«Անշուշտ, միանգամից մենք պատասխան չենք ակնկալում, հուսանք՝ լավ կլինի». Արցախի թեմի առաջնորդ

Հոկտեմբերի 14-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հրավիրված «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Լուսինե Ղարախանյանն ասել էր, որ այսօր հայկական կողմը՝ ի դեմս Ադրբեջանի, գործ ունի չափազանց ագրեսիվ հարևանների հետ, որոնց հետ հաղորդակցվելը չափազանց դժվար է։

«Ռուս խաղաղապահների շնորհիվ այսօր մենք պահում ենք Դադիվանքը և այնտեղ ունենք վեց հոգի հոգևոր սպասավորներ։ Այս պահին ժամանակավորապես դադարեցված են ուխտագնացությունները դեպի Դադիվանք, սակայն մենք նորից վերականգնելու ենք դա։ Այդ ամենն արդեն վերականգնվել է օրերս Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում՝ Հայաստանի Վեհափառի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միջև։ Մենք նորից սկսելու ենք դեպի Դադիվանք ուխտագնացությունները»,- իր խոսքում նշել էր Արցախի ԿԳՄՍ նախարարը։

168.amի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասաց, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում  Հայաստանի Վեհափառի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միջև եկեղեցիների առնչությամբ քննարկումներ եղել են, այդ թվում՝ Դադիվանքի։

«Պատրիարքին ենք ներկայացրել  խնդիրը, Վեհափառ հայրապետի կողմից բարձրացրած խնդիրների մեջ էլ է այդ հարցը շոշափվել։ Անշուշտ, միանգամից մենք պատասխան չենք ակնկալում։ Ասեմ՝ Պատրիարքի ուշադրությանն ենք ներկայացրել խնդիրը բարձր մակարդակով, հուսանք՝ լավ կլինի»,- նշեց Արցախի թեմի առաջնորդը։

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը նույնպես խնդրի մասին բարձրաձայնվել է։

«Դե այնտեղ պատասխաններ չեն հնչում, կարծիքներ են հնչում, և որ հարցերում դժվարություններ են լինում, անդրադառնում են, սակայն դժվարանում են պատասխաններ տալ։ Ամեն դեպքում, իրենց ասել ենք, որպեսզի հնարավորություն ընձեռվի անխափան մեր ուխտավորներն այցելեն հայկական պատմամշակութային վանքեր ու եկեղեցիներ։ Այսինքն՝ նման հանդիպումների ժամանակ հարց ու պատասխան չէ, որ հարցը բարձրացնես, իրենք ասեն՝ այո կամ ոչ։ Հարցը բարձրացվում է, որը հետագայում կդրվի քննարկման»,- հավելեց սրբազանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Դադիվանքի հետ կապված հույսերը չի կորցնում։

«Մենք այն ազգն ենք, ժողովուրդը, որ միշտ հույսով ենք ապրում ու լավատես ենք ապրում։ Հույսը երբեք մեզ չի լքում, այդ ուղղությամբ մեր աշխատանքները պետք է ճիշտ տանենք և կարողանանք ազգովի միակամ լինենք, և անհնարինը հնարավոր կդառնա։ Ամեն դեպքում լավատեսությամբ սպասում ենք»,- եզրափակեց Արցախի թեմի առաջնորդը։

Հիշեցնենք՝ մայիս ամսից Ադրբեջանն առանց որևէ հստակ բացատրության հայկական կողմին արգելել է Դադիվանք ուխտավորներ ուղարկել, թեև նոյեմբերի 25-ին Արցախի Քարվաճառի շրջանը հանձնելուց հետո, Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ Դադիվանքում մնալու են հայ հոգևորականները, և յուրաքանչյուր կիրակի հայ ուխտավորները հնարավորություն կունենան այցելելու այնտեղ՝ մասնակցելու պատարագներին։ Մի քանի ամիս պատարագներին մասնակցելուց հետո, ուխտավորները զրկվեցին այդ հնարավորությունից։

Տեսանյութեր

Լրահոս