ԱԺ քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություն հայտնելը կարող է քրեականացվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ նախագահին է ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը: Նախագծի հեղինակն առաջարկում է քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություն հայտնելու կամ տրամադրելու համար որպես պատիժ նախատեսել ազատազրկում 5-7 տարի ժամկետով ազատազրկում, իսկ եթե կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրվել են պաշտպանության և անվտանգության բնագավառներում գործող քննիչ հանձնաժողովին՝ առաջարկվում է սահմանել 8-12 տարի ազատազրկում:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթեով քրեական դատավարության օրենսգրքում էլ նախատեսվում է լրացում, համաձայն որի՝ նման գործերով քննությունն իրականացնի Ազգային անվտանգության ծառայությունը:
Նախագծի հեղինակը ներկայացրած օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորում է նախ՝ հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի՝ «Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով»: Այսինքն, այն, որ Սահմանադիրը հատուկ նշել է հանրային հետաքրքրություն տերմինը, արդեն կանխորոշել է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովում քննության առկա դարձած հարցերը խիստ կարևոր և առանցքային պետք է լինեն, և հենց դրանով էլ պայմանավորված առաջանում է բացառապես ճշմարտությունը բացահայտելու առաքելությունը: Ինչը հնարավոր չի լինի, եթե չներկայացվեն ճշմարիտ փաստեր, և դրանց հիման վրա իրականացվի համակողմանի ուսումնասիրություն:
Օրենսդրական առաջարկվող փոփոխության համար Արամ Վարդևանյանը հղում է կատարում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքին, համաձայն որի՝ քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են, իսկ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ներկայանալու և բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաև պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին, և, որ հիշյալ պաշտոնատար անձանց հանձնաժողով ներկայանալու և բացատրություններ տալու, ինչպես նաև հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաև նրանց պաշտոնից ազատվելուց հետո, եթե տեղեկատվության տրամադրման պահանջը կամ նիստին ներկայանալու և բացատրություններ տալու հրավերը ստացվել է մինչև պաշտոնից ազատվելը: Սակայն, նախագծի հեղինակի կարծիքով, կանոնակարգ օրենքում ամրագրված պաշտոնյայի ներկայանալու պարտադիր պահանջը դեռևս բավարար չէ ճշմարտությունը բացահայտելու և ներկայացնելու համար: Այսինքն.
«Բացակայում է համապատասխան սանկցիան, որը քննիչ հանձնաժողովի կողմից հրավիրված անձանց ոչ միայն կստիպի ներկայանալ հանձնաժողովին, այլև ներկայացնել միմիայն և բացառապես ճշմարտությունը: Հակառակ դեպքում քննիչ հանձնաժողովների գործունեությունը կվերածվի իրականությունից և հանրային հետաքրքրության շրջանակում գտնվող հարցերից շեղելու գործիքի»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Իսկ ինչով է պայմանավորված նախագծով առաջարկվող տարբերակումը սովորական քննիչ հանձնաժողովներին ու Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրելու միջև: Նախագծի հեղինակի հիմնավորմամբ՝ դա ևս պայմանավորված է «Սահմանադրության և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի իմպերատիվ և տարբերակիչ մոտեցումներով, ինչպես նաև՝ քննարկման ենթակա հարցերի շրջանակով:
«Պատահական չէ նաև, որ նման նախաձեռնություն իրականացվում է այս ժամանակահատվածում և նախկինում նման առանցքային անհրաժեշտություն առաջացած չի եղել: Պատճառը 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը տեղի ունեցած 44-օրյա պատերազմն էր և դրա հանգամանքների համակողմանի ուսումնասիրման վերաբերյալ հայտարարված քննիչ հանձնաժողովի ձևավորման հանգամանքն է: Պետք է նկատել, որ նշված պատերազմի արդյունքում Հայ ժողովրդի հազարավոր Հերոս զինվորական ծառայողներ մարտիրոսվել են, սակայն հանրության մեջ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ նշված պատերազմից հնարավոր էր խուսափել, կամ հնարավոր էր ավելի վաղ դադարեցնել, որի պայմաններում զոհված, թշնամու կողմից սպանված զինվորների կյանքը հնարավոր կլիներ փրկել և կանխել նման իրավիճակը: Այս հանգամանքների վերաբերյալ ցանկացած ոչ հավաստի կամ ոչ լրիվ ճշմարիտ, առավելևս՝ սուտ կամ կեղծ տեղեկություններ հայտնելը նման պայմաններում իրենից ներկայացնում է չափազանց բարձր հանրային վտանգավորության աստիճան, որով պայմանավորված է հենց քրեական քաղաքականության նման խիստ մոտեցումը»:
Նախագծի հեղինակի մեկնաբանությամբ և հիմնավորմամբ քրեական քաղաքականության նման մոտեցումը կարող է միակ արդյունավետ մեխանիզմն ու երաշխիքը դառնալ հատկապես Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի գործունեության հանրային վստահության և ճշմարտության բացահայտման առաքելությունն իրացնելու առումով: Իսկ այս բոլորի նպատակն է՝ նպաստել հնարավորինս նվազեցնելու քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություն տրամադրելը, ինչի արդյունքում էլ քննիչ հանձնաժողովների աշխատանքը և ներկայացրած զեկույցը կլինի հանգամանալից և ճշմարտացի՝ արտահայտելով բացառապես իրական և փաստերի վրա հիմնված օբյեկտիվ իրականությունը, իսկ դրանից շեղվելու փորձեր կատարողները կենթարկվեն քրեական պատասխանատվության, դրանով իսկ ապահովելով նման արարքների կանխարգելման քրեաիրավական նպատակը:
Տեղեկացնենք նաև, որ նախագիծը պաշտոնապես դրվել է շրջանառության մեջ, բայց դեռևս ընդգրկված չէ ԱԺ նստաշրջանի օրակարգում: