«Ամբողջական իրավական հիմքերի հետազոտությունից հետո պարզ կդառնա, թե որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացներ կազմակերպելու և սկսելու համար». Մհեր Գրիգորյան
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց Կառավարությանն Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման խնդիրների վերաբերյալ։
«Հայաստանն ազդակներ է ուղարկում, որ պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման, և այդ համատեքստում նշում են նախկին սովետական սահմանները։ Նախորդ քառօրյային ես ասացի, որ Ադրբեջանը չի ճանաչում նախկին սովետական սահմանները, իսկ մեր կառավարությունը խոստացավ այդ հարցն ուսումնասիրել։ Այժմ ինձ հետաքրքրում է ՀՀ կառավարության դիրքորոշումը։ Նախորդ քառօրյայի ժամանակ Կառավարության ղեկավարը նշեց, որ ՀՀ-ն ստեղծվել է Սովետական Հայաստանի հիմքի վրա, սակայն կառավարությունը չի նշում, թե որ քարտեզներով ենք առաջնորդվելու, մինչդեռ 70 տարիների ընթացքում նախկին խորհրդային երկու պետությունների սահմանները մշտապես փոփոխվել են։ Օրինակ, Ալ լճերն Ադրբեջանին են հանձնվել 1920-ականների կեսերին։ Եթե ՀՀ կառավարությունն առաջնորդվում կամ առաջնորդվել է սովետական սահմաններով, արդյո՞ք սահմանազատման և սահմանագծման շրջանակներում պահանջել կամ պահանջելու է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել Լեռնային Ղարաբաղից, ԼՂԻՄ և Շահումյան շրջաններից, որոնք 1989 թվականի դեկտեմբերի 1-ից Հայաստանի մաս են կազմում»,- հետաքրքրվեց Արթուր Խաչատրյանը։
Պատասխանելով հարցին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարճ պարզաբանում տվեց. «Նման գործընթացներում, թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ հետագայում իրականացման փուլում նախ և առաջ կարևոր են ոչ թե քարտեզները, այլ այն իրավական ակտերը, որոնք վավեր են, իրավազոր են, և որոնց հիման վրա կառուցվել կամ քարտեզագրվել են այն քարտեզները, որոնք, իհարկե, պետք է հետազոտվեն։ Ամբողջական իրավական հիմքերի ու հենքերի հետազոտությունից հետո պարզ կդառնա, թե սխեմատիկ առումով, որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացներ կազմակերպելու և սկսելու համար»։