«Ոչ ոք չի կարող հստակ իմանալ, թե ինչ կա Նիկոլ Փաշինյանի մտքին, և ում հետ է նա համակարգում իր գործողությունները». Տրոֆիմչուկ

168.am-ի զրուցակիցն է միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը:

– Դուք հետևում եք ռեգիոնում տիրող իրավիճակին և գիտեք՝ նոյեմբերի 16-ին տեղային ծանր մարտեր բռնկվեցին հայ-ադրբեջանական սահմանին, երկու կողմն էլ կորուստներ ունի: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա:

– Հայկական կողմը նախկինի նման կարծում է, որ կրակահերթերը սկսել է ադրբեջանական կողմը: Ադրբեջանն իրավիճակն այլ կերպ է տեսնում, ուղիղ հակադիր լույսի ներքո: Այսինքն, կողմերի նման արձագանքում չկա որևէ սենսացիա, այսպես էր մշտապես նաև նախկինում: Բայց եթե նախկինում ամեն ինչում կարելի էր մեղադրել վերահսկման գործում գլխավոր պատասխանատուին՝ ԵԱՀԿ ՄԽ-ին, ապա ներկայումս իրադարձությունների որակման ողջ բեռը, ցավոք, ավտոմատ կերպով ընկնում է ռուս խաղաղապահների և ընդհանուր առմամբ Մոսկվայի վրա:

Մոսկվան, բնականաբար, չի կարող մեղադրել ոչ մեկ, ոչ մյուս կողմին, ուստի հետզհետե նմանվում է ԵԱՀԿ ՄԽ-ին: Եվ հենց այդ հիմնավորմամբ նրան խաղաղապահության 5-ամյա ժամկետի ավարտից հետո կարող են ներկայացվել լուրջ դժգոհություններ: Նույնը եղավ նաև ԵԱՀԿ ՄԽ-ի հետ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա նա աշխատում է բացարձակապես նույն սխեմայով, նույն ոճով, պրակտիկորեն նույն ոգով, ինչ նախկինում, այստեղ էլ սենսացիաներ չկան: Ադրբեջանի գրպանում «նոյեմբերյան» եռակողմ հայտարարություններն են, որոնցում հստակորեն ասվում է տարածաշրջանային կապուղիների բացման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ երկրի երկու հատվածները միմյանց կապող: Եթե հայկական կողմն ունի դժգոհություններ Իրանի սահմանի երկայնքով անցնող Զանգեզուրի միջանցքի երթուղու հարցում, ապա, լավ, այդ դեպքում Ադրբեջանը կարող է այն ճեղքել Սյունիքի ուղիղ կենտրոնից:

Գլխավորը, ինչպես արդեն ասացի, այն է, որ ադրբեջանական կողմը կարծում է՝ դրա համար ունի լիարժեք օրինական իրավունք: Առավել ևս, որ Մոսկվայից դժգոհություններ առանձնապես չեն լսվում: Եվ եթե չհաջողվի միջանցք դնել խաղաղ ճանապարհով, այդ դեպքում ստիպված կլինեն դա անել տեղային ռազմական բախումների ճանապարհով, հատկապես, երբ սահմանների հստակ ոչ մի քարտեզ դեռ չկա:

– Հայաստանում ակտիվորեն քննարկվում է հետևյալ հարցը՝ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ, ՌԴ ռազմավարական գործընկեր, ավելին՝ ՌԴ-ն հետպատերազմյան եռակողմ հայտարարությունների ու հրադադարի երաշխավորն է, ՀՀ-ում կա ռուսական ռազմաբազա, Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահ կոնտինգենտ, իսկ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, Ռուսաստանը նույնիսկ հասցեական որևէ հայտարարություն չի անում, չի աջակցում Հայաստանին և նույնիսկ չի փորձում «ֆեյս սեյվինգ» ապահովել Հայաստանի հասարակության համար, ոչ՝ իշխանության: Եթե մենք նախկինում դա տեսնում էինք Ղարաբաղյան գոտում, ինչ-որ կերպ հասկանում էինք, կար հստակ պատճառաբանություն, սակայն այստեղ խոսքը ՀՀ սուվերեն տարածքի մասին է: Ինչպե՞ս հասկանալ այս իրավիճակը:

– Սա արդեն հարց է ինքնին ՀԱՊԿ-ի մասով: Այն պահը, երբ խնդիրը կարելի էր դասել մաքուր ղարաբաղյան իրադարձությունների շարքին, որոնք ՌԴ պատասխանատվության գոտում չեն, վաղուց անցել է: Եվ ներկայումս խոսքը «Փաշինյանի խելագարության» մասին չէ, ումից իբրև թե նախկինի նման «ինչ-որ մեկը ցանկանում է վրեժ լուծել», այլ մեր ընդհանուր տարածությունում գլխավոր ռազմաքաղաքական կազմակերպության հեղինակության ու իմիջի մասին է: Սրանք անհամեմատելի մեծություններ են, և բոլոր սահմանները վաղուց հատվել են: Եվ եթե ՀԱՊԿ-ի ներսում, բացի մի շարք ռազմական չինովնիկներից, կա թեկուզ մեկ քաղաքական գործիչ, նա դա հստակորեն պետք է հասկանա:

Այս իրավիճակում հակացուցված է խնդիրը վերագրել նրան, որ, իբրև թե, պաշտոնական գրություն Երևանից Գլխավոր շտաբ չի եղել, որն էլ իր հերթին, այսպես ասած, չի համապատասխանում ՀԱՊԿ-ի շտաբի գեղագրության ու ուղղագրության կանոններին: Սա ճիշտ պարզագույն, գունավորված խոշորացույցով դաշտային հեռադիտակի օրինակն է, ինչպես 100 տարի առաջ Քաղաքացիական պատերազմի շրջանում, որով նայում էին, թե ինչ է կատարվում «Հարավային ճակատում»: Այո, ցավոք, Ռուսաստանը հիմա ավելի ու ավելի շատ ապագա ճակատների սաղմեր ունի, այդ թվում՝ «բելառուսականը»։ Եվ սա Հայաստանի խնդրի հետ համեմատելի չէ:

Այնուամենայնիվ հայերի փոխարեն՝ ես չէի շտապի մեղադրել Ռուսաստանին «դավաճանության», «թուրքերի հետ դավադրության» և նման այլ երևույթների մեջ: ՌԴ խնդիրները շատ ավելի խորն ու բարդ են, դրանք գալիս են ամենաքիչը 2014 թվականից, և պետք չէ, որ Հայաստանն արագացնի դրանց ընթացքը:

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների քայլերը: Դրանք համաձայնեցված են Մոսկվայի՞, թե՞ Արևմուտքի հետ:

– Հայաստանի իշխանություններն ընդհանուր առմամբ անէության մեջ են գտնվում՝ չիմանալով՝ կոնկրետ ինչ անել։ Եվ հատկապես՝ կարելի՞ է արդյոք խփել Ադրբեջանի ուղղությամբ՝ նույնիսկ կուրորեն, իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով: Երևանն ակնհայտորեն վախենում է նման բան անել նույնիսկ առանց Ռուսաստանի հետ որևէ կապի, և մյուս կողմում դա հիանալիորեն զգում են:

Այլ հարց է՝ դա ինքնին Նիկոլ Փաշինյանի գործողությունների ռազմավարությո՞ւնն է, թե՞ ոչ: Ոչ ոք չի կարող հստակ իմանալ, թե ինչ կա նրա մտքին, և ում հետ է նա համակարգում իր գործողություններն իրականում և ոչ ֆորմալ, ինչպես Մոսկվայի հետ:

Միգուցե այս չլուծված խնդրի, ռազմական գաղտնիքի օգուտը հենց ամբողջ Հարավային Կովկասն ամբողջությամբ ոչնչացնելն ու ապակայունացնելն է։ Եվ եթե դա այդպես է, ապա կարելի է փաստել՝ նայելով ռեգիոնին՝ այո, դա հաջողվում է, հենց դա էլ ամենալավն է ստացվում: Իսկ եթե հաջողվի ներքաշել պատերազմում Ռուսաստանին, ապա դա կլինի ընդհանրապես «լավ»: Այս ֆոնին որևէ տարբերություն չկա, թե ով, օրինակ, կղեկավարի ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ թող այնտեղ նախարարները փոխվեն թեկուզ ամեն օր: Չէ՞ որ նման շարունակական ռոտացիան հիանալիորեն ազդում է համընդհանուր քաոսի հաստատման վրա։

Արևմուտքը՝ ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ն, պարզապես կողքից հետևում են տեղի ունեցողին: Պատերազմը, նրանց տեսանկյունից, լավ ու երկարատև է բռնկված, ուստի պարտերից հետևելը դեռ ամենալավ արձագանքն է: Իսկ երբ կարիք լինի, նրանք ամեն բան կուղղեն, կողքից ծուռ վառելափայտ գցելով և ցանկացած պահի պաշտոնական Երևանի հետ ուղիղ հարաբերությունների մեջ կմտնեն:

Տեսանյութեր

Լրահոս