Տեխնիկակա՞ն, թե՞ քաղաքական հարթակ․ Ի՞նչ է առաջարկում Թբիլիսին Երևանին և Բաքվին

Հարավկովկասյան տարածաշրջանում կոմունիկացիոն գլոբալ ենթակառուցվածքների ձևավորման հեռանկարն ակտիվ ռեգիոնալ քաղաքականություն է ներքաշել բոլոր խաղացողներին: Վերջին շրջանում տարածաշրջանում մեծ ակտիվություն է ծավալում՝ ինչպես Իրանը, այնպես էլ՝ Վրաստանը, որոնք ավանդաբար ավելի պասիվ էին տարածաշրջանում: Մինչ Իրանի անակնկալ «մուտքը» ռեգիոնալ թատերաբեմ Թուրքիայի և Ադրբեջանի դիմադրությանն է արժանացել՝ լարվածության նոր օջախ ստեղծելով տարածաշրջանում, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փորձում է տարածաշրջանային հարթակ ձևավորել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև: Վերջերս Վրաստանի վարչապետը եղավ ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում: Պաշտոնական հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Ղարիբաշվիլին նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս, որը կարծես Հայաստանի և Ադրբեջանի «սրտով» է:

Մասնագետների համար իրադարձությունների նման ընթացքն ամենևին անակնկալ չէր, քանի որ ավելի վաղ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում իր ելույթում առաջարկել էր համաշխարհային առաջնորդներին «Խաղաղ հարևանության նախաձեռնություն»` Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Ինչպես նշել էր Վրաստանի վարչապետը, Թբիլիսին պատրաստ է ընդունել խաղաղության նախաձեռնության շրջանակներում առաջին հանդիպումը:

Նրա խոսքով, նոր ձևաչափը կօգնի կառուցել երկխոսություն, և կլինի գործնական լուծում տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում: Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ ստեղծել հարթակ Թբիլիսիում հայկական և ադրբեջանական կողմերի միջև բարձր մակարդակի շփումների համար:

Գրեթե սրան զուգահեռ՝ եղավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի բացահայտումն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իր հետ հանդիպելու առաջարկ է արել:

Ըստ Էրդողանի, հանդիպման առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր սեպտեմբերի սկզբին, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։ Կարելի է ենթադրել, որ Վրաստանի միջնորդության շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել շատ ավելի վաղ, քան կարելի է պատկերացնել:

«Հայաստան այցիս շրջանակում արդյունավետ զրույց կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկել ենք երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասում նոր խաղաղ նախաձեռնությունը և հանուն տարածաշրջանում խաղաղության ու մեծ հնարավորությունների՝ Վրաստանի պատրաստակամությունն ակտիվ միջնորդության»,- օրերս իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր Ղարիբաշվիլին:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի սերտ համագործակցության համար անհրաժեշտ է ստեղծել նոր տարածաշրջանային հարթակ, Ղարիբաշվիլին հաջողված է համարել իր այցը Հայաստան և ընդգծել է Վրաստանի կարևոր դերակատարությունը տարածաշրջանում միջնորդական գործընթացում:

Վրաստանի վարչապետի երևանյան այցից հետո սպասվում է Փաշինյանի այցը Մոսկվա, որի օրակարգում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։ Պաշտոնական Մոսկվայի փոխանցմամբ` Պուտին-Փաշինյան բանակցությունների ժամանակ կողմերն անդրադառնալու են նաև «երկկողմ հարաբերությունների զարգացման հրատապ հարցերին ու եվրասիական տարածքում գործող ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության թեմային»։ Սրանով այս փուլում կարևոր այցերը չեն սահմանափակվում, քանի որ Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանը ևս հայտարարել է Երևան և Բաքու կատարելիք այցերի մասին:

«168 Ժամ»-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ այս այցերի ընթացքում, բնականաբար, քննարկվել է հարցերի մի քանի խումբ:

Ըստ նրա, քննարկվել է տարածաշրջանային 3+3 ձևաչափը, Վրաստանի միջնորդության հնարավորությունները հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում, տարածաշրջանային կապուղիները, դրանցում Վրաստանի դերակատարությունը:

«Օրերս Վրաստանի ԱԳ նախարարն անդրադարձավ վեցակողմ համագործակցությանը՝ չմերժելով այդ համագործակցության հնարավորությունը, սակայն նաև չընդունելով: Այստեղ ուշագրավն այն հանգամանքն է, որ նկատելի է՝ Հայաստանն ու Ադրբեջանը Վրաստանի միջնորդությունը դրական են ընդունում, և ըստ էության այս հարթակն ավելի հեշտ կարող է գործել, քան այն, որին մասնակցելու են նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Վրացական հարթակում միակ խնդիրն այն է, թե ինչ հարցեր և ինչ արդյունավետությամբ կարող են քննարկվել, քանի որ, ի վերջո, գործընթացում ընդհանուր առմամբ կան ուժեր, որոնք ավելի ազդեցիկ են, խոսքը Թուրքիայի և Ռուսաստանի մասին է: Սակայն վրացական տարբերակի առավելությունը նաև այն է, որ երրորդ կողմեր չեն լինելու: Չնայած Արևմուտքն այս հարցում Վրաստանի հետ է, սակայն Վրաստանի դերն այս դեպքում կարծես ավելի տեխնիկական է: Պետք է նաև հաշվի առնել, որ Վրաստանում բուռն ներքաղաքական զարգացումներ են, ինչը թույլ է տալիս մտածել, որ Վրաստանն այնուամենայնիվ այս փուլում մեծ ուշադրություն է դարձնելու հենց ներքին օրակարգին»,- ասաց վերլուծաբանը:

Նրա կարծիքով, լինի դա տեխնիկական թե քաղաքական միջնորդություն, Վրաստանի համար դրական է ակտիվացումը տարածաշրջանում, հատկապես, երբ հարևանությունում «կրքերը թեժանում են»:

Մեզ հետ զրույցում վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն ասաց, որ ողջունում է, որ տարածաշրջանում Վրաստանը քաղաքական օրակարգեր է կարողանում գեներացնել, քանի որ Վրաստանի արտաքին քաղաքական ամենաթույլ կետերից մեկը եղել է քաղաքականությունը Հարավային Կովկասում, որն ամենաառանցքային ուղղություններից պետք է լիներ անցնող տասնամյակների ընթացքում:

Ըստ նրա, տարածաշրջանի համար տվյալ փուլը բարդ է, քանի որ Թեհրան-Անկարա լարումը խորացել է, նոր խնդիրներ են ի հայտ եկել: «Յուրաքանչյուրը մեկ բան է ուզում: Այնուամենայնիվ, ոմանց համար Իրանի վերջին շրջանի հայտարարություններն անակնկալ են, որոնք զարգացումներն ավելի անկանխատեսելի են դարձրել, մեծացրել լարվածության աստիճանը, սպասումը նաև, քանի որ բոլոր ուժերը սպասում են նաև հետագա քայլերին: Վրաստանի մասով կասեմ, որ 3+3-ին չմասնակցությունը Վրաստանը ցանկանում է փոխհատուցել այս նոր ձևաչափով, որի շրջանակում, բնականաբար, տարածաշրջանային բոլոր հարցերը կարող են քննարկվել, եթե արտաքին միջամտություն տեղի չունենա: Այնուամենայնիվ իրավիճակը և ներկայումս քննարկվող բոլոր ձևաչափերը, կարծում եմ, խոցելի են, քանի որ իրավիճակն անկայուն է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս