Ալերգիկ հիվանդություններ ունեցողները պե՞տք է պատվաստվեն, թե՞ ոչ

«Քովիդի դրական արդյունքի դեպքում անթույլատրելի է ինքնուրույն դեղորայքի կիրառումը: Դեղորայքը պետք է նշանակվի միմիայն բժշկի կողմից, եթե հոսպիտալացված չէ հիվանդը, ապա տեղամասային բժշկի կողմից: Ինքնաբուժությամբ զբաղվել՝ հակաբիոտիկներով, վիտամիններով և դեքսամետազոններով, անթույլատրելի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Դեղագործության կառավարման և էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մարթա Սիմոնյանը:

Դեղագետի խոսքով՝ դեղորայքային բուժումը կախված է նրանից, թե ինչ կլինիկա ունի պացիենտը, հետևաբար՝ այն շատ անհատական է. «Հենց այնպես ասել՝ հակաբիոտիկներ կամ հակավիրուսայիններ կիրառել կարելի՞ է, թե՞ ոչ, չի կարելի»:

Ինչ վերաբերում է վիտամիններին, նա նշեց, որ սկզբնական ժամանակահատվածում վիտամին C-ն, վիտամին D-ն և ցինկը ներառված էին քովիդի պրոտոկոլների մեջ և որոշակի հետազոտությունների ենթարկվել են. «Բայց դա էլ է անթույլատրելի կիրառել, որովհետև վիտամին C-ն, վիտամին D-ն և ցինկը ունեն որոշակի հակացուցումներ, և հնարավոր է նաև՝ կողմնակի ազդեցությունների զարգացումներ: Առանց անալիզների հանձնման, հենց այնպես վիտամիններ կիրառել ուղղակի չի կարելի»:

Հարցին՝ իսկ պրոֆիլակտիկ վիտամիններ խմել թույլատրվո՞ւմ է, օրինակ՝ մեկ կամ երկու շաբաթ որևէ վիտամին խմել, նա պատասխանեց. «Ես խորհուրդ չէի տա պրոֆիլակտիկ խմել վիտամիններ, որովհետև վիտամինների ավելցուկը ևս կարող է խնդրահարույց լինել: Անպայման պետք է հետազոտվել, տեսնել՝ արդյո՞ք կա վիտամինների պակաս, թե՞ ոչ, նոր խմել»:

Հետաքրքրվեցինք՝ տարբեր դեղորայք օգտագործող քաղաքացիները կարո՞ղ են ցանկացած պատվաստանյութով պատվաստվել, թե՞ տեղամասային բժշկի ցուցումով պետք է դա արվի:

«Բնականաբար, ցանկացած քաղաքացի, որը մոտենում է պատվաստվելու, բժշկի մոտ որոշակի հետազոտություն է անցնում: Տեղամասային բժիշկը, որը գիտի իր ամբողջ անամնեզը, ինքն է որոշում՝ այդ պացիենտին այդ ժամանակահատվածում կարելի՞ է պատվաստել, թե՞ ոչ: Քրոնիկ հիվանդությունների դեպքում կիրառվող դեղերը բացարձակապես ոչ մի խնդիր չեն առաջացնում պատվաստումների ժամանակ, որովհետև քրոնիկ հիվանդները, հակառակը՝ ցուցված է, որ պատվաստվեն»,- ի պատասխան՝ ասաց Մարթա Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է ալերգիկ հիվանդությունների դեպքում պատվաստումների հակացուցումներին, նա հետևյալը նշեց. «Հակացուցում այսօր ՀՀ-ում գործում է միայն այն դեպքում, երբ առաջին դոզաչափ պատվաստում ստանալուց հետո ունենում ենք ալերգիկ ռեակցիաներ՝ տվյալ պատվաստանյութից, և երկրորդը այլևս չենք ստանում: Մնացած բոլոր դեպքերում էլի քննարկում ենք մեր տեղամասային բժշկի հետ՝ հասկանալով, թե ինչ տեսակի ալերգիաներ ունենք, և այդ պարագայում նոր որոշում՝ կարելի՞ է պատվաստվել, թե՞ ոչ»:

Տեսանյութեր

Լրահոս