Ում բիզնես շահերն է սպասարկում կառավարությունը
Չնայած հասարակության շրջանում ի հայտ եկած դժգոհություններին՝ առողջապահության նախարարի հայտնի հրամանը հոկտեմբերի 1-ից մտավ գործողության մեջ։ Այն որքան էլ արտաքուստ ունի առողջապահական նշանակություն, բազմաթիվ այլ հարցեր է առաջացնում։
Քովիդի դեմ պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ներկայացնելու կառավարության պահանջն ակնհայտորեն սպասարկում է ոլորտում գործող ինչ-որ բիզնես խմբերի շահեր։
Խոսքը նրանց մասին է, ովքեր զբաղվում են ՊՇՌ հետազոտության իրականացմամբ։ Ուզենք թե չուզենք, պետք է ընդունենք, որ առողջապահական խնդիր լուծելուց զատ՝ այն շահույթ հետապնդող գործունեություն է։
Դժվար է ասել, 14 օրը մեկ պարտադիր թեստավորման բացասական պատասխան ներկայացնելու պահանջը միտումնավո՞ր է արված, թե՞ ոչ, բայց այն միանշանակ միտված է այդ ոլորտում գործող ընկերությունների բիզնես շահերի սպասարկմանը։ Շատերը կերազեին պետական մակարդակով այդպիսի աջակցություն ստանալ՝ իրենց բիզնես գործունեության համար։
Կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի սեփական քաղաքացիների գրպանի հաշվին որոշ մարդիկ հարստություն կուտակեն։
Չի բացառվում, որ այստեղ կա նաև շահերի համընկնում։ Այդպիսի ռիսկը բավական մեծ է։
Բանն այն է, որ պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի բացասական պատասխան ներկայացնելու վերաբերյալ առողջապահության նախարարի հրամանը բազմակի անգամ ավելացրել է թեստավորման պահանջարկը։ Չնայած պետությունն իր վրա է վերցրել Քովիդի դեմ պատվաստման ծախսերը, այնուհանդերձ շատերը հակված չեն պատվաստման, որովհետև թերահավատորեն են վերաբերվում դրա արդյունավետությանը։
Պատվաստումը պայման չէ չվարակվելու համար։ Որոշ տեղեկություններով, անգամ կան դեպքեր, որ պատվաստվելուց հետո մարդը վարակվել է Քովիդով և մահացել։
Շատերն էլ մտավախություններ ունեն՝ պատվաստման հետևանքների հետ կապված։
Այս և այլ պատճառներով բազմաթիվ աշխատող քաղաքացիները խուսափում են պատվաստումից։ Միակ այլընտրանքը նրանց համար կառավարությունը թողել է 14-օրյա պարբերականությամբ հետազոտության բացասական պատասխան ներկայացնելը։ Բայց դա գին ունի, որը պետք է վճարեն քաղաքացիները։ Այլ հարց, թե ինչպես է ձևավորվում այդ գինը։
Մինչև այժմ Հայաստանում իրականացվող ՊՇՌ հետազոտությունների գները տատանվում էին 15-20 հազար դրամի սահմաններում։
Թե ինչպես են ձևավորվել այս գները, հայտնի չէ։ Որևէ մեկի մտքով չի անցել ուսումնասիրել շուկայի գնային քաղաքականությունը, կամ գուցե ուսումնասիրել են, բայց նպատակահարմար չեն համարում բացահայտել, որովհետև դրա տակ կարող են լուրջ չարաշահումներ թաքնված լինել։
Շուկայի գնային քաղաքականությունն ուսումնասիրելու գործառույթ ունի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Բայց Հանձնաժողովը հակված չէ նման ուսումնասիրություն իրականացնել։ Պատճառաբանությունն այն է, որ շուկան մրցակցային է, դաշտում գործում են մեկ տասնյակից ավելի տնտեսվարողներ, և չկա գերիշխող դիրք ունեցող։
«Թեստավորման գները տատանվում են 8000-15000 դրամի սահմաններում, որոշ տեղերում՝ մինչև 20 հազար դրամ, և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գին սահմանելու որևէ լիազորություն չունի: Եթե առկա է նման կարգավորման անհրաժեշտություն, ապա դա պետք է տեղի ունենա օրենքով կամ որևէ այլ նորմատիվ իրավական ակտով»,- լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Հանձնաժողովից։
Խնդիրը, սակայն, գին սահմանելու մեջ չէ։ Պարզ է, որ Հանձնաժողովը գին սահմանելու լիազորություն չունի։ Բայց ունի անհարկի բարձր գները կանխարգելելու, գնային չարաշահումներն ու սպառողների հաշվին գերշահույթներ ստանալու երևույթները կանխելու լիազորություններ։ Հատկապես այն «բացահայտումներից» հետո, որ վերջին շրջանում կատարվում են թեստավորման գների հետ կապված։ Որոշ տեղեկություններով, դրանց իրական արժեքն ընդամենը 2-3 հազար դրամ է։
Եթե այդպես է, ապա ոլորտում իսկապես մեծ շահույթներ են գեներացվում։ Կառավարության կողմից պահանջարկի արհեստական ավելացման արդյունքում այդ շահույթներն առաջիկայում ավելի մեծ կլինեն։
ՊՇՌ հետազոտությունների իրականացման ոլորտում գուցե և գերիշխող դիրք զբաղեցնողներ չկան, բայց դա չի նշանակում, թե մրցակցության հետ կապված այլ երևույթներ ևս չեն կարող լինել։ Ասենք՝ հակամրցակցային համաձայնություններ։
Ո՞վ պիտի հետևի դրան, եթե ոչ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Կառավարությունն իր գործողություններով սպասարկում է բիզնեսի շահերը, իսկ սպառողը մնացել է անպաշտպան։ Հիմա էլ ստիպված է լինելու 14 օրը մեկ հետազոտության ենթարկվել ու վճարել մի բանի համար, որի արժեքը գուցե մի քանի անգամ ավելի ցածր պիտի լիներ, քան կա։
Ի վերջո, պե՞տք է լինի մեկը, ով կփորձի պարզել, թե առաջարկվող ծառայության գինը որքանով է համապատասխանում դրա արժեքին։ Կամ ինչպե՞ս ստացվեց, որ երկար ժամանակ ՊՇՌ հետազոտությունների գները տատանվում էին 15-20 հազար դրամի սահմաններում, իսկ երբ հասարակությունը սկսեց հետաքրքրվել դրանց գնագոյացմամբ, գները հանկարծակի նվազեցին, երբեմն՝ բավական կտրուկ։
Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այսօր շատերին են հետաքրքրում։ Ու եթե կառավարությունը մտադիր էր հոկտեմբերի 1-ից պարտադիր 14-օրյա թեստավորման պահանջ ներկայացնել, պետք է բարի լիներ նախ ստանալ այս հարցերի պատասխանները։ Եվ ոչ թե իր չկշռադատված գործողություններով հասարակությանը դներ ծանր երկընտրանքի առաջ։
Կառավարության խնդիրը հասարակության հաշվին բիզնեսի շահերը սպասարկելը չէ։ Կառավարության խնդիրն առաջին հերթին սպառողների շահերը պաշտպանելն է։ Մի բան, ինչն այս դեպքում իսպառ բացակայում է։
Թեև այնպես չէ, որ մյուս հարցերում կառավարությունը կոտորվել է սպառողների շահերը պաշտպանելով։ Առանց այդ էլ համատարած թանկացումները քիչ միջոցներ չեն խլում սպառողներից, հիմա էլ կառավարությունն է իր քայլերով նպաստում հասարակության աղքատացմանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ