«Եթե հաշվի առնենք այն ամբողջ փաթեթը, որն ունեցել ենք Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ, ակնկալիքներ չունեմ, որ որևէ բան կարող է լինել ի նպաստ Հայաստանի». Ադրբեջանի հարցերով փորձագետ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատել է, որ Հայաստանը կմասնակցի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթաժողովին:

Նշենք, որ ԵՄ-ն հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում։

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները՝ բարգավաճ և կայուն Հարավային Կովկաս ունենալու համար, որին աջակցում է ԵՄ-ն։

Հեռախոսազրույցների ընթացքում Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են նաև ստեղծել ուղիղ կապ` պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Ի՞նչ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից և առհասարակ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ստեղծվելիք ուղիղ կապից։

168.amի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն անդրադառնալով այս հարցերին` նախ նշեց, որ ադրբեջանական կողմը նշում է, որ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն է առաջինը խոսել հանդիպման համար։

«2018 թվականից մինչև պատերազմի սկիզբը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ինչ ուզում, այն էլ բանակցում է, իշխանության կողմից կար բանակցությունների ձևաչափի և առհասարակ արտաքին քաղաքականության մասով «լոպազանալու» պահվածք։ Այդ ամենի արդյունքում փաստացի ստացանք պատերազմ, որտեղ Հայաստանը պարտություն կրեց։ Հաշվի առնելով այն դառը փորձը, խիստ կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյանն առհասարակ ունակ կլինի Ալիևի հետ խոսել առնվազն հավասարը հավասարի հետ, առավել ևս, երբ Ալիևն արտաքին քաղաքականությունում ունի փորձ։ Ես ավելի շատ կասեի, որ այս հանդիպումն ի վնաս Հայաստանի է, քան Արցախի հարցով որոշակի դրական փուլի հասնելու հանդիպում։ Եթե հաշվի առնենք այն ամբողջ փաթեթը, որն ունեցել ենք Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ, ակնկալիքներ չունեմ, որ որևէ բան կարող է լինել ի նպաստ Հայաստանի»,- նշեց Գառնիկ Դավթյանը։

Ըստ նրա, Ադրբեջանը հստակ պատկերացում ունի, թե ինչ պահանջներով է նստելու բանակցությունների սեղանի շուրջ, նա ունի «կարմիր գծեր», և առաջինը սահմանազատման ու սահմանագծման հարցն է և ամենակարևորը՝ «խաղաղության պայմանագրի» կնքումը և Մինսկի խմբի ձևաչափի կազմաքանդումը։

«Կասկածներ ունեմ, որ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել Ռուսաստանի, Իրանի և մնացած խաղացողների հետ և իքս ժամանակահատվածում դրանք չի կատարել, մտավախություն կա, որ այստեղ կլինեն այլ պայմանավորվածություններ, և ռեալիզացնելու առումով չի հասնելու իրենց վերջնակետին»,- հավելեց փորձագետը։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ստեղծվելիք ուղիղ կապին, Գառնիկ Դավթյանը նկատեց՝ այսօր ՀՀ պաշտպանության նախարար է մի անձ, որը բանակից և զինվորականությունից կիլոմետրերով հեռու է։ Գործարկել ուղիղ կապ և այն վստահել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ վկայում է մեկ բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը նախկին նախարար Արշակ Կարապետյանին հեռացրեց պաշտոնից հենց Պապիկյանի պատճառով, քանի որ քայլականների շրջանում Փաշինյանի վստահված անձանցից մեկը Սուրեն Պապիկյանն է։

«Այսինքն՝ կարիք կար, որ օպերատիվ կապի կամ առանձին հանձնաժողովների ղեկավարումն անձամբ ստանձնի Նիկոլ Փաշինյանի վստահելի անձը։ Նիկոլ Փաշինյանի օրոք օպերատիվ կապն ինձ համար բազմաթիվ հարցերով լի է, որովհետև այդ օպերատիվ կապը մեզ համար լավ հնարավորություն կլիներ, եթե, օրինակ, Ադրբեջանը ներխուժած չլիներ ՀՀ տարածք, գերիներին վերադարձներ, ձգտեր Հայաստանի հետ իրական խաղաղության, բայց այս բոլոր ուղղություններով Ադրբեջանը տանում է տոտալ հակահայկական քաղաքականություն։

Ենթադրում եմ, որ սա ներքին պայմանավորվածությունների և ինչ-որ նոր զիջումներ անելու նոր ֆորմատ է, որ ամեն ինչ կարող են անել առանց աղմուկի։

Մի կողմից՝ Զաքիր Հասանովն է, որը Ադրբեջանում տարիներ շարունակ Պաշտպանության նախարար է և լավ գիտի, թե ինչ է կատարվում ռազմական քաղաքականությունում, մյուս կողմից՝ Սուրեն Պապիկյանն է, որին եթե տանենք պալիգոն, 200 մետրից չի կարողանա խոցել խոցման կետը։ Ես չեմ պատկերացնում, թե այս երկու անձանց միջև ինչպես պետք է գործի օպերատիվ կապը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե հայկական կողմը դելիմիտացիան և դեմարկացիան իրականացնելու է զրո կետից, Գառնիկ Դավթյանն ընդգծեց՝ զրոյական կետ ասելով՝ հասկանում է, որ ՀՀ այն տարածքները, որտեղ այս պահին ներխուժել է ադրբեջանական զինուժը, նրանք մնալու են։

«Այնտեղ, որտեղ զորքերը կանգնած են, այդտեղով է անցնելու սահմանագծումը։ Ես չեմ սպասում, որ ադրբեջանական կողմը հետ կքաշվի իր զբաղեցրած դիրքերից ու այն բարձունքներից, որոնք այս պահին զբաղեցնում է»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։

Տեսանյութեր

Լրահոս