«Դա տնտեսական պրոցեսների, տնտեսության այլասերման հետևանք է․․․ իրականում վիճակը շատ վատ է»․ Ատոմ Մարգարյան

Տնտեսագետներն ու պաշտոնական վիճակագրությունն արձանագրում են՝ մեր տնտեսությունը դանդաղ, բայց դուրս է գալիս ճգնաժամից. աճի տեմպը, սակայն, ավելի ցածր է, քան նախորդ տարվա անկումը: Հակառակ կառավարության լավատեսական մեսիջների՝ պահպանվում են նաև հատկապես համավարակով պայմանավորված ռիսկերը:

2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.4%-ով:

Ըստ ԱՎԾ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։ Կրճատում է արձանագրվել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վիճակագրական այս ցուցանիշներին՝ նկատեց, որ նախորդ տարվա ջախջախված բազայի նկատմամբ աճեր գրանցելը բացառապես վիճակագրական թեմա է, և դրա հետևում լուրջ պրոցեսներ չկան:

Տնտեսագետը համոզված է նաև՝ ներկայացվող ակտիվության հիմքում դրված է պարտքը, ինչպես, օրինակ, մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում հիպոթեքին ուղղված եկամտահարկի վերադարձի չեղարկմամբ պայմանավորված աժիոտաժի առաջացումը, որը բերել է վարկային ռեսուրսների նկատմամբ կտրուկ աճի:

Այդուհանդերձ, մեր զրուցակիցը չբացառեց տնտեսության վերականգնողական միտումները՝ նկատելով. «Մակրոտնտեսական պահանջարկը վերականգնվում է, ինչն ընդհանուր միտում է ընդհանրապես աշխարհում: Բայց այդ թվերի հետևում գնաճային լուրջ սպառնալիքներ են, որոնք պաշտոնյաներն աշխատում են չնկատելու տալ, ինչից, սակայն, խնդրի էությունը չի փոխվում: Մարդկանց մեծ մասի բարեկեցությունը գնալով վատթարանում է. սա է իրականությունը:

Ինչ վերաբերում է կոնկրետ այս թվերին՝ այո՛, տնտեսական ակտիվությունն ակնհայտ երևում է, և որոշակի տեղաշարժեր կան, բայց եթե նայում ենք այդ 4.4 տոկոսին, դա շատ խղճուկ, համեստ տեղաշարժ է. հարկավոր է այդ ամենը համեմատել գների հետ: Սպառողական գների ինդեքսը՝ 6.7 տոկոս, առաջանցիկ է հենց այդ տնտեսական ակտիվությունից, ինչով ամեն ինչ ասված է:

Եթե սեպտեմբերը համեմատենք նախորդ տարվա սեպտեմբերի հետ, ապա 8.9 տոկոսը կրկին շատ բարձր է: Միջին աշխատավարձի մասով՝ 6.3 տոկոսի աճ. տեսնում ենք, որ սպառողական գների աճն առաջանցիկ է միջին աշխատավարձի նկատմամբ, հետևաբար, վերստին իրական աշխատավարձերի անկում է գրանցվել:

Գյուղատնտեսությունը դեռևս չի վերականգնել իր պոտենցիալը. համախառն արտադրանքը դեռևս անկումային է 1.5 տոկոսով, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Ծառայությունների, առևտրի որոշակի ոչ մեծ աճ ենք տեսնում, բայց ծառայությունների հիմնական մասը մոլեխաղերն են՝ լոտո, կազինո, տոտո և այլն, որոնք խայտառակ մեծ մասշտաբներ են ձեռք բերել, և այդտեղ ասել, որ դա առաջընթաց է…:

Ըստ իս՝ դա պարզապես տնտեսական պրոցեսների, տնտեսության այլասերման հետևանք է, երբ վերաբաշխումների պրոցեսը ներառվում է, փաստորեն, մակրոպահանջարկի մեջ, և այդ թվերը հենց նաև այդտեղից են ստացվում:

Այսինքն՝ տնտեսության ռեալ հատվածը շարունակում է մնալ լճացած»:

Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ այս առումով խոցելի է նաև վիճակագրությունը, որը թեև ներկայացնում է տնտեսական աճը, գնաճը, բայց չի կարևորում զբաղվածությունը՝ մասնավորապես, թե այդ ՏԱՑ-ի յուրաքանչյուր տոկոսի հետևում զբաղվածության ինչպիսի՞ դինամիկա կա` աճե՞լ է, նվազե՞լ է»:

Այս համատեքստում նա անդրադարձավ Էկոնոմիկայի նախարարի կողմից առաջարկված և խիստ կարևորվող «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» նախագծին, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը.

«Թմբկահարվեց մի քանի հանգստյան օրերը, բայց ոչ ոք չի խոսում, որ կա ՀՆԱ ավելացնելու երկրորդ ճանապարհը, և այն ֆունդամենտալ, քաղաքակիրթ ճանապարհն է՝ արտադրողականության բարձրացում, տեխնոլոգիական արդիականացում, ռեալ սեկտորի նոր մրցունակ աշխատատեղերի ստեղծում:

Այսինքն՝ այդ պրիմիտիվ վիճակագրությունից այդպես էլ չենք կարողանում հեռանալ և ավելի քաղաքակիրթ դարձնել մեր հաշվառման օրակարգը, ամենակարևորը՝ ցույց տալ, թե ինչ իրական եկամուտների հաշվին է այդ աճը ձեռք բերվում»:

Նրա խոսքով, տարիներ շարունակ սոսկ մակրոթվերի այս մանիպուլյացիաներով կերակրելով հասարակությանը՝ փորձել են ձևավորել թղթե տնակների թագավորություն, ինչը փլուզվել է:

«Անհրաժեշտ են նոր մոտեցումներ, տնտեսական ավելի թարմ գաղափարներ և, ի վերջո, տնտեսական նոր մոդել, որի մասին այս իշխանությունները եկել են և չեն էլ խոսում. նույն մանիպուլյատիվ վիճակագրությունն է, նույն թվերն են. իրականում վիճակը շատ վատ է»,- եզրափակեց Ատոմ Մարգարյանը:

Տեսանյութեր

Լրահոս