ՄԻՊ գրասենյակի ծանրաբեռնվածությունն այս տարիների ընթացքում ավելի է մեծացել. ինչո՞ւ է ընտրվել այդ չափով բարձրացումը. Պատգամավորը՝ նախարարին
«Աշխատակազմի կողմից նախատեսվում է 2022թ.-ին իրականացնել 1 ծրագիր, որում ընդգրկված են 3 միջոցառումներ: Հանրագումարով 2022թ. բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսավորումը կազմում է 542 մլն 700 հազար դրամ՝ 2021 թվականի պետբյուջեով նախատեսված 532 մլն 500 հազար դրամի դիմաց. Աճը կազմում է 1.92 տոկոս»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջեին՝ նշեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց՝ այս տարվա մարտ-ապրիլ ամսին Ֆինանսների նախարարությունը պատրաստել էր աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի օրենքի հոդվածներից մեկը փոխելու, ֆինանսավորումը կրճատելու վերաբերյալ:
«Մեծ աղմուկ բարձրացավ, այդ թվում՝ միջազգային, և առկախվեց. այդ նախագիծը դեռ մնո՞ւմ է օրակագում, թե՞ դրվեց դարակներում»,- հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան՝ ֆինանսների նախարարը հայտնեց, որ նախագիծը, քանի դեռ կառավարության կողմից՝ ԱԺ սահմանված կարգով քննարկման ներկայացված չէ, նշանակում է՝ չունի այն կարգավիճակը, որ այստեղ քննարկեն:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ֆինանսավորման գրեթե 2 տոկոսանոց աճը. «Մենք գիտենք, որ ՄԻՊ գրասենյակի ծանրաբեռնվածությունն այս տարիների ընթացքում ավելի է մեծացել, և, ենթադրաբար, ավելի շատ կարիք կար հաստիքների համալրման. ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ է ընտրվել այդ չափով բարձրացումը»:
Ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այնպես էլ մյուս բոլոր գերատեսչությունների դեպքում բյուջեի նախագծում ներառված վերջնական ֆինանսական ցուցանիշներն արտացոլում են այն իրավական ակտերի ֆինանսական պատկերը, որոնք կայացված են:
«Այսինքն՝ եթե մենք խոսում ենք հաստիքակազմի վերաբերյալ, Ֆինանսների նախարարությունը պետական բյուջեի նախագիծը քննարկելու կամ ամփոփելու փուլում իրավասու չէ քննարկել, թե որ պետական կառավարման մարմինը որքան հաստիքներ պետք է ունենա, կամ այդ հաստիքներն ինչպիսի պաշտոնային աստիճաններ պետք է ներկայացնեն, այլ մենք միայն ստուգում և պետբյուջեի նախագծում արտացոլում ենք այդ կայացված որոշումներին համապատասխան իրավական ակտերով ամրագրված ֆինանսական ցուցանիշները»,- պարզաբանեց Տիգրան Խաչատրյանը:
Թագուհի Թովմասյանն արձագանքելով՝ հնչեցրեց մի քանի թվեր, որոնք, ըստ նրա, պետք է դիտարկել՝ որպես իրավական ակտերի հիմքեր. «2018թ.-ին ՄԻՊ գրասենյակին դիմել է 10 հազար 740 քաղաքացի, 2019-ին՝ 13 հազար 140 քաղաքացի, 2020-ին՝ 14 հազար 780 քաղաքացի: Այսինքն` այս տարիներին շեշտակի աճել է ՄԻՊ-ին դիմող քաղաքացիների թիվը, և հետևաբար, պետք է սպասարկել այդքան դիմումները: Դրանից ավել ի՞նչ հիմք է պետք, որպեսզի կառավարությունը համարժեք պատասխան տար այս իրավիճակին՝ բյուջեի տեսքով, աշխատակիցների ներգրավման տեսքով»:
Նախարարն էլ նկատեց, որ եթե անգամ դիմումների քանակը մնար նույնը, սակայն հիմնավորվեր, որ եղած աշխատակազմը իր հաստիքային կազմով դիմումների բնույթի փոփոխության պատճառով ավելի մեծ ծավալի աշխատանք է կատարում, այդ հարցը կարող էր քննարկվել և քննարկվել է հավանաբար:
«Ես վստահ եմ, որ, եթե կան համապատասխան հիմնավորումներ, ապա այդ դեպքում կայացվում են որոշումներ, և երբեք այդ վերջին ամսաթիվ դրված չէ. նաև հետագա ամիսներն են դրա համար, որ եթե օբյեկտիվորեն աշխատանքների ծավալն ավելանա այնպես, որ պետք կլինի վերանայել աշխատակազմին վերաբերող հարցերը, ապա կառավարությունը սահմանված կարգով այդ որոշումները կկայացնի»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք՝ Կառավարության մարտի 11-ի նիստում ընդունվել էր օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկվում էր «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Օրենքի այդ հատվածում սահմանված է․
«Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով»։
Ֆինանսների նախարարության առաջարկով՝ ՄԻՊ-ին ֆինանսավորելիս պարտավոր չեն նախորդ տարվա ֆինանսավորման չափ կամ ավելի հատկացնել։ Այսինքն՝ կկարողանան նաև պակաս ֆինանսավորել։ Նախագծի հեղինակները համոզված են, որ այս մոտեցումը բխում է կառավարության 2019թ.-ի ծրագրից, բյուջետային համակարգի միասնականության, օգտագործման արդյունավետության սկզբունքներից։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ծավալուն առարկություններ էր ներկայացրել Ֆինանսների նախարարությանը, որոնք, սակայն, անընդունելի էին համարվել:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատում նախատեսող և Կառավարության նիստում հավանության արժանացած նախագիծը համարում էր խտրական։
«Այն ուղղված է միայն ՄԻՊ-ի ֆինանսավորման սահմանափակումներին»,- ասել էր ՄԻՊ-ը` նշելով, որ մյուս պետական մարմինների ֆինանսավորումը չի կրճատվել: