Անկախությունից ի վեր՝ նման ծանր ժամանակահատվածում չենք ապրել. Սուրեն Սարգսյան

«Մենք ապրում ենք մեր երկրի պատմության ամենաբարդ ժամանակահատվածներից մեկը. վստահաբար կարող ենք ասել, որ անկախությունից ի վեր՝ նման ծանր ժամանակահատվածում չենք ապրել»,- «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց». քննարկման ժամանակ նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Անդրադառնալով ներքին ու արտաքին մարտահրավերներին՝ միջազգայնագետն արձանագրեց, որ իրավիճակը բարդ է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում, որտեղ ականատեսն ենք գերտերությունների գլոբալ մրցավազքի:

«Ընդհանրապես, գլոբալ մրցավազքը, գլոբալ մրցակցությունը, ըստ էության, բավականին բարդ վիճակում է մեզ դնում՝ մանավանդ, եթե չունենք ադեկվատ և պրոֆեսիոնալ արտաքին քաղաքականություն, դիվանագիտություն,- հավելեց Սուրեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ մեր տարածաշրջանում բախվում են տասնյակ պետությունների շահեր, և, որ Արցախյան պատերազմի արդյունքները չեն գոհացրել ռեգիոնալ դերակատարներին,- Պետք է հաշվի առնենք, որ Արցախյան պատերազմի արդյունքներով որևէ մեկը բավարարված չէ. բավարարված չենք մենք, որովհետև կորցրել ենք, բավարարված չէ Ադրբեջանը, որովհետև չի կարողացել ամբողջությամբ վերցնել Արցախը՝ ինչպես և պլանավորում էր, բավարարված չէ ռուսական կողմը, որովհետև շատ ավելի մեծ տարածքի վրա պետք է կարողանար իր խաղաղապահ առաքելությունը տեղակայել, այդ թվում՝ խոսքը Հադրութի մասին է, բավարարված չէ նաև Իրանը, որովհետև մեծ սահման, որը Հայաստանի կամ Արցախի ՊԲ անվտանգության ապահովման ներքո էր գտնվում, հիմա դարձել է Ադրբեջանի հետ սահման, ինչը Իրանի համար լուրջ խնդիրներ է ձևավորում, խնդիրներ է ձևավորում նաև Սյունիքի միջանցքը, ինչն Իրանի համար լուրջ գլխացավանք է (կարծում եմ՝ դրա ապացույցն այն է, որ իրանական բանակը դեռևս կանգնած է Ադրբեջանի Նախիջևանի հատվածի սահմանին):

Մենք տեսնում ենք, որ տաք պատերազմական գործողություններն ավարտվել են, բայց մեծ հաշվով այն գլոբալ մարտահրավերները, որոնք կան, դեռևս շարունակում են գոյություն ունենալ: Եվ ավարտելով պատերազմական գոծողությունների փուլը՝ հիմա ժամանակն է դիվանագիտությամբ ինչ-որ բան փորձել վերականգնել, բայց, ցավոք սրտի, այդ ունակությունը կարծեք թե մենք այս պահին չունենք:

Եթե նկատում էիք՝ վերջին տարիների ընթացքում սկզբում հետևողականորեն կազմաքանդվում էր բանակը, և հիմա, երբ բանակցությունների փուլն է գալիս, հետևողականորեն կազմաքանդվում է նաև ԱԳՆ-ն, որը դիվանագիտական աշխատանքի համար է պատասխանատու»:

Տեսանյութեր

Լրահոս