Ծանոթացել եմ կառավարության առաջարկություններին, բայց նախագիծը լրամշակելու եմ մասնագիտական հանրույթի հետ քննարկումները հիմք ընդունելով. Արամ Վարդևանյան

Օրեր առաջ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ նախագահին էր ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ: Պատգամավորն առաջարկում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը, ինչի համար առաջարկում է որպես պատիժ սահմանել 5-7 տարի ժամկետով ազատազրկում, իսկ եթե կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրվել են պաշտպանության և անվտանգության բնագավառներում գործող քննիչ հանձնաժողովին, ապա սահմանել 8-12 տարի ազատազրկում:

Կառավարությունը մի շարք առաջարկներ է ներկայացրել պատգամավորի ներկայացրած նախագծի վերաբերյալ՝ հորդորելով հեղինակին լրամշակել նախագիծն իրենց ներկայացրած դիտարկումների հիման վրա:

Կառավարությունը ներկայացրած վերլուծություններում նախ առանձնացրել է այն փաստը, որ քրեական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ անձը քրեական պատասխանատվության ենթակա չէ, եթե իր արարքը գործի լուծման համար նշանակություն ունենալ չի կարող, կամ եթե մինչև վերջնական ակտի կայացումն անձը հայտնել է իր տված սուտ ցուցմունքի մասին, ու կարծիք հայտնել, որ «քննիչ հանձնաժողովին հայտնած կեղծ կամ սուտ տեղեկությունների համար քրեական պատասխանատվությունը պետք է պայմանավորել քննության համար այդ տեղեկությունների էական լինելու հանգամանքով»:

Կառավարության դիրքորոշմամբ՝ քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություն հայտնելու կամ տրամադրելու համար նախատեսվող պատժաչափը պետք է հնարավորինս մոտեցնել ՔՕ 338-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի (սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալ կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարել) համար սահմանված սանկցիային, քանի որ ունեն գրեթե նույնքան հանրային վտանգավորություն, իսկ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություն տալու համար նախատեսված սանկցիան առաջարկում են հավասարեցնել նույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված սանկցիային:

Արդյո՞ք նախագծի հեղինակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ընդունում է կառավարության ներկայացրած դիրքորոշումն ու առաջարկները և պատրա՞ստ է նույն հիմքով լրամշակել նախագիծը:

168.am-ի հարցին պատգամավորը պատասխանեց, թե պատրաստվում է լրամշակել նախագիծը, բայց դրա հիմքում կառավարության ներկայացրած առաջարկությունները չեն լինելու:

«Երբ նախագիծը մշակվեց, դրվեց շրջանառության մեջ, որոշակի մասնագիտական քննարկումներ այդ ընթացքում ես ունենում էի, այդ թվում՝ քրեական իրավունքի ոլորտի մասնագետների հետ, փորձում էի մասնագիտական հանրույթին ներկայացնել այս նախագիծը աշխատանքային կարգով: Այն առաջարկությունները, որոնք ես ստացել էի մասնագիտական հանրույթից, ըստ էության վերաբերում էին սանկցիայի, այսինքն՝ հնարավոր պատժի խիստ մոտեցմանը, որի վերաբերյալ ես ինքս ստացա որոշ առաջարկություններ և դրանք ինչ-որ չափով իմ համար ևս ընդունելի էին: Իհարկե, խոսքը չի վերաբերում կտրուկ մեղմացման մասին: Ենթադրենք՝ մենք նախատեսել էինք 7-12 տարի ազատազրկում պաշտպանության և անվտանգության բնագավառում քննիչ հանձնաժողովին սուտ կամ կեղծ տեղեկություններ հայտնելու համար, քննարկումների արդյունքում ես եկել էի այն հետևության, որ կարելի է որպես տարբերակ նախատեսել 6-10 տարի ազատազրկումը, ոչ թե 12 տարի նախատեսել վերին շեմում:

Որոշակի համընկնմամբ, կարելի է ասել, այդ ընթացքում նաև ծանոթացա կառավարության կողմից ներկայացված առաջարկությանը: Ես չգիտեմ՝ արդյո՞ք իրենք պատկերացնում են, քանի որ, կրկին, ինչ-որ չափով ստացվում է, որ ընդունելի էր գաղափարը, բայց մյուս կողմից՝ սանկցիաների մասով էին վերապահում նախատեսել, այսինքն՝ հնարավոր պատժի չափի, ըստ էության, այն կրկին դասվելու է բավականաչափ ծանր հանցագործությունների շարքին: Բայց արդյո՞ք այդ տարբերակն իրենց համար ընդունելի լինելու է, թե՞ ոչ, այսինքն՝ ինչպիսի վերջնական դիրքորոշում կունենան, կդժվարանամ կանխատեսել: Բոլոր դեպքերում նախագիծը, որը դրվել է շրջանառության մեջ, լրամշակվելու է իմ կողմից, և լրամշակված տարբերակը կներկայացվի արդեն Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում, որոշակի փոփոխություններ իր մեջ պարունակելու է:

Ծանոթացել եմ կառավարության առաջարկություններին, բայց լրամշակելու տեսանկյունից չեմ դիտարկել: Լրամշակելու տեսանկյունից դիտարկել եմ մասնագիտական հանրույթի հետ քննարկումները, որի արդյունքում, օրինակ, վերին շեմը՝ 12 տարին, կդարձվի 10 տարի, և կենթադրի իրենից հնարավոր նաև վաղեմության ժամկետ 10 տարի, և առաջին մասով նախատեսվածը, այսինքն՝ սովորական քննիչ հանձնաժողովներին սուտ կամ կեղծ տեղեկություն հայտնելը, այնտեղ ևս որոշակի փոփոխություններ կատարված են: Թե ինչ կլինի դիրքորոշումը, գիտես, ես բոլոր դեպքերում այն կարծիքին եմ, որ այս նախագիծը կարող է լինել առհասարակ քննիչ հանձնաժողովների գործունեության տեսանկյունից առավել քան կարևոր, որովհետև քննիչ հանձնաժողովները ԱԺ կողմից ձևավորվում են հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ճշմարտությունը պարզելու տեսանկյունից, իսկ պաշտպանության և անվտանգության հարցերի դեպքում դրանց կարևորությունը և հնարավոր սուտ կամ կեղծ տեղեկության հանրային վտանգավորության աստիճանը ես գնահատում եմ ծայրահեղ բարձր, այդ թվում՝ հաշվի առնելով նույն վերջին պատերազմի ընթացքում հազարավոր զոհերի հանգամանքը, մարտիրոսված կյանքերի հանգամանքը: Դրա տեսանկյունից ցանկացած սուտ կամ կեղծ տեղեկություն պետք է իրենից ենթադրի շատ խիստ պատիժ»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Տեսանյութեր

Լրահոս