«Հնարավոր էր Հադրութի հատվածում կանգնեցնել հակառակորդին». Սեյրան Օհանյան
Այսօր «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած հերթական քննարկման ժամանակ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն Արցախի հերոս, Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին՝ եթե նա լիներ ղեկավար, 44-օրյա պատերազմն ի՞նչ ընթացք կունենար։
Պատասխանելուց առաջ Սեյրան Օհանյանը մեջբերեց Նժդեհի խոսքերը, որտեղ շեշտը դրվում է հաղթանակների վրա. «Հաղթանակները կպտղաբերեն, եթե դաշտերը ոռոգված են արյամբ»։
«Նժդեհն ուզում է ասել, որ սերունդների պատմությունը կերտում են նվիրումի ու անձնազոհության հաշվին։ Եթե Արցախի առաջին մարտում ունեցել ենք նվիրյալներ, որոնք իրենց կյանքը զոհել են, և հպարտություն ենք ապրել, հպարտություն են ապրել նաև նրանց բոլոր հարազատները, որովհետև նրանց որդիների անձնազոհության հաշվին է, որ մենք կարողացել ենք փրկել մեր ժողովրդի արժանապատվությունը։ Հիմա լինելով ձեզ հետ, չափազանց դժվար է նման հպարտության պահ ապրել, հաշվի առնելով այն, որ եթե գոնե հաղթանակ լիներ, ինչ-որ կերպ արդարացված կլիներ այս ամենը, ինչ ձեր որդիներն արել են։ Ուզում եմ նաև, որ դուք վստահ լինեք, որ ձեր որդիները մարտնչել են անձնազոհաբար»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա, կյանքը շարունակելու և ներկայիս դժվարին իրավիճակից դուրս գալու համար պետք է կարողանան ճիշտ գնահատական տալ, առանց որի հնարավոր չէ ճիշտ ռազմավարություն մշակել հետագա զարգացումների համար։ Մինչդեռ այսօր՝ պատերազմից մեկ տարի անց, տեսնում ենք, որ, սակայն, իրողությանը դեռ գնահատական չեն տվել։
«Իրողությանը գնահատական կարող են տալ ոչ թե հասարակական գործիչները, անհատները, այլ այն մարդիկ, որոնք տիրապետում են համապատասխան տեղեկատվության։ Այն ստերը, որոնք մինչ օրս եղել են, թե այս կամ այն պաշտոնյան, զինվորականը, գեներալը չգիտեմ ինչ են արել՝ իրականությանը չի համապատասխանում։ Միայն պետական ու ռազմական կառավարման լծակներ ունեցող մարդիկ կարող են ղեկավարել իրադարձությունները։ ՀՀ իշխանությունն այս մեկ տարվա ընթացքում բոլոր գործիքակազմերն ունեցել է գնահատական տալու»,- շեշտեց նա։
Նա նկատեց, որ մեկ տարի է՝ խոսում են Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու անհետ կորած տղաների մասին, սակայն մինչ օրս երկրում չկա միջգերատեսչական համադրմամբ գերիների, պատանդների, անհայտ կորածների հանձնաժողով։
«Իրականում մենք կարող էինք այնպես անել, որ այս պատերազմը չլիներ, որովհետև ՀՀ իշխանությունները երկար տարիների ընթացքում ձեռք են բերել բանակցային մի մեծ ուժ։ Որքան էլ խոսեն այս կամ այն փաստաթղթի մասին, այս կամ այն վայրում, այս կամ այն քաղաքում ստորագրված կամ չստորագրված փաստաթղթի մասին, դրանք բոլորը բանակցելու համար են եղել։ Եկավ իշխանությունը, որն ամեն ինչ պետք է սկսեր զրոյից, իսկ այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, այնտեղ սկսվում է պատերազմը։ Մեր ամբողջ պատմության ընթացքում մեզ ուղեկցել է այն գաղափարախոսությունը, որ վտանգի պահին հայ ժողովուրդը միասնական է, այս վերջին պատերազմի ընթացքում այդ սկզբունքը խաթարվել է, որովհետև այս իշխանությունը եկավ ու մեր հասարակությանը տարանջատեց, հասարակության մեծ բևեռացում տեղի ունեցավ»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Ինչ վերաբերում է պատերազմը կանգնեցնելուն, Սեյրան Օհանյանն ասաց.
«Հնարավոր էր հատկապես լեռնաանտառային պայմաններում, հարավային գոտում՝ Հադրութի հատվածում կանգնեցնել հակառակորդին»։
Մանրամասները՝ 168.am–ի տեսանյութում