Ինձ համար՝ որպես թուրքագետի, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում ընդունված այս որոշումը չունի որևէ արժեք. Թուրքագետ

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է առանց առարկությունների: Oրինագծի հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ, սակայն, այս որոշումը որևէ առնչություն չունի համամարդկային արժեքներին Մեծ Բրիտանիայի հավատարմության, բարոյականության, պատմական ճշմարտությանը բաց աչքերով նայելու պատրաստակամության հետ, և այն պետք է արժանանա Հայաստանի ու հայ ժողովրդի սառը, չափավոր արձագանքին:

«Հայոց ցեղասպանության հարցն իրենց ժողովրդավար հռչակած որոշ պետությունների համար շարունակում է մնալ քաղաքական առևտրի առարկա, որը կիրառում են՝ ըստ նպատակահարմարության:

Ակնհայտ է, որ դրանում կա Թուրքիայի հանդեպ արևմտյան երկրների՝ որոշակի զսպման մեխանիզմներ կիրառելու ցանկությունը»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց թուրքագետը՝ հիշեցնելով նաև, որ Մեծ Բրիտանիան ողջ պատմության ընթացքում դիվանագիտական ասպարեզում Հայաստանին և հայ ժողովրդին ամենածանր հարվածներ հասցրած պետությունն է.

«19-րդ դարից սկսած՝ բոլոր միջազգային պայմանագրերում ու բանակցություններում Մեծ Բրիտանիան խաղացել է հակահայկական ընդգծված դեր, և նաև այդ պատճառով է, որ հայկական հողատիրությունը, Հայ Դատը տարբեր տարիների բախվել են անհաջողության. պատմական շատ տարածքներ չեն վերադարձվել՝ մնալով թուրքական օկուպացիայի տակ»:

Ռուբեն Մելքոնյանն արձանագրեց՝ Մեծ Բրիտանիայի որդեգրած պահվածքն այսօր էլ  շարունակվում է. Մեծ Բրիտանիան Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակիցն է, ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր:

«Կոնկրետ ինձ համար՝ որպես թուրքագետի, ՄԲ ընդունած որոշումը չունի որևէ արժեք, որովհետև այս վիճակը շատ նմանվում է Վանո Սիրադեղյանի այն հայտնի մարգարեական խոսքին, որ «…պատմության համար կհրահրվի մի փոքր պատերազմ՝ մի քանի հարյուր կամ մի քանի հազար զոհով։

Այդ ընթացքում Եթովպիայի պառլամենտը կդատապարտի հայերի ցեղասպանությունը…» (Եթովպիայի փոխարեն՝ ճանաչում է Մեծ Բրիտանիան):

Այնպես որ, ողջ 44-օրյա պատերազմի ժամանակ հանցավոր լռություն պահպանած, Ադրբեջանին աջակցություն ցուցաբերած երկրի կողմից այս որոշումն ինձ համար ունի զրոյական նշանակություն»,- հավելեց թուրքագետը:

Հիշեցնենք՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի նախագիծը Համայնքների պալատ էր ներկայացրել պահպանողական պատգամավոր Թիմ Լոութընը.  Հայ Դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել օրինագծի հեղինակին և մյուս համահեղինակներին։

Տեսանյութեր

Լրահոս