Բաժիններ՝

Երբ իշխանությունները որոշում են, որ երկրին այլևս բանակ պետք չէ. Patrol նոր ծառայությունը՝ ռազմական համալսարանի շենքում

Ոստիկանության պարեկային նոր ծառայությունը աշխատանքի դուրս եկավ հուլիսի 7-ից, նույն օրից դադարեցվեց Ճանապարհային ոստիկանության աշխատանքը։ Հասարակության հիմնական մասի մոտ նրանց առաջին աշխատանքային օրերը նշանավորվեցին ճվճվացող սուլոցների ու փողոցներում քաոսային, փնթի իրավիճակներ ստեղծող տեսարաններով: Տպավորություն է՝ նրանք դեռևս վերջնականապես չեն հստակեցրել իրենց անելիքը, ինչի պատճառով անիմաստ լարվածություն են ստեղծում քաղաքի բոլոր հատվածներում:

Հիշեցնենք, Ազգային ժողովում նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի տեղեկացմամբ՝ նոր պարեկային ծառայությունը սկզբնական փուլում ունենալու է 700 աշխատակից, որոնց աշխատավարձերի համար տարեկան 4.3 միլիարդ դրամ է հատկացվելու: Այս նպատակով նախատեսվում է առանձին հիմնադրամ ստեղծել: Պետբյուջեից 3.3 միլիարդ դրամ կհատկացվի ավտոմեքենաների, զենքի և հատուկ միջոցների ձեռքբերմանը: Փոխնախարարը հավելել էր, որ 3 տարվա ընթացքում նախատեսվում է ծախսել 16 միլիարդ դրամ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ նոր ծառայության գրավչությունը աշխատավարձն էր, որը ուսուցման ողջ ժամանակահատվածում նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68.000 դրամի չափով էր տրվելու՝ որպես վարձատրություն, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում աշխատավարձը պահպանվելու էր: Արդեն ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը կազմելու է 320.000 ՀՀ դ. (հարկված՝ 237.400 դրամ):

Մենք ավելի վաղ նաև ներկայացրել ենք, թե  ինչ մութ գործարքների, կասկածելի և ուղղորդված մրցույթների, «Պետական գնումների մասին» օրենքի մի շարք հոդվածների խախտումների  արդյունքում պետբյուջեի միլիոնավոր միջոցների հաշվին ձեռք բերվեցին 1.4 շարժիչով «Շկոդա» ավտոմեքենաները: Ընդ որում, շևրոնների վրայի գրառման պատասխանատու դիզայներական ընկերությունը կապվում է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանի հետ. մեզ հասած տեղեկություններով՝ վերջինիս ընկերոջ ընկերությունն է զբաղվել նոր պարեկային ծառայության ոստիկանների համազգեստի շևրոնների դիզայնով: Իսկ պարեկային նոր ծառայության համար անհրաժեշտ մեքենաների մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «Շկոդան», ում անունը ուղղակիորեն կապվում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին տնօրեն Արտյոմ Մովսիսյանի հետ:

168.am-ի տեղեկություններով,  ՀՀ   ոստիկանության  Պարեկային  նոր  ծառայությունը  իշխանությունները որոշել են տեղակայել Վազգեն  Սարգսյանի   անվան   ռազմական համալսարանի շենքում:

Պաշտպանության նախարարությանն ասվել է, թե իբր   ժամանակավոր՝  մի քանի ամսով է լինելու այս տեղափոխությունը՝ պատճառաբանելով, որ ժամանակի մեջ չեն տեղավորվել նոր պարեկային  ծառայության ստեղծման շրջանակում շենքային պայմանների բարելավման աշխատանքներն ավարտին հասցնելու հարցում:

Նշենք, որ Պարեկային նոր ծառայությունը համատեղում է Ճանապարհային ոստիկանության, Պարեկապահակակետային ծառայության գործառույթները, պատասխանատու է լինելու հասարակական կարգի, ճանապարհային անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման, վարչական իրավախախտումների բացահայտման համար։

Իսկ թե վերանորոգման աշխատանքները ժամանակին ավարտին չհասցնելն ունի՞ արդյոք այլ պատճառ, պարզ չէ՝ գուցե բավարար  ֆինանսական միջոցներ չե՞ն հատկացվել, իսկ գուցե  այլ  ուղղությա՞մբ են ծախսվել այս նպատակի համար հատկացված  գումարները: Ցույց կտա ժամանակը:

Մյուս կողմից, չի բացառվում, որ սա ընդամենը պատրվակ է  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մշտական տեղավորվելու կամ «ոտք պնդացնելու» համար՝ հաշվի առնելով  Փաշինյանի իշխանության   վերաբերմունքը և տեսլականը  բանակի  հետ կապված, երբ  ՀՀ զինված ուժերի փոխարեն՝ ՀՀ սահմանի կարևորագույն  հատվածներում պաշտպանությունը հանձնում ենք ռուս սահմանապահներին, ընդլայնում ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ում, ըստ այդմ՝ բանակում սկսված բարեփոխումների արդյունքում  նպատակ դնում  կրճատել մարտավարական օղակը: Սա ենթադրում է՝ ՀՀ ռազմական հաստատություններ դիմողների թվի  զգալի կրճատում, որն արդեն իսկ  նկատելի է, ուստի չի բացառվում, որ Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանի  շենքը մի օր ճոխություն համարվի բանակի համար, և  այն ծառայի ոստիկանական առաքելություններին:

Ի վերջո, այս իշխանությունները երկիրը տանում է դեպի ոստիկանական պետություն, որտեղ բանակի դերակատարումը նվազագույնի է հասցված:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ  2020-ի վերջին՝  ընդդիմության  հանրահավաքների օրերին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին ոստիկանական համազգեստներ էին բաժանել՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդի դեմ փողոց հանելու համար:

Նույն այդ լուրերի համաձայն՝ հանրահավաքային ակտիվ շրջանում ռազմական հաստատությունների  կուրսանտները լծված են եղել նաև կառավարական ամառանոցի պահպանությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս