Իսկ տեղյա՞կ եք՝ ո՞ւմ ձեռքում է Սյունիքի «միջանցք» համարվող խաղաքարտը. Արտակ Զաքարյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 3-ին Հայաստանում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։
Հայաստանի և Արցախի ղեկավարները հանդիպման ընթացքում անդրադարձել են Արցախի կարգավիճակի խնդրին՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում թե Փաշինյանը, և թե Հարությունյանը ընդգծել են ազգերի ինքնորոշման իրավունքի անհրաժեշտությունը՝ որպես Արցախի հակամարտության կարգավորման և Արցախի կարգավիճակի ճշգրտման բանալի։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյանի և Հարությունյանի հանդիպման վերը նշված շեշտադրումներին, ՀՀԿ Խորհրդի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը շեշտեց, թե կողմ լինելով ազգերի ինքնորոշման իրավունքին՝ տարակուսում է, որ այդ մասին խոսում են այն մարդիկ, որոնք քանդել են հենց դրա վրա կառուցված մի ողջ բանակցային գործընթաց։
«20 տարի և ավելի տևած բանակցային գործընթացի հիմքում էր այդ սկզբունքը։ Աշխարհը, կարծես թե, արդեն սկսել էր ընդունել դա, կար հսկայական իրավական և քաղաքական բազա, խնդրի հանրաճանաչում, շատ երկրների աջակցություն, ինչպես նաև՝ տարածաշրջանային ռազմական բալանս։ Այս ամբողջն ավերելուց հետո հիմա եկել ու խոսում են ինքնորոշման իրավունքից, իսկ դա նման է նրան, որ առաջին դասարանի աշակերտը խոսի քվանտային ֆիզիկայից, այնպես որ, սա հերթական հայտարարությունն է՝ հայտարարության համար։
Իրենք ավելի լավ կանեն՝ արտաբերեն, որ Հադրութն ու Շուշին օկուպացված են, թե չէ ոգևորվել են ԱՄՆ պաշտոնյաների կողմից արված մեկ-երկու հայտարարություններից ու անում են իրավիճակային արտահայտություններ, բայց եթե վաղն իրենց ասեն՝ ինչպե՞ս եք ձեր ասած այդ ինքնորոշման իրավունքը իրացնելու, չեն կարողանալու պատասխանել»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ ընդգծելով՝ ինքնորոշման իրավունքի մասին խոսելու իրավունք չունի նույն Արայիկ Հարությունյանը, որը երկիրը բերել հասցրել է մի իրավիճակի, որ իր հեռացվելուց հետո Արցախում այլևս կարող է հնարավոր չլինել նախագահական ընտրություն անցկացնել։
«Ժողովրդին ողբերգության առաջ են կանգնեցրել ու խոսում են ինքնորոշման իրավունքից, որը, այո՛, ես համարում եմ Արցախի կարգավիճակի լուծման համար շատ կարևոր»,- ասաց Արտակ Զաքարյանը։
Արայիկ Հարությունյանի այցի և հերթական փաստաթղթերի ստորագրման միջև այս պահին կապ չտեսնող Պաշտպանության նախկին փոխնախարարը պնդում է, թեև այս կապն այս պահին տեսանելի չէ, սակայն ակնհայտ է, որ սահմանների սահմանագծում և սահմանազատում իրականացնելու համար Հայաստանը պետք է ունենա անհրաժեշտ դիրքավորում և քաղաքական մեկնարկային վիճակ, ինչը չունի, հետևաբար, ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանի համար լինելու է հաջորդ կապիտուլյացիան։
«Պարզ է, չէ՞, որ սահմանագծման և սահմանազատման ժամանակ առաջանալու են վիճելի հարցեր, պարզ է, չէ՞, թե ինչո՞ւ են ադրբեջանցիները մտել Հայաստան ու դուրս չեն գալիս։ Վստահ եմ, դուրս չեն գալու նրանք Հայաստանից, իսկ ո՞վ է նրանց մինչև հիմա ստիպել նահանջել. Այո՛, ասվել է հայելային ետքաշման մասին, իսկ այդ ասողին մինչև հիմա ո՞վ է լսել։ Սյունիքի շուրջ Ադրբեջանի հետ պայմանավորվելու են ռազմական բախումնալից իրավիճակ, տագնապ, ժողովուրդն էլ ասելու է՝ թող ստորագրի, ու ստորագրելու է։ Սա է կապիտուլյանտի էությունը։ Նա որևէ հարցի համար քաղաքական պատասխանատվություն չի կրել, այնպես որ, այս կապիտուլյանտի հետ որևէ մեկը չի պայմանավորվելու սահմանագծման ու սահմանազատման ժամանակ։
Եթե Ալիևը պայմանավորվի Փաշինյանի հետ ու զորքը ետ քաշի, ես կասեմ, որ դեբիլի մեկն է, քաղաքականությունից որևէ բան չի հասկանում, որովհետև այս աշխարհաքաղաքական խառը բազմաշերտ իրավիճակում չկա որևէ կողմ, որը պաշտպանի Հայաստանի շահը, որովհետև առաջինը դա չի անում նաև իշխանությունը»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ շեշտելով՝ Հայաստանի շահը հաշվի առնող չկա նաև տարածաշրջանային 3+3 նոր հարթակի ստեղծման փուլում, որովհետև առաջին հերթին Հայաստանի իշխանությունը արել է այնպես, որ պաշտոնական Երևան այլևս գոյություն չունի։
«Մեզ հիմա ասում են՝ եթե չեք ուզում 3+3 ձևաչափն աշխատի, ապա իմացեք, որ 3+2-ի աշխատելու դեպքում, միևնույն է, ձեր ճանապարհները պետք է բացեք, ու ինչ անենք՝ ձեր ճանապարհների վրայով եք գնալու-գալու։ Նման իրավիճակը կոչվում է խաղ՝ զրոյական խաղաքարտով։ Հայաստանում կա մի իշխանություն, որը չունի խաղաթուղթ և պատրաստ է ծառայել ցանկացած ներքին ու արտաքին ուժերի, միայն թե իր աթոռը կարողանա պահել։ Հետևաբար՝ տարածաշրջանային որևէ խաղացող որևէ փաստ, ազդեցության և կախման կետ չունեցող Հայաստանի հետ որևէ պրոյեկտի շուրջ չի քննարկելու որևէ հարց։ Դա ամենայն լրջությամբ անում են այդ պրոյեկտին դեմ Վրաստանի հետ, բայց մեզ հետ չեն անի, մինչդեռ ակնհայտ է՝ Հարավային Կովկասին առնչվող բոլոր հարցերը քննարկվում են արդեն Թուրքիայի հետ, իսկ այս իշխանությունը հայտնվել է ենթակայի կարգավիճակում»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ ընդգծելով, որ, եթե անգամ Սյունիքը հնարավոր լինի որպես խաղաքարտ օգտագործել Թուրքիայի և Արդբեջանի դեմ, ապա հարց է առաջանում, իսկ ո՞ւմ ձեռքում է այդ խաղաքարտը։
«Ո՞ւմ ձեռքում է. արդյո՞ք նա ներկայացնում է Հայաստանի շահը, իհարկե ոչ»,- ասաց Զաքարյանը։
Պաշտպանության նախկին փոխնախարարը անդրադարձավ նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծմանն ու դրա կազմում ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովաննիսյանին որպես փորձագետ ներառելու հարցին։
«Զաքիր Հասանովին, Ալիևին էլ թող ներառեն այդ հանձնաժողով, նրանք ավելի հստակ կասեն՝ ինչու և ինչպես եղավ։ Արծրուն Հովհաննիսյանն ի՞նչ պետք է ասի, ինչ ասել է՝ բոլորը սուտ են եղել։ Արծրուն Հովհաննիսյանին դարձրել են այս երկրի խոշոր ռազմագետը։ Հասկանում եք՝ մարդիկ, ովքեր պետք է պատասխանատու լինեն շատ բաների համար, կարո՞ղ է՝ բռնեն ու ասեն՝ մենք ենք մեղավոր։ Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը հանձնած իշխանությունը արդյո՞ք պետք է նստի և արդար քննի, թե ով էր մեղավոր, ով՝ ոչ։ Իսկ Արծրուն Հովհաննիսյանը, Սամվել Բաբայանը արդյո՞ք կմտնեին քննիչ հանձնաժողովի կազմ, եթե իշխանությունը Նիկոլը չլիներ։ Վստահ եմ՝ երբ իշխանությունը փոխվեց, Արծրուն Հովհաննիսյանն այնքան բան կպատմի»,- ասաց Զաքարյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում