Պարզել՝ կոնկրետ ինչ փաստեր և ինչպիսի հանգամանքներ են ստիպել իշխանությանն ընդունել որոշում ՀՀ ինքնիշխան տարածքն Ադրբեջանին հանձնելու համար. Ղազինյան

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամներն այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրին Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի հերթական արտահերթ նիստին չմասնակցելու պատճառների մասին:

«Այսօր նշանակված էր Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի հերթական արտահերթ նիստը՝ թվով 7-րդը: Արձանագրենք, որ միակ օրակարգը, որ մինչ այժմ հանձնաժողովը գումարել է, եղել է նախագահի տեղակալի ընտրության հարցը, և երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշում կայացրին չմասնակցել այդ նիստին, որովհետև նախորդ վեց նիստերում հնչել են բոլոր հարցերը, տրվել են պատասխանները, հնչել են ելույթները, և որևէ մոտիվացիա՝ քվեարկելու կողմ կամ դեմ փոխելու հնարավորություն չկա, որովհետև քաղաքական մեծամասնությունը որդեգրել է կոշտ դիրքորոշում այս հարցում, հետևաբար՝ մասնակցությունը համարել ենք աննպատակահարմար,- նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ արձանագրելով, որ հանձնաժողովը մատնված է անգործության,- ՀՀ պաշտպանության և անվտանգության ոլորտում տիրող տագնապալի, կոլապսային իրավիճակը կարծես թե առանձնապես չի մտահոգում հանձնաժողովին»:

Պատգամավորը նաև հայտնեց, որ ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի շուրջ բովանդակային, խորքային ուսումնասիրություն, քննարկում անցկացնելու նրանց բոլոր փորձերը մերժվել են.

«Ներկայացվեց արտահերթ նիստ հրավիրելու պահանջ, ինչը կանոնակարգ օրենքի խախտման միջոցով չհրավիրվեց և չկայացավ՝ իշխանական պատգամավորների և հանձնաժողովի նախագահի չներկայանալու պատճառով»:

Արթուր Ղազինյանը, սակայն, նկատեց, որ առաջնորդվելով բովանդակային աշխատանքի սկզբունքով՝ պատրաստել են ևս մեկ պահանջ, որը մուտք է արվել ընդհանուր բաժին, այն է՝ հոկտեմբերի 15-ին, 13:00-ին հրավիրել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ կոնկրետ օրակարգով.

«Ներկայացված է նաև որոշման նախագիծ՝ ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի նիստի ընթացում տրված տեղեկությունը, դրա համադրման և ստուգման միջոցով՝ համալիր զեկույց ներկայացնի նախ՝ հանձնաժողովին, ապա՝ լիագումար նիստում: Դա այսօր համար մեկ հրամայականն է: Հարցը վերաբերում է ՀՀ հարավարևելյան սահմանին տիրող իրավիճակին, դեկտեմբերին հայկական ԶՈՒ զբաղեցրած դիրքերից հետ քաշվելու հրամանի սահմանադրաիրավական և ռազմաքաղաքական հիմնավորվածությանը, թե որքանով է այդ հրամանը համապատասխանել ՀՀ գործող օրենսդրությանը և որքանով է այն արդարացված եղել ռազմաքաղաքական իմաստով:

Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է տեսակետ, որ դա չանելու պարագայում կլիներ ռազմական էսկալացիա: Հանձնաժողովը խնդիր է դրել իր առջև՝ պարզել՝ կոնկրետ ինչ փաստեր և ինչպիսի հանգամանքներ են ստիպել քաղաքական իշխանությանը ընդունել որոշում ՀՀ ինքնիշխան տարածքն Ադրբեջանին հանձնելու համար:

Հանձնաժողովի նիստը նախագահը պարտավոր է հրավիրել: Մենք այդ նիստին հրավիրել ենք պաշտպանության նախարարին, ԳՇ պետին, արտգործնախարարին, ԱԱԾ տնօրենին և ՀՀ գլխավոր դատախազին: Հանձնաժողովի նախագահը պարտավոր է ապահովել այդ պաշտոնատար անձանց ներկայությունը:

Քննարկումը նախատեսել ենք բաց ընթացակարգով, որովհետև այս հարցերը, որ տրվելու են այդ անձանց, հուզում են մեր հանրության գերակշռող մեծամասնությանը և ունեն անվտանգային նշանակություն, հետևաբար՝ մեր հանրությունը, ժողովուրդն իրավունք ունի իմանալ, իսկ նրանք պարտավոր են տեղեկացնել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ՀՀ հարավարևելյան հատվածում ինքնիշխան տարածքի հանձնումը»:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական արտահերթ նիստն էր: Այս նիստի օրակարգում յոթերորդ անգամ քննարկվում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։

Հիշեցնենք, որ նախորդ վեց նիստերի ընթացքում իշխանական խմբակցության անդամները դեմ քվեարկեցին այդ պաշտոնում «Հայաստան» խմբակցության առաջադրած պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը։ 

Հանձնաժողովի նիստին չէին մասնակցում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։

Տեսանյութեր

Լրահոս