«ՀՀ իշխանություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ շփումներում անուղղակի միջնորդ են ընտրել Վրաստանին». թուրքագետ

Դեռևս սեպտեմբերի կեսերին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ   Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը: Սակայն դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի:

«Եթե այս հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,- ասել էր Էրդողանը։

Նշենք, որ այս հայտարարությունից առաջ էլ՝ սեպտեմբերի 8-ին, Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Թուրքիայից եկող հայտարարություններում տեսնում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն։

«Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանը՝ արևելքն  արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»,- ասել էր նա։

Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ Վրաստանը ստանձնել է Հայաստան-Թուրքիա և մյուս կողմից՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման միջնորդի դեր, այդ պատճառով էլ վերջին շրջանում ակտիվացել է։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հաստատման ուղղությամբ Վրաստանի ակտիվացմանը, թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նշեց. «Այս համատեքստում  հաշվի առնելով ընթացող գործընթացները՝ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ շփումներում անուղղակի միջնորդ են ընտրել Վրաստանին։ Այս պահին տպավորությունն այդպիսին է»։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Թուրքիայի կողմից եկող դրական ազդակների վերաբերյալ, Անդրանիկ Իսպիրյանն ասաց. «Ինքս 2008-2009 թվականների անհաջող փորձի ժամանակ բազմաթիվ ուսումնասիրություններ եմ կատարել, շատ բաներ նույնիսկ ասում էի, թե ինչ ընթացք կունենա։ Ավելի դրական ազդակներ, քան այդ ժամանակ էր, դեռևս չի եղել։ Այսինքն՝ եթե այն ժամանակ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել էր, այն նույնիսկ հասել էր խորհրդարան, սրանից ավելի դրական որևէ ազդակ Թուրքիայից չի եկել։ Ի՞նչ դրական ազդակների մասին է խոսքը, երբ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը հարաբերություններ կարող է հաստատել Թուրքիայի հետ, երբ փոխի իր Սահմանադրությունը, տարածքային պահանջներ չունենա, և այլն։ Կարող ենք ասել, որ դրական ազդակ Թուրքիան միշտ էլ ուղարկել է, որովհետև յուրաքանչյուր ելույթում, հայտարարությունում ասել է, որ պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն, եթե Հայաստանը, ազատագրված տարածքները հանձնի Ադրբեջանին։ Երբեք Թուրքիան չի ասել, որ պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման։ Եթե մինչև հիմա առաջ էին բերում Արցախի հարցը, հիմա այլ հարցերի շրջանակներ են առաջ քաշելու, այսպես կոչված, «միջանցքի», Սահմանադրության փոփոխություն և այլն։ Թե այդ դրական ազդակը ո՞րն է, ինքս չեմ տեսել»,- շեշտեց Անդրանիկ Իսպիրյանը։

Ըստ թուրքագետի՝ դժվար է կանխատեսել, թե Թուրքիայի հետ հարաբերություններում ՀՀ իշխանությունները մինչև ուր կհասնեն, քանի որ Հայաստանի կողմից Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների ընդունումը պարզապես աբսուրդ կլինի։

Տեսանյութեր

Լրահոս