանում եմ՝ արդեն որերորդ ելույթում է մոտավորապես նույնն ասում: Իմ ընտանիքի օրինակով խոսեմ՝ կարինցի մեծ հայրս և վանեցի տատս Ցեղասպանությունից մազապուրծ եղած երեխաներ են եղել, և պապիկիս աչքի առաջ են եղել այդ դրվագները: Նա երբեք չի ժպտացել: Իմ հոր կողմի ծնողները կովկասյան թաթարների կողմից ևս մեկ ցեղասպանությունից փախել են Իջևան: Սա միայն իմ ընտանիքի պատմությունն է, բայց ամբողջ ազգը ունի նման պատմություններ, և գենետիկորեն փոխանցված այս հիշողությունը հնարավոր չէ կտրել: Կարող է ինչ-որ մի խումբ կա, որոնց ընտանիքներին դա չի դիպչել, հանգիստ են, բայց եթե հաշտվեք այդ գաղափարի հետ, և վաղը իսկապես ձեզ հետ նույնը տեղի ունենա, այդ բեռը ամբողջովին ընկնելու է ձեր և ձեր զավակների վրա: Չեմ կարծում, թե պետք է նման խաղաղասիրության լոզունգներով շարժվենք: Մինչև թուրք ազգը չընդունի Ցեղասպանության իրենց մեղավորությունը, ինչպես դա արեց Գերմանիան, մինչև ներողություն չխնդրի հայ ժողովրդից և չվերադարձնի գողոնը, ոչ մի խաղաղություն հնարավոր չէ, դա բացառվում է»,- ի պատասխան՝ ասաց նա:

Նա հավելեց. «Հայ ժողովուրդն այսօր կանգնած է ոչնչանալու վտանգի առաջ, և բոլորս պետք է ոտքի կանգնենք, պետք է թույլ չտանք, որպեսզի թշնամին ոգևորված շարունակի իր նվաճողական քաղաքականությունը, և ոչ ոք դեմը չառնի: Մեր մշակութային, ոգեղեն վերելքը այս պահին շատ կարևոր է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս