«Այլ երկրներում մարդիկ ավելի հեշտ են պատվաստվում, որովհետև վստահում են իրենց իշխանություններին». Կարինե Նալչաջյան

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով՝ տուգանքներով և սպառնալիքներով քաղաքացիների հետ խոսելը համաճարակի հաղթահարման լավագույն տարբերակը չէ:

«Երբ քեզ ստիպում են ինչ-որ մի բան, դա ճնշում է քո անձի վրա, և շատ բնական հակազդում է առաջանում՝ դիմադրելու: Հուզական մակարդակում այդպես է: Բայց մենք գիտենք, որ միայն հուզական մակարդակի հարցը չէ. մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչ նյութերով են ուզում իրենց պատվաստել, արդյո՞ք դրանք իսկապես օգնելու են: Իրազեկվածության խնդիր կա, բացի այդ՝ կան շատ լուրջ կասկածներ: Վակցինացիան փրկել է մարդկությանը, բայց այսօր կան շատ լուրջ տվյալներ, որ այդ նույն վակցինացիան օգտագործվում է հակառակ նպատակներով: Այդ պատվաստանյութը պետք է ժամանակ անցնի, որ փորձարկվի, բայց այդ ժամանակը չի անցել, մարդիկ կասկածներ ունեն, և տագնապային իրավիճակ է ստեղծվել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հոգեբանի խոսքով՝ տագնապը ամենատհաճ ապրումներից մեկն է. «Հիմա մարդիկ ունեն երկու տեսակի տագնապ՝ մեկը՝ վախը հիվանդությունից, որը շատ ռեալ է դառնում, զգում ես, որ օղակը սեղմվում է, հիվանդությունը մոտենում է, մենք տեսնում ենք մահեր, կորուստներ: Մյուս տագնապը՝ բա որ վակցինացվեմ, Աստված գիտի՝ դա ինչ է, այս պահին կարող է չզգամ, բայց 4-5 տարի հետո, ի՞նչ իմանաս՝ իմ օրգանիզմում ինչ է տեղի ունենալու: Չկա վստահություն: Շատերը բերում են այլ երկրների օրինակներ, բայց այլ երկրներում մարդիկ ավելի հեշտ են վակցինացվում՝ նախ իրենց մշակութային, կենսական դիրքորոշումների բերումով, մյուս կողմից՝ իրենք վստահություն ունեն իրենց իշխանությունների նկատմամբ: Հասկանո՞ւմ եք, եթե մենք չունենք այդ վստահությունը, երբ այդ իշխանությունն ինձ ինչ-որ մի բան է ստիպում, անկախ ինձնից մտածում եմ՝ սա ինչ-որ նոր, չար քայլ է կատարվում մեր նկատմամբ»:

Դիտարկմանը՝ բայց իշխանություններն ասում են, որ հանրության անվերապահ վստահությունն ու աջակցությունն են վայելում, նա արձագանքեց.

«Ինքնախաբեությունը լավ բան չէ: Իհարկե, շատ ամոթալի էին վերջին ընտրությունների արդյունքները, բայց եթե նույնիսկ այդ արդյունքներով դատենք՝ մեր ազգաբնակչության ո՞ր տոկոսը մասնակցեց, ո՞ր տոկոսը ընտրեց, ադմինիստրատիվ ռեսուրսով ինչի՞ հասան, և չմոռանանք վախի մթնոլորտը: Այսօր Հայաստանում ամենատարածված էմոցիան վախը և տագնապն են»:

Կարինե Նալչաջյանը ընդգծեց՝ պատվաստումը պետք է լինի կամավոր, պետք է հարգել մարդու անձը.

«Մարդը պետք է ինքը ընտրի՝ իր որ տագնապն է իրեն ավելի շատ տառապանք պատճառում: Եթե ես ավելի շատ վախենում եմ հիվանդանալուց և ուզում եմ գնալ և վակցինացվել, ես պետք է գնամ, բայց եթե ես այդքան վախ չունեմ հիվանդությունից, որքան պատվաստումից… Մարդու մարմինը նրա հոգեկան աշխարհի շարունակական մասն է, հիմա եթե մարդը չի հավատում պատվաստանյութին, և դա ներարկվել է իր մեջ, դա սարսափելի ծանր իրավիճակ է, նա անընդհատ ֆիքսված է իր մարմնի վրա, իր մարմնի յուրաքանչյուր դրսևորման դեպքում կարող է մտածել, թե դա պատվաստանյութի բացասական ազդեցությունն է: Մենք այս ի՞նչ ենք անում. հասարակությանը դարձնում ենք տագնապային, նևրոտիկ մարդկանց մի հանրույթ: Պետք է լինի կամավոր, եթե ես չեմ ուզում, որևէ մեկը իրավունք չունի ինձ ստիպել»:

Նրա խոսքով՝ մարդկանց աչքերը բացվել են, մարդիկ վիրավորված են և իրենց խաբված ու արհամարհված են զգում. «Համենայնդեպս, ես չեմ հանդիպում մարդկանց, ովքեր գոհ են: Հիմա «ես Նիկոլի կողմից եմ», «ես համաձայն եմ այսօրվա իշխանության քաղաքականության հետ» և նման արտահայտությունները վատ տոն են դարձել, մարդիկ դա չեն ասում: Երբ երեխան ինչ-որ բան է անում, հետո թաքնվում է, ամաչում է դա անելուց, մոտավորապես այդպիսի ռեակցիա է: Մարդիկ հասկանում են, որ մի տեսակ ամոթալի բան է այդպիսի դիրքորոշում արտահայտելը, այլ խնդիր է, որ կա վախի մթնոլորտ: Հասարակության մեջ կուտակված էներգիան ագրեսիվ և ոչնչացնող չէ, սա ստեղծված իրավիճակից փրկության ելք գտնելու, դեպի մսաղաց չգնալու էներգիան է: Ժողովրդին չի կարելի մեղադրել, մեղադրել ու մեղադրել, ժողովրդին առաջնորդել է պետք: Լավ առաջնորդության կարիք կա: Ինչ-որ մեկը կարող է լինել լավ կառավարիչ, բայց ոչ լավ առաջնորդ: Հիմա մենք այս պահին առաջնորդի պակաս ունենք: Մի խարիզմատիկ առաջնորդություն, և դուք կտեսնեք, թե ինչպես կպոռթկա ամբողջ հայությունը»:

Անդրադառնալով նոյեմբերի 8-ին սպասվող հանրահավաքին, նա հետևյալն ասաց. «Ես հավատում եմ, որ նոյեմբերի 8-ը իսկապես կարող է մեզ համար բեկումնային լինել: Այս վախի մթնոլորտը պետք է հաղթահարվի: Մենք այնքան կորուստներ ունենք, էլ ի՞նչ վախենալու բան ունենք»:

Նախորդ տարի մեր տաղավարում բնութագրելով Նիկոլ Փաշինյանի կերպարը, հոգեբանն ասել էր. «Խիղճ չունի, խաբում է, խարիզմատիկ է, փառասեր, ընդունակ է ռիսկի, բայց հոգով վախկոտ է»: Հետաքրքրվեցինք՝ փոփոխություն տեսնո՞ւմ է Փաշինյանի կերպարում:

«Մարդկային կերպարը այդքան արագ չի փոփոխվում: Նա ուղղակի ավելի լարված է դարձել: Ես փոփոխություն չեմ տեսնում, այդ նույն հատկանիշները կան, ես նույնիսկ կասեի՝ ավելի խորացված: Ես այն ժամանակ չեմ ասել բարոյական կերպարի մասին, հիմա ուղղակի կավելացնեմ՝ զրո բարոյականություն: Եթե մարդը բացարձակապես մեղքի, պատասխանատվության զգացում չունի, այստեղ արդեն խոսում ենք բարոյական զրոյի մասին»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս