Պարեկային ծառայությունը ռազմական համալսարանի շենքում «տնավորվել» է. Արշակ Կարապետյանը համաձայն է Վաղարշակ Հարությունյանի որոշման հետ

168.am-ի տեղեկություններով, Պարեկային նոր ծառայությունը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շենքում շարունակում է ընդլայնվել, մինչդեռ սկզբում ասվել էր, որ պարեկների՝ ռազմական կրթական հաստատությունում «բնակությունը» ժամանակավոր բնույթ էր կրելու:

Այս առնչությամբ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչ տարածք է այս պահին զբաղեցնում ռազմական համալսարանի շենքում Պարեկային ծառայությունը, և երբ են տեղափոխվելու: Մեզ խոստացան ճշտել և հաջորդ օրը տեղեկացնել, բայց արդեն մի քանի օր է անցել, և ոչ մի պատասխան, ավելին, նշված վարչությունը ղեկավարող Գևորգ Ալթունյանի հետ չի հաջողվում կապ հաստատել:

Նշենք, որ հուլիսին, երբ դեռ մի քանի օր էր Պարեկային ծառայությունը գործի դրվել, 168.am-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանության Պարեկային նոր ծառայությունն իշխանությունները որոշել են տեղակայել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շենքում:

Վաղարշակ Հարությունյանի օրոք Պաշտպանության նախարարությանն ասվել էր, թե իբր ժամանակավոր՝ մի քանի ամսով է լինելու այս տեղակայումը՝ պատճառաբանությամբ՝ իբրև թե՝ ժամանակի մեջ չեն տեղավորվել նոր պարեկային ծառայության ստեղծման շրջանակում շենքային պայմանների բարելավման աշխատանքներն ավարտին հասցնելու հարցում:

Այս համատեքստում մենք հույս էինք հայտնել, որ ժամանակը ցույց կտա՝ արդյոք վերանորոգման աշխատանքները ժամանակին ավարտին չհասցնելն ունի՞ այլ պատճառ, գուցե բավարար ֆինանսական միջոցներ չե՞ն հատկացվել, իսկ գուցե այլ ուղղությա՞մբ են ծախսվել այս նպատակի համար հատկացված գումարները: Իսկ գուցե նպատակը հենց այդտեղ սահուն կերպով «տնավորվե՞լն» էր:

Մենք չէինք բացառել, որ սա ընդամենը պատրվակ է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մշտական տեղավորվելու կամ «ոտք պնդացնելու» համար՝ հաշվի առնելով Փաշինյանի իշխանության վերաբերմունքը և տեսլականը բանակի հետ կապված, երբ ՀՀ զինված ուժերի փոխարեն՝ ՀՀ սահմանի կարևորագույն հատվածներում պաշտպանությունը հանձնում ենք ռուս սահմանապահներին, ընդլայնում ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ում:

Առհասարակ, դիրքապահներին փոխարինում ենք սահմանապահներով, դիրքերը դարձնում պետական սահման, թեպետ կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրում պետական սահմանն իր մեջ մարտական դիրքի ռիսկեր է պարունակում, իսկ սահմանապահը բոլորովին այլ գործառույթներ ունի: Սա ևս, բնականաբար, պիտի հանգեցնի ռազմական հաստատություններ դիմորդների թվաքանակի նվազման:

Եվ դեռ այսքանից հետո Փաշինյանը և նրա իշխանությունը խոսում են պրոֆեսիոնալ բանակի ստեղծումից՝ առանց պատկերացնելու, թե ինչ տեսակի պրոֆեսիոնալ բանակ է մեզ անհրաժեշտ:

Ռուսաստանում գործող Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովն այն կարծիքին է, որ ՀՀ-ն պետք է կառուցի կամ վերակառուցի իր բանակը՝ ելնելով տոտալ պաշտպանության սկզբունքից:

«Դուք չպետք է նայեք աշխարհում գործող փոքր ու պրոֆեսիոնալ բանակներին, այլ երեք օրինակ պետք է ձեր աչքի առաջ ունենաք՝ Իսրայելը, Սինգապուրը և Էրիթրեան: Հայտարարությունները, թե լեռնային տեղանքը ձեր օգտին է աշխատում, ըստ պրակտիկայի, սխալ դուրս եկան»,- «Սիվիլնեթի» հետ զրույցում ասել էր Պուխովը:

Իսկ մենք վաղուց դարձել ենք ոստիկանական պետություն, որտեղ բանակի դերակատարումը նվազագույնի է հասցված:

Հիշեցնենք, որ դեռ այս տարվա մարտին Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ընդունեց ՀՀ կառավարության 2014թ․ հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով մինչև 97.5%-ով ավելացվում է Ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային և մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը:

Նախագծով, մասնավորապես, նախատեսվում էր ՊՊԾ կրտսեր պարեկների ամսական աշխատավարձի ավելացում 67.9%-ով՝ 190.552 դրամից՝ 320.000 դրամ:

Իսկ սահմանապահ պայմանագրային զինծառայողները ստանում են մոտ 160 հազար դրամ, ԱԱԾ-ն առաջարկել է աշխատավարձը բարձրացնել՝ հասցնելով մոտ 210-220 հազար դրամի, որը դարձյալ զիջելու է պարեկների ստացածին:

Վերադառնալով Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանի շենքի ճակատագրին, ապա գնալով պարզ է դառնում, որ այն ճոխություն է համարվելու բանակի համար և ծառայելու է ոստիկանական առաքելություններին:

Տեսանյութեր

Լրահոս