Առաջին տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»
Այս շաբաթ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Այն կազմվել է սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված վաճառքների հիման վրա:
Առաջին տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան.
Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է՝ կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում:
Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչո՞ւ է սպանել ամուսնուն:
Երկրորդ տեղում է Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայի ամբողջ թիկնազորը»։ Թարգմանիչ՝ Կարլեն Դալլաքյան:
Հեղինակը վերնագիրը վերցրել է «Գնդլիկ Բլբլիկը» (Humpty Dumpty) մանկական շուտասելուկից: Վեպը խարիզմատիկ, պոպուլիստ գործիչ Վիլլի Ստարկի մասին է։ Հարավային մի նահանգում նա քաղաքական կոշտ գիծ է առաջ մղում Մեծ ճգնաժամի տարիներին: Ընդունված է համարել, որ կերպարի նախատիպն ԱՄՆ սենատոր Հյու Լոնգն է, որը սպանվեց 1935-ին: Վեպը գրված է առաջին դեմքով։
Ջեկ Բարդենը նահանգապետի աջ ձեռքն է, նախկին լրագրող, որը ներկայացնում է իր շեֆի՝ Վիլլի Ստարկի քաղաքական վերելքի եւ կառավարման դրամատիկ դրվագները: Ստարկի կարիերան ներհյուսված է Ջեկ Բարդենի կյանքի պատմությանն ու փիլիսոփայական մտորումներին:
Երրորդ տեղում է Նարինե Աբգարյանի «Սիմոն»-ը։ Թարգմանիչն է Նաիրա Խաչատրյանը:
Հայկական փոքրիկ գյուղաքաղաքում՝ Բերդում, մահանում է որմնադիր Սիմոնը: Նա երկար կյանք է ապրել, վայելել է շրջապատի հարգանքը և հայտնի է եղել սիրային արկածներով: Սիմոնը շատ էր սիրում կանանց։ Յուրաքանչյուր նոր սիրավեպի տրվում էր անմնացորդ, հրապուրվում էր, աստվածացնում, խանդում, բայց կարողանում էր արժանապատվորեն հրաժեշտ տալ: Սա է պատճառը, որ թաղմանը հանդիպում են նրա սիրելի կանայք՝ պճնված Սև-Մուշեղանց Սոֆյան, Ամերիկայից որդիների ուղարկած հագուստով Թևոսանց Էլիզան, քիթը տնկած Բոչկանց Սուսաննան, դստերը Ռուսաստանում բարեհաջող ամուսնացրած Որբևայրի Սիլվան և, իհարկե, Սիմոնի օրինական կինը՝ Մելանյան, որը տարիներ շարունակ համբերատար դիմացել էր ամուսնու սիրառատ բնավորությանը:
Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը: Թարգմանությունը՝ Նաիրի Խաչատրյանի:
Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝ երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը, պետք է որոշի՝ կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։ Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը կերպարների նկատմամբ:
Հինգերորդ տեղում է Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ» ստեղծագործությունը: Թարգմանությունը`Մերի Դալլաքյանի:
Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք, անկախ մեր կամքից, փոխում են այն ամենն, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:
Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» վեցերորդ տեղում է: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:
Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»:
Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» յոթերորդ տեղում է։ Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան:
Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները: Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը: Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու:
Ութերորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքը: Թարգմանիչ՝ Նարինե Գիժլարյան:
Այս գիրքը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող և անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում:
Իններորդ տեղում է Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» գիրքը: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:
2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել:
Տասներորդ հորիզոնականում է Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը: Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:
Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ.կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու…