Աշխատավարձի բարձրացում՝ անվտանգության դիմաց․ Փաշինյանը կաշառում է ՊՊԾ–ին
Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ընդունեց ՀՀ կառավարության 2014թ․ հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով մինչև 97.5%-ով ավելացվում է Ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային և մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը:
Այս նախագծով պետական բյուջեից 2021թ․ Ոստիկանությանը կտրամադրվի 515 միլիոն 201.000 գումար, իսկ 2022-2024թթ․՝ տարեկան 1 միլիարդ 30 միլիոն 402.000 դրամ:
Նախագծով ՊՊԾ կրտսեր պարեկների ամսական աշխատավարձը գործող 190.552 դրամից կավելանա 67.9%-ով ու կկազմի 320.000 դրամ: Ոստիկանության լեյտենանտի կոչումով 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը կդառնա 371.373 դրամ: Սա ՊՊԾ 4-րդ գումարտակի աշխատակցի այսօրվա աշխատավարձը գերազանցում է 78.654 դրամով կամ 26.9%-ով, իսկ մարզային վարչության ՊՊԾ դասակի ծառայողի աշխատավարձից ավելի է 183.054 դրամով կամ 97.2%-ով:
Ոստիկանության ավագ լեյտենանտի կոչումով և 5-10 տարվա ստաժով պարեկի ամսական աշխատավարձը սովորական չափից՝ 198.565 դրամից, կավելանա 97.5%-ով և կկազմի 402.181 դրամ:
Այս նախագիծը գուցե շատերի մոտ միմիայն դրականորեն ընկալվեր, եթե վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի, կառավարության շենքի, կառավարական առանձնատների շուրջը ոստիկանների թիվը կտրուկ ավելացված չլիներ:
Կառավարության այսօրվա նիստում ընդունված այս որոշումը գուցե գալիս է ապացուցելու հանրության մի մեծ հատվածի պնդումները, թե Նիկոլ Փաշինյանը փորձում է թաքնվել ոստիկանական պատերի հետևում:
Սա գուցեև ապացույց է որոշների այն հայտարարություններին, թե Փաշինյանն իր կուսակիցներին ու իրենց շրջապատող ցանկացածին փորձում է պահել իր կողքին՝ ինչ-ինչ ուղիներ փնտրելով:
Նկատենք, որ 2018թ․ ժողովրդի հետ շփվել խոստացող, հեծանիվ վարող Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում անգամ կառավարական մեկ շենքից մյուսը՝ մոտ 100 մետր, անցնում է հազարավոր ոստիկանների ու դիպուկահարների ուղեկցությամբ:
Այդպիսի օրինակները բազմաթիվ են: Հիշենք վերջին ամսվա ընթացքում եղած մի քանի դեպք:
Փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքից դեպի Շրջակա միջավայրի նախարարություն տանող 100 մետր ճանապարհն անցնելու համար Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ կենտրոնացրել էր հազարավոր ոստիկաններ:
Այդ օրը հրապարակվում էին տարբեր լուսանկարներ, որոնցում երևում էր, որ բազմաթիվ ոստիկաններ շրջափակել էին կառավարության մասնաշենքերը։
Ու չնայած այդքան Երևանի կենտրոնում մեծաքանակ ոստիկանների առկայությանը՝ Փաշինյանն այդ օրը ոստիկաններով և ԱԱԾ աշխատակիցներով շրջապատված գնաց Շրջակա միջավայրի նախարարություն, ապա նրանց ուղեկցությամբ՝ դեպի Կառավարություն:
Փետրվարի 25-ին, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հայտարարությամբ պահանջեց Փաշինյանի ու կառավարության հրաժարականը, և Նիկոլ Փաշինյանը որոշեց երթ իրականացնել Երևանի փողոցներում, նրա հետ քայլում էին ավելի շատ ոստիկաններ՝ նրան շրջանակի մեջ վերցրած, քան քաղաքացիներ: Երթի ընթացքում Փաշինյանն անգամ կոչ արեց ծափահարել ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը՝ կատարած աշխատանքի համար: Ոստիկաններն այդ օրը չլքեցին Փաշինյանին՝ անգամ, երբ նրան միացավ կինը՝ Աննա Հակոբյանը:
Մարտի 3-ին, երբ «Հայրենիքը փրկության շարժումը» փակ էր պահում Բաղրամյան պողոտան՝ ԱԺ-ի հատվածում, և երբ նախատեսված էր Կառավարություն-ԱԺ հարցպատասխանը, որին պետք է մասնակցեր նաև Նիկոլ Փաշինյանը, ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կենտրոնացել ԱԺ-ի բակում, Բաղրամյան ու Դեմիրճյան փողոցներում, ԱԺ ողջ տարածքում տեղադրվել էին ձայնային նռնակներ, իսկ ԱԺ պատուհաններից Բաղրամյան պողոտայում հանրահավաք իրականացնող քաղաքացիներին հրազենի բացահայտ ցուցադրությամբ «ողջունում էին» դիպուկահարները։
Այդ օրը տարածվող տեսանյութերից պարզ էր դառնում, որ վահաններով զինված ոստիկանները շրջափակել էին նաև կառավարական առանձնատունը:
Մարտի 9-ին, երբ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաք իրականացնող քաղաքացիներին հորդորեց փակել ԱԺ մուտքերը նաև Դեմիրճյան փողոցի կողմից, ոստիկանական մեծաթիվ ուժեր կենտրոնացան Դեմիրճյան փողոցում:
Մեկը մյուսի հետևից սկսեցին հայտարարություններ տարածվել այն մասին, որ Փաշինյանը հրահանգել է մարզերից ոստիկաններ բերել: Այդ մասին հայտարարում էին նաև «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները։
Իսկ երբ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար հիշում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես է ոստիկանների ուղեկցությամբ Փաշինյանը քարոզարշավ իրականացնելու:
Դրա պատասխանն էլ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տվել էր ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբացության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ բոլորին հիշեցնելով 2018թ․ հայտնի կոչը:
«Ոստիկանը մերն ա, հիշո՞ւմ եք»,- ասել էր Ալեն Սիմոնյանը: