ԿԲ-ի պահուստից միլիոնավոր դոլարներ են ծախսում միայն իշխանության պահպանման համար. Հրանտ Միքայելյան
2022 թվականի պետական բյուջեի նախագծով Պաշտպանության նախարարության համար նախատեսվել է հատկացնել 345 միլիարդ 420.8 մլն դրամ։ 2021 թվականի համեմատ ՊՆ ծախսերի աճը 2022-ին այսպիսով կկազմի 33,726.7 մլն դրամ կամ 10.8%։
Թեև Պաշտպանության նախարարությանը հատկացվելիք միջոցները պատերազմից հետո զգալի չեն ավելացել, փոխարենը՝ նկատելիորեն բարելավվել է, օրինակ, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին սպասարկող թիկնազորի վիճակը, որոնց համար 100 հազար դոլարով կգնվի 2 նոր մեքենա։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը պատերազմում պարտված բանակի համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսված ընդամենը 10.8 տոկոսի ավելացումն ամենևին էլ աճ չհամարեց, քանի որ, ըստ նրա, նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 2021 թվականի սեպտեմբերին արդեն ունենք 8.9 տոկոս գնաճ, ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք ընդամենը սովորական ինդեքսավորման հետ, և ոչ թե՝ բյուջեով նախատեսված ֆինանսավորման աճի։
«Մյուս կողմից, պետք է նկատի ունենալ, որ, եթե առաջ շատ մեծ գումարներ էին ուղղվում Արցախի Պաշտպանության բանակին, ապա հիմա այդ ծախսերը կրճատվել են. էնպես որ, հատկացված բյուջեն բանակն ուղղակի ապահովելու է սնունդով և աշխատավարձով։ Այս համատեքստում՝ եթե մենք բանակ ասելով՝ նկատի ունենք ելակ ու ներքնաշոր, ապա, իհարկե, այդ գումարը բավարար է լինելու դրանց համար, բայց արդյո՞ք մեզ նման բանակ է անհրաժեշտ. չէ՞ որ, եթե բանակը չենք արդիականացնում, զինված ուժերը, ապա հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ ենք բանակ պահում առհասարակ, չէ՞ որ կարող ենք այդ միլիարդները հատկացնել՝ բոլորովին այլ ծախսեր իրականացնել։ Իմ տեղեկություններով՝ բանակը չի արդիականացվում։ Մենք հիմա ունենք նոր սպառազինության ձեռքբերման անհրաժեշտություն, հետևաբար, եթե այս քայլերը չեն արվում, հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ արդյունք ենք մենք ակնկալում բանակից։
Այս հարցը տալիս էլ պետք է հիշել, որ Պաշտպանության նախարարի, ԳՇ-ի և վարչապետի չարածների հետևանքները հայ ժողովրդի համար արժեցել են հսկայական կորուստներ։ Իսկ ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարի թիկնազորի համար նոր մեքենաների համար հատկացված 100 հազար դոլարին, ապա առաջարկում եմ, որ դրա մասին խոսեն այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ բղավում էին կոռուպցիայի մասին։ Ես այդ ծախսերը կհամարեի ոչ նպատակային և հարց կտայի՝ իսկ այդ ծախսն ինչո՞վ է տարբերվում կոռուպցիայից»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ անգամ պատերազմից հետո մեր իշխանությունը զբաղված է գումարներ մսխելով Կենտրոնական բանկի պահուստային ֆոնդից՝ ոչ թե պետության սահմաններն անվտանգ դարձնելու, այլ բացառապես մեկ նպատակով։
«Դրամի փոխարժեքի պահպանման համար Կենտրոնական բանկի պահուստային ֆոնդից հարյուր-միլիոնավոր դոլարներ են ծախսվել՝ քաղաքական կայունության՝ այսինքն՝ գործող իշխանությանը պահելու համար։
Իշխանության պահպանման փաթեթն իր մեջ ներառում է մի քանի հարյուր միլիոն դոլար, հետևապես, ես պնդում եմ, որ սրանք ոչ նպատակային ծախսված գումարներ են այն դեպքում, երբ Ադրբեջանը հիմա էլ է պատրաստվում է պատերազմի»,- ասաց քաղաքագետը։
Ըստ Միքայելյանի՝ այն, որ Ադրբեջանն այսօր հերթական զորավարժությունն է անցկացնում Լաչինում, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ երկիրը պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ՝ պատերազմի։
Քաղաքագետի համոզմամբ՝ պատերազմ կարող է սկսվել միայն մեկ կողմի նախաձեռնությամբ, այս դեպքում՝ Ադրբեջանի, իսկ խաղաղության հասնելու համար երկու կողմերի համաձայնությունն է պետք, ինչն այս պահին չկա։
«Երբ Փաշինյանն ասում է, որ ինքը բացում է խաղաղության դարաշրջանը, թող մարդիկ իրենց հարց տան՝ ինչո՞վ է բացում, ինչո՞վ կարող է դա անել, ինչո՞ւ է նման հայտարարություններ անում, իսկ գուցե նրա համար, որ Հայաստանը չպատրաստվի՞ հաջորդ պատերազմին. չէ՞ որ մենք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից որևէ խաղաղարար քայլ չենք տեսնում։ Եթե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ապա ո՞ւմ հետ, որտե՞ղ և ի՞նչ նպատակով, իսկ այն, որ պատրաստվում է, դա հասկանալի է դառնում, երբ հիշում ենք, որ 44-օրյա պատերազմը սկսելուց առաջ զորավարժություններ էին անում այնպես, ինչպես հիմա։
Այնպես որ, անվտանգության հարցով հանգստությունը բերում է պատերազմի կամ ցեղասպանության, ուստի, եթե մենք լուրջ չենք վերաբերվում այս հարցին, դա ամենևին էլ չի նշանակում, որ Ադրբեջանը որևէ բան չի անելու»,- ասաց Միքայելյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան հիմա ակտիվորեն ներգրավված են 3+3 ձևաչափի կայացման գործում, որն ամենևին էլ հայկական կողմի շահերից չի բխում։
«Այդ ձևաչափին, ըստ էության, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը կողմ են, իսկ ի՞նչ է անում Հայաստանը, ոչինչ։ Պարզ է, որ ոչինչ. դիրքորոշում չի հայտնելու և մեկ էլ միանգամից մտնելու է դրա մեջ, որտեղ մեզ համար շատ ավելի բարդ է լինելու, որովհետև երեք երկրներ ուժ պրոյեկտելու հնարավորություն են ունենալու, իսկ մենք՝ ոչ»,- ասաց քաղաքագետը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում