«Շատերը սկսում են հասկանալ, որ ոչ բոլորն են ստանալու այն դիվիդենտները, որը գուցե ակնկալում էին Հայաստանի պարտությունից և այդ պարտությունը ձևակերպած իշխանության վերարտադրությունից»

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն արդյունավետ է անվանել։  «Այսօր հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը շատ արդյունավետ էր: Մենք քննարկեցինք երկկողմ օրակարգը և իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- գիշերը Twitter-ում գրել է Ն. Փաշինյանը:

Իսկ թե որքանո՞վ է արդյունավետ անցել Փաշինյանի հերթական մոսկովյան այցը և ի՞նչ հավանական թեմաներ են քննարկվել օրակարգից դուրս՝ հարցերը հասարակական ու քաղաքական քննարկումների ծիրում են: Ի դեպ, այդ քննարկումները ոչ միայն տարածաշրջանային զարգացումների, այլև ներիշխանական վերադասավորումների մասին են. այդ համատեքստում անգամ լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը գուցե «անսպասելի» հեռանա:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը, սակայն, չի շտապում դրա վերաբերյալ հապճեպ դիտարկումներ անել:

«Ընդհանուր առմամբ, նման կտրուկ անցումների համար պետք է բավականին լուրջ  փոփոխություններ լինեն այն աշխարհաքաղաքական կոնսենսուսի շուրջ, որը ձևավորվել էր մեր ընտրությունների արդյունքների, իշխանության վերարտադրության  վերաբերյալ,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ միաժամանակ չհերքելով փաստը, որ այդ հիշյալ կոնսենսուսն ակնհայտորեն ճաքեր է տվել, որովհետև կան ուժային կենտրոններ, որոնց շահերը պատերազմից հետո սկսում են փոխվել,- Շատերը սկսում են հասկանալ, որ ոչ բոլորն են ստանալու այն դիվիդենտները, որը գուցե ակնկալում էին Հայաստանի պարտությունից և այդ պարտությունը ձևակերպած իշխանության վերարտադրությունից: Բայց հիմա խոսել այն մասին, որ դա կարող է մեխանիկորեն բերել ներիշխանական ճեղքերի կամ որոշակի տրանսֆորմացիաների, դեռևս վաղ է:

Կարծում եմ՝ կա ինչ-որ պրոցես, ինչը նաև իշխանություններն են հասկանում և հենց այդ պատճառով նաև շտապում են (այդ թվում՝ ՏԻՄ ընտրություններում տարբեր հնարքների միջոցով) ամրապնդել իրենց դիրքերը, բայց թե այդ պրոցեսն ինչի կբերի, դեռևս պետք հետևենք: Այն, ինչ քննարկվել է Մոսկվայում, կարելի է ենթադրել՝ նաև այդ մասին էր: Այսինքն՝ ՌԴ-ին, բնականաբար, կարող է մտահոգել, որ կոնսենսուսային իրավիճակի փոփոխման հետ կապված իրենց հաշվարկներն ինչ-որ չափով գուցե խաթարվեն. այդ պատճառով կարևոր էր, որպեսզի Մոսկվա կանչեն Հայաստանի ղեկավարին և, ըստ էության, փորձեն երաշխիքներ ստանալ, քանի որ Հայաստանի ղեկավարը հայտնի է իր ոչ կայուն վարքագծով»:

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ ՌԴ-ն ընկալում է, որ աշխարհաքաղաքական պայմանավորվածություններում առաջացած ճեղքի պայմաններում և ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության պատճառով Հայաստանի մի մասը՝ Սյունիքի ռեգիոնը, աստիճանաբար նմանվում է Սիրիայի, ասել է թե՝ աշխարհաքաղաքական և ռեգիոնալ շահերի բախման կետ է դառնում, որի պարագայում շատ կարևոր է, ի վերջո, հասկանալ՝ ինչ կարելի է սպասել ՀՀ այսօրվա ղեկավարից:

Նա, ի դեպ, կարծում է, որ նման իրավիճակը փակուղի լինելուց զատ՝ նաև նոր հնարավորություններ է ստեղծում, սակայն դրանից շահած դուրս գալու համար պետք է ունենալ համապատասխան պոտենցիալ. «Որպեսզի դու կարողանաս նման բարդագույն խաղերում խաղալ աշխարհի և ռեգիոնի գերտերությունների հետ, պետք է ունենաս համապատասխան անհատական պատրաստվածություն, թիմ, որն ունակ է ալֆան օմեգայից տարբերել, ուժեղ դիվանագիտություն, որը կկարողանա դրա մեջ խաղալ, և այնպիսի ռեսուրսներ, որոնք կարող են դառնալ քո բանակցային ռեսուրսները: Կարծում եմ՝ մենք ոչ մի կետով չունենք իրավիճակի բարդությանը համապատասխանող ո՛չ անհատ, ո՛չ թիմեր, էլ չեմ խոսում պատերազմում պարտվածի ցցուն կոմպլեքսի մասին:

Եվ հենց այդ պատճառով էինք դեռ մեկ տարի առաջ նշում բանակցողի փոփոխության անհրաժեշտության մասին, քանի որ բոլոր այն վատ կանխատեսումները, որոնք արվում էին, իրենք, ըստ էության, արդարացան, և մեր վիճակն անցյալ տարվա պարտությունից հետո շատ ավելի բարդ է հիմա, որովհետև այժմ սեղանին դրված է Սյունիքի հարցը և Հայաստանը՝ Սիրիայի չվերածվելու խնդիրը»:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ողջունելով Նիկոլ Փաշինյանին, ՌԴ նախագահը նշել է. «Մենք Ձեզ հետ հեռախոսով մշտական կապի մեջ ենք, բայց իհարկե, հանդիպումները մշտապես արդյունավետ են անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Հույս ունեմ, որ այդպես կլինի նաև այս անգամ, կխոսենք և ֆորմալ, և ոչ ֆորմալ մթնոլորտում: Կճաշենք միասին և կքննարկենք ընթացիկ գործերը, կխոսենք հեռանկարների մասին:

Շուտով ԱՊՀ գագաթաժողովն է, կցանկանայի Ձեզ հետ «ճշգրտել ժամերը» այս ուղղությամբ և նաև մեր փոխգործակցության մյուս հարցերի, այդ թվում` այսօրվա դրությամբ և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կարգավորման հարցով: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, բարի գալուստ»:

Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նման հաճախակի հանդիպումները, կարծում եմ, վկայում են մեր հարաբերությունների բարձր դինամիկայի, փոխըմբռնման, մեր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների կարևորության մասին:

Իհարկե, այժմ մեր տարածարջանում, նաև աշխարհում տեղի են ունենում դինամիկ գործընթացներ, և շատ կարևոր է, որպեսզի դաշնակիցները հաճախ հանդիպեն, խոսեն, ինչպես Դուք ասացիք, «ճշգրտեն ժամերը»: Ցավոք, մեր տարածաշրջանի հետ կապված դեռևս չի կարելի խոսել իրավիճակի լիարժեք կայունացման մասին։ Ինչպես Դուք եք նկատել, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված, և հասկանալի է, որ հակամարտության լուծման ու մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն` հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այս բոլոր հարցերը շատ կարևոր են, առանցքային, և ես շատ ուրախ եմ քննարկել Ձեզ հետ բոլոր օրակարգային հարցերը»:

Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031