Արայիկ Հարությյունյանի այցը Մոսկվա մեկնաբանման ենթակա չէ
InfoPort.am–ը գրել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այս օրերին աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում է, որի շրջանակում հանդիպում է եղել ռուսաստանյան պաշտոնական տարբեր օղակների հետ:
168.am-ը փորձեց այս առնչությամբ պարզաբանում ստանալ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից, ինչին ի պատասխան՝ նա նշեց.
«Որևէ պարզաբանում չի լինելու»:
Ըստ էության, Ավանեսյանը չհերքեց Արայիկ Հարությունյանի մոսկովյան այցի փաստը:
Հավելենք, որ Ալիք Մեդիան՝ հղում անելով «դիվանագիտական վստահելի աղբյուրներին, հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու:
Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները:
Ըստ էության, սա առնչվում է նաև Արցախի հետ և, թերևս, քննարկելու կամ տեղեկացնելու բաներ կան նաև Արցախի նախագահին:
Ի դեպ, «ճակատագրի հեգնանքով» Արցախի նախագահը Մոսկվայում է նույն այն օրը, երբ մեկ տարի առաջ նամակ էր հղել ՌԴ նախագահին, որում, մասնավորապես, նշել էր.
«Կցանկանայի հատուկ շեշտել, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փուլերում ՌԴ-ն իրացրել է միջազգային իրավունքով սահմանված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ն հանդես է գալիս թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, և թե՛ առանձին դերակատարությամբ: Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիվ դերակատարությունը և որոշիչ առաքելությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում՝ հատկապես, 1994 թ. հրադադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: ՌԴ-ն որոշիչ դերակատարությամբ հանդես եկավ նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության սրման հերթական փուլում՝ 2016 թ. ապրիլի 5-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը վերականգնելու մասին՝ համաձայն 1994 թ. հրադադարի հաստատման համաձայնագրի:
Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին:
Դուք նշել եք Ձեր ելույթում. «Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»: Դժբախտաբար, այս ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է առ այսօր:
Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի
Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ»: