«Ես կպահանջեմ, որ Ազրբեջանը վերջ տա». ի՞նչ խոստումներ տվեց Հայաստանի կառավարությանն ամերիկացի Ուիլյամ Հասկելը
1919 թվականի օգոստոսի 21-ին ամերիկացի ռազմական, քաղաքական գործիչ, գնդապետ Ուիլյամ Հասկելը ժամանեց Երևան։ Մեր նախորդ հրապարակման մեջ արդեն իսկ մանրամասն ներկայացրել ենք, թե Երևանում ինչպե՞ս մարդիկ դիմավորեցին Հասկելին, և պետության կողմից ի՞նչ վերաբերմունքի արժանացավ նա։ Հայաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Հասկելը խոսեց այն մասին, թե ինչ ծրագրերով է եկել Հայաստան և ինչ է ցանկանում իրականացնել։
Արդեն իսկ օգոստոսի 22-ին Հասկելը ներկա գտնվեց Խորհրդարանի նիստին, որի ժամանակ ելույթ ունեցավ ճառով և մանրամասն ներկայացրեց այն բոլոր ծրագրերը, որոնց համար քաղաքական գործիչը ժամանել էր Հայաստան։ Հասկելը մասնավորապես անդրադարձավ հայկական հարցի լուծմանը և ընդգծեց ամերիկյան դիվանագիտության «ծանր շարժման» մասին և հավելեց, որ հաշտության պայմանագրի վավերացումից հետո կլուծվի Հայաստանի մանդատի հարցը։ Հասկելը կարևորեց նաև բանակի հարցը և նշեց, որ Հայաստանին պետք է զինված ուժ, որպեսզի կարողանա ապահովել հայ ժողովրդի գոյությունը։ Բանակի խնդրից հետո Հասկելը մանրամասն ներկայացրեց այլ ծրագրեր ևս, որոնք պետք է իրականացնի շատ կարճ ժամանակում.
«Երկրի պարենավորման, զինման, ելևմուտքի կարգավորման և այլ խնդիրների մասին ես արդեն կարգադրություններ արել եմ, սակայն, նայում եմ դրանց վրա, իբրև երկրորդական խնդիրներին։ Անկասկած է, որ Ազրբեջանի կառավարությունը խախտել է անգլիական իշխանությունից ստացած հրահանգները, և այդ խնդիրն է այս րոպեիս ինձ զբաղեցնում։ Ես մեկնում եմ Թիֆլիս և կպահանջեմ, որ Ազրբեջանը վերջ տա այդ բանին, հակառակ դեպքում Ազրբեջանի կառավարության անդամները կենթարկվեն անձնական պատասխանատվության։
Թիֆլիսում ես կհանդիպեմ զորավար Հարբորտին, որը Ֆրանսիայում գործող ամերիկյան բանակի սպայակույտի պետն է։ Ես նրա հետ պիտի խորհրդակցեմ այն հարցի մասին, թե ի՞նչ ձևով պետք է օգնել Հայաստանին։ Այս վայրկյանիս Փարիզից ճանապարհ են ընկել մի խումբ սպաներ, մասնագետներ` զինվորական և այլ ճյուղերի վերաբերմամբ։ Եթե տարածությունը խանգարի իմ հարաբերություններին Փարիզի հետ, ես ինքս անձամբ կմեկնեմ Սև ծովում գտնվող ամենաարագընթաց ականակիրով Մարսել-Փարիզ` զեկուցանելու համար Վեհաժողովին և խնդրելու Վեհաժողովից և ամերիկյան ժողովրդից շուտափույթ օգնություն հասցնել հայ ժողովրդին։ Միևնույն ժամանակ հայ ժողովրդի և կառավարության վերաբերմունքը դեպի իր հարևանները պետք է լինի բարյացակամ, որպեսզի հարևանները պարենավորման և այլ խնդիրներում դժվարություններ չհարուցանեն։ Ես միանգամայն կախված եմ ժողովրդի և կառավարության աջակցությունից։ Այժմ քաղաքական վեճերի ժամանակը չէ։ Պետք է մտածել ժողովրդի փրկության մասին։
Ո՛չ մի նշանակություն չպետք է տալ այն բանին, որ այս կամ այն երկիրը խլում է մյուսից մի քանի վերստ հողամաս։ Այդ հանգամանքը ոչ մի նշանակություն չի կարող ունենալ այս կամ այն երկրի սահմանները վերջնականապես որոշելու համար Փարիզում. ինչպես որ եղավ Բելգիայի և Ռումելիայի վերաբերմամբ։
Այսպիսով, հայ ժողովրդին մնում է սպասել դաշնակիցների օգնությանը։ Շնորհակալ եմ ինձ ցույց տված ջերմ ընդունելության համար և ցանկանում եմ ձեզ եռանդ և ոգևորություն»։ (Հատվածը վերցված է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից։ Երևան, 1993 թվական, էջ 322-323):
Իր երկար ճառում Հասկելն անդրադառնում է նաև Հայաստանում մնացած անգլիական զորքերին.
«Դրա համար ես Հայաստան գալուն իբրև պայման դրի առայժմ անգլիական զորքերի թողնելը Հայաստանում, մինչև որ մի երրորդ ուժ գա նրանց փոխարինելու։ Երբ ես Պոլսում լսեցի անգլիական զորքերի Կովկասից հեռանալու մասին` հեռագրով բողոքեցի Փարիզ Կլեմանսոյին և Վեհաժողովին այդ որոշման դեմ։ Այժմ այդ հարցը քննվում է Փարիզում, և ես հույս ունեմ, որ անգլիական զորքերը կմնան այստեղ։ Իսկ եթե նույնիսկ հեռանան էլ, մեր գործը պետք է լինի գտնել դրանց փոխարինող ուրիշ զորքեր»։ (Նույն տեղում` էջ 322)։
Հատկանշական է, որ հայ ժողովուրդն ու առաջին հերթին հանրապետության խորհրդարանի կազմը ոգևորված էր Հասկելի ելույթով և խոստումներով։ Հետագայում, սակայն, արդեն իսկ կտեսնենք, թե Հասկելն ի՞նչ է իրականացնում իր խոստումներից հետո։ Հասկելը Հայաստանի խորհրդարանին տալիս է ուրիշ խոստում, իսկ հետագայում իրականացնում լրիվ հակառակը։ Առաջիկա համարում արդեն իսկ մանրամասն կծանոթանանք, թե կառավարությանը խոստումներ տալուց հետո ինչպե՞ս գործի անցավ ամերիկացի քաղաքական-ռազմական գործիչը։
Զ. Շուշեցի