Նայում ենք, թե որ տնտեսություններում է ապահով, այնտեղից ենք ներկրում ճտերին. Թռչնաբույծների միության նախագահը՝ մոլեգնող թռչնագրիպի ու ձեռնարկած միջոցառումների մասին
Ֆրանսիայում բարձր մակարդակի վտանգ են հայտարարել թռչնագրիպի սպառնալիքի պատճառով: Հանրապետության գյուղատնտեսության և պարենավորման նախարար Ժուլիեն Դենորմանդին հայտարարել է սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին Եվրոպայում թռչնագրիպի արագ տարածման պատճառով:
Նոյեմբերի 5-ին այդ մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը: «Եվրոպայում թռչնագրիպի համաճարակի զարգացումն այժմ մեզ հարկադրում է բարձրացնելու վտանգի մակարդակը և ձեռնարկելու միջոցներ, որոնք անհրաժեշտ են մեր ճյուղի պաշտպանությունը երաշխավորելու համար»,- մեջբերված է հաղորդագրության մեջ Դենորմանդիի խոսքը:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ի ուրախություն բոլորիս, Հայաստանում թռչնագրիպի դեպք չկա գրանցված. 2021 թվականի սեպտեմբերի 1-ից կանխարգելման միջոցառումներ են ձեռնարկվել:
«Փորձագետներ արել են առաջարկություններ, միջոցառումներ ենք մշակել, ուղարկել ենք բոլորին, որ անցնեն փակ ցիկլի: Դրսից ստիպված ներկրում ենք ու աշխատում ենք այն տնտեսություններից ներկրել, որոնք որ լրիվ ապահով են: Ռուսաստանում մոտավորապես 18 ռեգիոն ապահով է, բայց վատն այն է, որ կրկնվում է այնտեղ թռչնագրիպը: Արևելքում է վիճակը շատ վատ, հիմա էլ Դանիայում, Հոլանդիայում կրկին բռնկում կա: Թռչնագրիպի վերջին դեպքը Ֆինլանդիայում էր հայտնաբերվել, որ երբեք այնտեղ չէր եղել: 10 ամիս է՝ Իրանից ոչինչ չենք բերում: Նայում ենք, թե որ տնտեսություններում է ապահով, այնտեղից ենք ներկրում, օրինակ, 1 օրական ճտերին: Եթե ճուտը մեզ մոտ է մեծանում, ուրեմն խուսափում ենք թռչնագրիպի ամենամեծ ազդեցությունից»,- ասաց Սերգեյ Ստեփանյանը:
Նրա փոխանցմամբ՝ նոյեմբերի 15-ից ՀՀ խոշոր տնտեսություններում բարձրանում է հավկիթի արտադրությունը, այսինքն, կապահովվի երկիրը, մնում է մտածել, որպեսզի Զատիկին ևս շուկան ապահովված լինի հավկիթով: