«Հայաստանը տարածաշրջանում կշիռ ուներ ոչ թե Երևանով, այլ Սյունիքով ու Արցախով». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս ամբողջ ընթացքում մենք բարձրաձայնել ենք, զգուշացրել այն մասին, որ կապիտուլ յացիոն ակտը ստորագրած դավադիրը չի կարող արժանապատիվ կառավարել երկիրը: Նաև զգուշացրել էինք, որ իրենց կողմից տարվող քաղաքական ուղղությունը ՀՀ-ի վերջնական կապիտուլ յացիային է հանգեցնելու: Այն, ինչ կատարվում է այս օրերին, հենց նշվածի հետևանքն է: «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի դիտարկումն է, որի հետ զրույցում անդրադարձել ենք թշնամու ագրեսիային, ունեցած նոր մարդկային ու տարածքային կորուստներին, ՀՀ-ում կառավարման խնդիրներին:
«Եթե թուրքին հզոր զգալու առիթ ես տալիս, ինքը իր վաղեմի երազանքներն իրականացնելու համար մինչև վերջ է գալու: Եթե շարունակենք տրվել ՀՀ այսօրվա իշխանազավթների մանիպուլ յացիաներին, մենք, ցավոք, նման իրավիճակներ դեռ շատ ենք ունենալու: Ներքին պառակտումներով, նաև միջազգային գործընկերների հետ շանտաժային սրիկա քաղաքականությամբ մեր երկրին կործանման հասցրին: Այս մարդիկ պետական ինստիտուտներում նշանակումներ անելով՝ վարկաբեկում են դրանք: Այդ նշանակումներով ևս ոչնչացնում են պետական ինստիտուտները: Թեպետ, ի սկզբանե, երբ դարձավ վարչապետ, իր տեսակով փչացրեց ու աղավաղեց առաջին հերթին վարչապետի ինստիտուտը: Այդ վարչապետը այդպես էլ չսիրեց հայ ժողովրդին, շանտաժի լեզվով է խոսում ժողովրդի հետ, նաև միջազգային գործընկերների հետ: Մենակ թուրքերի հետ խոսելուց է ասում՝ «պատրաստ ենք խաղաղության, մարդասիրության»:
Ինչևէ: Կարծում եք՝ անսկզբունքային, անհայրենիք, անողնաշար տեսակներին նշանակելով՝ նոր փոփոխություններ ենք ունենալո՞ւ ռազմական ոլորտում: Թուրքը վախենալո՞ւ է նրանցից, որոնց ճանաչում է 3 տարի և այսքան ժամանակ իրենց գոյությունից ոգևորվելով է առաջ գալիս: Սրանք թուրքի հետ սիլիբիլի անողներ են, թուրքի երազանքներն իրականացնողներ են: Մեր պետությանը հասցրին աղետի, երբ կա մի իրականություն, ուր թուրքն արդեն հոխորտում ու ասում է՝ «մեքենաներով հասնելու ենք Երևան»: Ժողովուրդը պետք է հասկանա, որ օրհասական խնդրի առաջ ենք: Մենք կրկնում ենք 100 տարի առաջվա մեր սխալները՝ այս անգամ ենթարկվելով մանիպուլ յացիաներին ու նոր տեխնոլոգիաներին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Գևորգյանը:
Նրա խոսքով, այսօր արդեն վտանգված Սյունիքը մեր օդն ու ջուրն է, մեր դռան բանալին:
«Արցախի հարցը հանեց, հիմա Սյունիքն է տալիս, բայց չէ՞ որ Հայաստանը Հարավկովկասյան տարածաշրջանում կշիռ ուներ ոչ թե Երևանով, այլ Սյունիքով ու Արցախով: Եվ հենց երկու կշիռներն է տալիս թուրքերին: Մինչև 2018 թվականը գործընթացները բերում էին Արցախի միջազգային ճանաչմանը, ինչի արդյունքում երկու հայկական պետություններով Հարավկովկասյան տարածաշրջանում դոմինանտ կդառնար հայկական գործոնը: Նիկոլը մեր ձեռքից Արցախի 75 տոկոսը դավադրաբար հանձնեց:
Հիմա արդեն Սյունիքի՝ լինի միջանցք, թե ճանապարհ, նաև Տավուշի «անկլավների» մասին են ասում: Մեր երկիրը վերջնական պառակտելուց հետո Նիկոլը տարածաշրջան է բերում թուրքական գործոնը, ըստ որի, դոմինանտ կարող են դառնալ թուրքական երկու պետությունները: Նիկոլը մնացել է իշխանության, որ այս գործընթացը հանկարծ չփոխվի, նա այդ գործընթացի երաշխավորն է: Նիկոլի հեռացման անհրաժեշտությունը նաև հենց այս հանգամանքից է բխում: Այս տեսանկյունից ոչ թե Ղարաբաղյան հակամարտության, ինչպես անում է Նիկոլը, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն առաջ մղելն է կարևոր»,-ասաց նա՝ շեշտելով, որ նշվածը կարող են անել միայն ազգային ուժերը, որոնք կգան իշխանության:
«Ցեղասպան պետությունները նույն քաղաքականությունն են շարունակում, մենք իրենց ոչ մի տեղով ճանապարհ չունենք տալու: Եթե ժողովուրդը, ազգն ուզում է ապրի, ուրեմն պետք է պայքարենք թե՛ մեր հողի համար, թե՛ այս դավադիր սրիկաներին հեռացնելու համար: Հակառակ պարագայում դավադիրները կհասնեն իրենց նպատակներին՝ կրկին առաջնորդվելով վերոնշյալ շանտաժով: Իր համար կարևորն իր աթոռն է: Սրանք մինչև հիմա անգամ տեղյակ չեն իրավական հնարավորություններից, միջպետական փաստաթղթերից:
Պետության ներկայացուցիչը չի կարող հեռուստաընկերությամբ իր խոսքն ուղղել դաշնակից երկրին ու ասել՝ «եթե չես օգնում, ուրեմն մեկ ուրիշ օգնողի եմ ման գալիս»:
Քարե դարո՞ւմ ենք: Էս ի՞նչ եք անում, իրավական փաստաթղթեր կա՞ն, թե՞ ոչ, այդ ո՞նց եք ուզում երկիր կառուցել, միջազգային գործընկերներ ձեռք բերել: Դուք ո՞նց կարող եք պետությունների հետ իրավական տեսանկյունից խոսել, երբ իրավական ոչինչ չեք անում: Հո «բոշի մայլա» չէ, էս ի՞նչ եք անում երկիրը»,-ընդգծեց Գ. Գևորգյանը:
Վերջում նա շեշտեց, որ, անկախ ամեն ինչից, նախ՝ պետք է կանգնել հայ զինվորի, բանակի կողքին. «Երկրորդ՝ հարկավոր է սրանց դուրս շպրտել իշխանությունից»: