«Մենք էլ հես ա մեր մաքսակետը կդնենք» ձևակերպումով ՀՀ իշխանությունն աջակցում է, որպեսզի Ադրբեջանի պնդումները դառնան ավելի իրավաչափ. Արամ Օրբելյան

Այսօր կեսգիշերից՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանը սահմանային և մաքսային հսկողություն է իրականացնելու, այսինքն՝ տեղադրելու է մաքսակետ։ Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անմիջապես հավելելով, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր է ձեռնարկելու։

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում թշնամու կողմից Հայաստանի տարածքի բռնազավթման վերաբերյալ շատ հանգիստ տոնով հայտարարեց, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում։ Ավելին՝ նա քաղաքացիներին խորհուրդ տվեց երթևեկել Տաթև-Աղվանի ճանապարհով, հավաստիացնելով, թե լավ ու որակյալ ասֆալտապատել են այդ ճանապարհը։

168.am«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-կառավարիչ, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանին հարց ուղղեց՝ եթե տեղի չի ունեցել դելիմիտացիա և դեմարկացիա, ի՞նչ իրավական հիմքերով է թշնամին մաքսային հսկողություն իրականացնելու ՀՀ սահմանին։

«Դուք արձանագրեցիք, որ դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել, բայց ըստ էության որոշ մարդկանց ուղեղում նման բան տեղի ունեցել է, և որոշ մարդիկ այդ գործընթացը շարունակում են՝ պնդելով, որ այդ հատվածներն Ադրբեջանինն են: Մինչդեռ մաքսակետի տեղադրումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սահմանագծում, այսինքն՝ ամբողջ հատվածում եթե սահման էլ չկա, ապա ճանապարհի ինչ-որ մի հատվածում ըստ էության Հայաստանն արձանագրում է, որ դեմ չէ, եթե Ադրբեջանը դա համարի իր տարածքը։ Ավելին՝ «մենք էլ հես ա մեր մաքսակետը կդնենք» ձևակերպումով Հայաստանի իշխանություններն աջակցում են, որպեսզի Ադրբեջանի պնդումները դառնան ավելի իրավաչափ։ Այսինքն՝ եթե այդ տարածքն Ադրբեջանինն է, պարզ է, որ իրենք պետք է դնեն իրենց մաքսակետը, մենք էլ դնենք մերը։ Իրականում Ադրբեջանի այս գործողությանը պետք է հետևեր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի կամ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացնում է իրավազորության իրականացում, ինչը դեմ է միջազգային հարաբերություններին, առնվազն այնքանով, որքանով որ տեղի չի ունեցել սահմանազատում։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունները հանգիստ պատրաստ են և ցանկանում են հանձնել տարածքները, այլ խնդիր այստեղ չկա»,- նշեց Արամ Օրբելյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե Ադրբեջանն այդ մաքսակետը չդներ, ապա Հայաստանը պետք է գնար «միջանցքային» տրամաբանությամբ, Արամ Օրբելյանը բերեց գորտը եփելու գիտական փորձի օրինակը։ Երբ գորտին մտցնում են եռացող ջրի մեջ, գլուխը դուրս է հանում, իսկ երբ մտցնում են սառը ջրի մեջ, որը նրա համար հարմարավետության գոտի է, և աստիճանաբար սկսում են ջուրը եռացնել, գորտը եփվում է, քանի որ չի զգում այն պահը, երբ ինքը սկսելու է քայքայվել, արդյունքում՝ երբ հասնում է վտանգը, գորտը չի հասցնում եռացող ջրից դուրս ցատկել։

«Հիմա նույն բանը հայ ժողովրդի հետ է տեղի ունենում։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ որոշի՝ ի՞նչն է Ադրբեջան, կամ ի՞նչը՝ ոչ։ Նա թող գնա որոշի՝ իր տան այս կամ այն սենյակը նվիրել ում ցանկանում է։ ՀՀ սահմանադրության համաձայն՝ ՀՀ տարածքային հարցերը կարգավորվում են ոչ թե վարչապետի լիազորությունների շրջանակներում, այլ ԱԺ-ում Սահմանադրական դատարանի և ժողովրդի միջոցով։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունեցել։ Հետևաբար, այստեղ լավագույն դեպքում կարող է քննարկվել ինչ-որ միջանկյալ լուծումներ։ Պետք է բանակցությունների արդյունքում այդ սահմանը որոշվի, երբ սահմանը որոշվի՝ այդ պայմանագիրը պետք է բերել ու դնել քննարկման, իսկ դրանից հետո այդ պնդումներն ամբողջովին կլինեին իրավաչափ»,- շեշտեց միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:

Միաժամանակ նա հիշեցրեց, թե ինչ էր գրել Նիկոլ Փաշինյանը 20 տարի առաջ, հիմա ըստ էության կյանքի է կոչում: Իսկ այն ժամանակ գրել էր՝ թքած ունենք տարածքների վրա, դրանք Հայաստանի ինչի՞ն են պետք, որովհետև երկու հոգու են հարստացնում, դրանք պետք է նվիրել հարևան պետությանը։

«Հիմա ինքն իրականացնում է այն, ինչ ասել է։ Նա հայտարարեց, որ այդ տարածքներն Ադրբեջան են։ Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը մեծ ցանկությամբ հրաժարվում է Արցախ գնալուց, նա և ՀՀ կառավարությունը որևէ կերպ չեն արձագանքել որևէ ատյանում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները խախտելու փաստը։ Առանձին պաշտոնատար անձինք, ոչ ՔՊ-ական, խոսում, բարձրաձայնում են, իսկ ՔՊ-ականներն ապրում են այնպես, կարծես թե որևէ բան տեղի չի ունեցել, Ադրբեջանը չի օկուպացրել Հայաստանի ու Արցախի տարածքները։ Ադրբեջանն իրենց ընկերն է, և որևէ խնդիր չկա։ Քննարկումների դաշտում միջազգային իրավական գործընթաց չկա, իսկ ռազմագերիների մասին էլ հիշում են միայն այն ժամանակ, երբ մի քանի ռազմագերի վերադարձվում է։ Իրենք որոշել են, որ դա Ադրբեջան է, և կյանքի են կոչում իրենց որոշածը։ Ավելին ասեմ՝ 600 հազար քաղաքացի էլ նույնպես որոշել է, որ դա Ադրբեջան է, և դեմ չէ, ևս 2 մլն քաղաքացի շատ մեծ հետաքրքրություն չունի՝ դա Ադրբեջա՞ն է, թե՞ չէ, և իրենց համար էական տարբերություն չկա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հայ ազգին հասցրել է գորտի վիճակին»,- հավելեց Արամ Օրբելյանը։

Միևնույն ժամանակ միջազգային իրավունքի մասնագետը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստը մեկ օր առաջ հրապարակվել էր, որտեղ կար Ղազախի շրջան ձևակերպումը, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունում այդ ձևակերպումը դուրս էր եկել, սակայն դա չի նշանակում, որ այդ շրջանը չկա քննարկումներում։

«Մոտավորապես այսպես են տրամադրված, որ՝ ինչո՞ւ եք դրա մասին գրում, մենք բանավոր ընկալումներ ունենք և կանենք։ Այս ամբողջ գործընթացը, ինչ տեղի է ունենում, դրա շրջանակներում է։ Այսինքն՝ ՀՀ այսօրվա իշխանությունները ձեռքերը լվացել են ՀՀ անվտանգության ապահովման գործից։ Ցավոք, մի մասը գուցե սխալմունքի ու շփոթմունքի մեջ է, որ խնդիր չկա, եղածով կզարգանան, խնդիր չկա, Ցեղասպանությունը չի կրկնվի, իսկ մի մասն էլ լավ հասկանում ու պատկերացնում է, բայց որևէ բան անելու ցանկություն չունի, այս պահին կարևորը՝ տաք աթոռը լինի, ու գումար աշխատի, իսկ հետո կգնա ինչ-որ մի տեղ կպատսպարվի»,- եզրափակեց Արամ Օրբելյանը։

Տեսանյութեր

Լրահոս