«Պատերազմի ժամանակ մոլորված վիճակ է եղել. Մեղավորներ չպետք է փնտրել ցածր օղակներում». Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն
Այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանն ասաց, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո իրավունք չունեն հանգիստ նստելու, պետք է ճիշտը ներկայացվի։
«Բոլորի համար էլ պարզ է, որ պատերազմի ժամանակ շատ մոլորված վիճակ է եղել, շատերն իրականությունը չեն իմացել, այդ նույնը բանը եղել է 1992-1994 թվականներին ադրբեջանցիների մոտ, իրենց են մոլորեցրել, այդ մոլորությունն այնտեղ է եղել։ Ես չեմ ուզում խոսել այն մասին, որ այդ մոլորությունը հատուկ է եղել կամ ոչ, ես ակնհայտ փաստերն եմ ասում։ Այդ մոլորության պատճառով Շուշիի թանգարանների մի մասը չի տարհանվել, ո՞վ էր պատկերացնում, շատերն իրենց գույքը տարել ու Շուշիում են թողել։ Հիմա կոնկրետ փաստը պետք է արձանագրենք, որ հանցագործություն է կատարվել, որ այդքան թանգարաններ մնացել են թշնամու հսկողության տակ։ Հանցագործությունը լինում է գիտակցված և ոչ գիտակցված, համարում եմ, որ այս ամենն անգիտակցաբար է եղել։ Հիմա եթե կա հանցագործություն, ուրեմն՝ կան մեղավորներ, սա պարզ բան է»,- նշեց Վարդան Ասծատրյանը։
Նա պատմեց, թե ինչպես է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը զանգահարել իրեն ու հորդորել թանգարանային նմուշները դուրս բերել Շուշիից, ինչին ի պատասխան՝ ինքն ասել է, որ մի քիչ էլ սպասեն, որովհետև Հադրութում քիչ թե շատ հայտնի մարդիկ, երբ իրենց գույքը դուրս էին բերում, բնակիչները ինքնաբերաբար դուրս էին գալիս։
«Ինձ Շուշիում շատ մարդիկ էին ճանաչում, եթե ես սկսեի հոկտեմբերի 20-ից տարհանում անել, շատերը կմտածեին, թե՝ մի բան գիտի, որ անում է։ ԿԳՄՍ նախարարին ես ասել եմ, որ եթե ցուցանմուշները տանում են Երևան, ես էլ այդ մեքենայի հետ գնամ Երևան, նա ինձ ասել է, որ խնդիր չկա, այսինքն՝ եթե թանգարան է տարհանվում, ապա հիմնադիրը հետը պետք է լինի։ Այդ ժամանակ Արցախում այդ բոլոր հարցերին երկու մարդ էին պատասխան տալիս՝ Արցախի ԱԱԾ պետ Գրիգորի Մարտիրոսյանը և Կարեն Սարկիսյանը»,- պատմեց Վարդան Ասծատրյանը և դիմելով ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին, որն իր մեկնաբանություններով միջամտում էր, ասաց, թե երկու անգամ է հանդիպել փոխնախարարի հետ, և ամեն ինչ իր համար պարզ է եղել, ուստի խնդրեց չխանգարել մեկնաբանություններով և թողնել, որպեսզի ամեն ինչ հանգիստ ներկայացնի։
Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը նաև տեղեկացրեց, որ թանգարանից երկու անգամ է տարհանում իրականացրել՝ ընդգծելով, որ իրեն թույլ չեն տվել, որպեսզի ցուցանմուշները հանի։
«Իմ մեքենան բացել եմ, ամեն ինչ մեջը դրել եմ ու Շուշին անցել եմ, զանգել Գրիգորի Մարտիրոսյանին, ասել եմ՝ թողեք այս մեքենան տանեմ թողնեմ Գորիս, Գորիսից տանեն Երևան։ Հետո հեռախոսներն անջատել են ու որևէ բան չեն արել, ես իմ հետ եղած աղջկան այդ մեքենայով, մենակ ասել եմ՝ գնա ու որևէ տեղ մի կանգնի։ Եթե այդքան բան չհանեի, հիմա դրանք էլ կմնային Ադրբեջանի հսկողության տակ։ Հիմա ես այն, ինչ ասում եմ, պետք է այդ ամենը սահուն անցնի քրեական դաշտ։ Մեղավորներ չպետք է փնտրել ցածր օղակներում»,- շեշտեց Վարդան Ասծատրյանը: