«Տատիկը քո ընկերն էր, քո տատիկն էր, քո մերն էր․․․ մեռնեմ ջանիդ, ինձ կներե՜ս, կներե՜ս»․ զոհված զինվորի տատիկ

Արցախում արդբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Նարեկ Սահակյանի տատիկին՝ Երջանիկ Սարուխանյանին, գրեթե ամեն օր կարող եք հանդիպել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ թոռան գերեզմանաքարը գրկած լացելիս։

Տիկին Երջանիկը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Նարեկի մայրը 3 տարի առաջ էր մահացել, դրանից հետո ինքը Նարեկի համար և՛ տատիկ էր, և՛ մայր․

«Ես էի խնամում Նարեկին, իմ դաստիարակությունը ստացավ, որպեսզի լավ մարդ դառնա, լավ մարդ, ես կարևորը ուսումը չէի համարում, ինչքան լավ մարդ լինելը։ Ես իմ պարտքն եմ համարում իմ ամեն օրվա այցելությունը Նարեկին․․․ Իմ բալեն այն լավ երիտասարդներից է, որոնք սիրեցին հայրենիքը, ընտանիքը ու հետ չեն քաշվել ոչ մի րոպե, ոչ մի թիզ, մինչև իրենց կյանքի վերջը պայքարել են․․․ Նարեկիս մասին այնքան լավ բնութագրեր են ուղարկել, մեդալ են ուղարկել, բայց ի՞նչ անեմ, այս երեխեքը հանուն հայրենիքի զոհվեցին, բայց որոշ մարդիկ, որոշ պաշտոնյաներ ասում են՝ այս հողը մեզ պետք չի, դա ասելու բան չի։ Եթե հողը պետք չի, բա ինչի՞ այս երեխեքը զոհվեցին, կամ, ո՞ր խելացի մարդը այդ արտահայտությունը կանի, ազգն ապրում է հողով, իր հայրենիքով, բայց որ սխալ արտահայտություններ են անում, ես տեղս չեմ գտնում, բա ինչի՞ երեխեքին տարաք զոհիք, եթե հողը պետք չի, եթե թիկունքը չկա, ղեկավարությունն անտեր թողեց․․․ Ես զարմանում եմ ուղղակի ու չեմ կարողանում ներեմ, չեմ կարողանում, ցավդ տանե՜մ, ինձ չեմ կարում ներեմ, ես չպաշտպանեցի իմ բալին, իրենց նման չվարվեցի, ասացի՝ բա ի՞նչ պետք է անի, պետք է պայքարի, զինվոր է, եթե զինվորը չանի, ո՞վ պետք է անի, ու հիմա ես մեղավոր եմ զգում իմ բալի կորստի համար․․․

Իմ տեղը հիմա սա է, ամեն օր գամ, իմ բալի վրա լացեմ, արցունքներ թափեմ, թողնեմ գնամ․․․ Ստից բաներ են ասում, խսում, սաղ սուտ է, ընտանիքը՝ հերը, մերը, քույրը, եղբայրը, որ սենց մրմուռը պետք է տանեն մինչև իրենց մեռնելը։ Ամեն օր ասում եմ՝ Աստված ջան, իրիկունը քնեմ, առավոտը չլուսացնեմ․․․»։

Նարեկը նախքան զորակոչվելն ընդունվել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարան, տատիկի հետ պլաններ էին կազմել՝ զորացրվելուց հետո միասին գինեգործությամբ պետք է զբաղվեին․

«Գյուղակադեմիայի մոտով անցնում եմ, աչքս ինստիտուտի վրա է, թե հես ա Նարեկս կերևա, մեռնեմ բալիս։ Ինչ հաճույքով էր գնում, ինչքան ուրախ, որ ընդունվել էր։ Ասաց՝ տատիկ, կօգնե՞ս ինձ, ասացի՝ հա, ցավդ տանեմ, ես ամեն հարցում կօգնեմ քեզ, մեռնեմ ջանիդ։ Տատիկը քո ընկերն էր, քո տատիկն էր, քո մերն էր, տատիկը քեզ համար ամեն ինչ էր, մեռնեմ ջանիդ, ինձ կներե՜ս, կներե՜ս․․․ Իր սիրած բաներն եմ հիշում, ուտելն եմ հիշում, խոսելն եմ հիշում, ամեն բառն եմ հիշում ու մղկտում, ամեն օրս այսպես է անցնում՝ կամ Եռաբլուր, կամ ավտոբուսի մեջ լացելով, մտածում եմ՝ կողքից կասեն՝ գիժ է այս կինը, պահի տակ մի բան եմ հիշում Նարեկիս մասին ու սկսում լացել․․․»։

Զոհվածի տատիկը մեղադրում է օրվա իշխանություններին, որ օր առաջ քայլեր չձեռնարկեցին պատերազմը դադարեցնելու համար, ինչի հետևանքով և հազարավոր զոհեր ունեցանք, և տարածքներ հանձնվեցին թշնամուն։ Ապագայի մասին իշխանությունների հայտարարություններին էլ չի հավատում․

«Ես ապագա չեմ տեսնում, ապագան տեսնում եմ վերին խավի մի քանի պաշտոնյաների մոտ, որոնք պարգևավճարներ են ստանում, բայց իմ նման սգվորն ի՞նչ ապագա ունենա, իմ ապագան սա էր, որ էլ խորտակվեց։ Իմ ապագան Նարեկն է, որ ես էլ չունեմ․․․»։

168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Նարեկ Մանուկյանի մարտական գործողություններին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս