Ակնհայտ է՝ ավարտվում են մեծ «խաղաղության համաձայնագրի» նախապատրաստման աշխատանքները. Գագիկ Մինասյան
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը Նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վերջին օրերի ելույթները համարում է ոչ միայն կարևոր, այլև բնական՝ հաշվի առնելով Հայաստանին առնչվող շրջադարձային իրողությունները:
«Ըստ էության, 44–օրյա պատերազմի արդյունքների ամփոփումը տեղի է ունենում հենց հիմա, ինչը վճռորոշ դերակատարում պետք է ունենա մեր պետության ներկայի և ապագայի համար:
Որպեսզի մենք հասկանանք, թե ինչպիսի հիմնական մարտահրավերներ կան այս առումով, հարկ է անդրադառնալ նաև գործընթացներին, որոնք սկիզբ առան հենց այդ չարաբաստիկ իշխանափոխությունից անմիջապես հետո,- նշեց Գագիկ Մինասյանը՝ մանրամասնելով,- 2018 թ., երբ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանեց Հայաստան և հանդիպեց վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի հետ, դրանից հետո «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց տվեց և ներկայացրեց իր, այսինքն՝ ԱՄՆ պատկերացումը ՀՀ ապագա զարգացումների շուրջ, անդրադարձավ նաև կոմունիկացիոն խնդիրներին՝ ուղղակիորեն նկատելով՝ իրենք կարծում են, որ հիմնական կոմունիկացիաները պետք է լինեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ ինչ վերաբերում է ԻԻՀ-ին, ապա ԱՄՆ տեսակետն այն է, որ ԻԻՀ շրջափակումը պետք է շարունակվի և, ըստ էության, այդ ճանապարհը ՀՀ համար պետք է գոյություն չունենա: Սա հաջորդեց այն հայտարարությանը, որն արեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հենց Ջոն Բոլթոնի ներկայությամբ:
Ես կարծում եմ՝ այն երկու մտքերը, որոնք նա ասաց, ուղղակի կործանարար էին մեր պետականության համար, և այդ մտքերի արձագանքը կամ ամրագրումն էր Բոլթոնի խոսքը:
Փաշինյան Նիկոլն ասաց հետևյալը, որ Սյունիքը դարձել է նարկոտրաֆիկի գոտի. ակնհայտ է, թե ում ականջները շոյող հայտարարություն է սա (Արևմուտքը հենց դրանում մեղադրում է ԻԻՀ-ին, սակայն պարզ է, որ նման բան գոյություն չունի, հակառակ պարագայում՝ այդ փաստի բացահայտումները կլինեին վաղուց և շարունակական):
Եվ երկրորդ հայտարարությունը՝ ուղղակի պետականակործան, ապուշ արտահայտությունն այն էր, թե ԻԻՀ հետ սահմանը կարող ամեն րոպե փակվել»:
ՀՀԿ ԳՄ անդամը համոզված է, որ հենց այս հայտարարություններն էին այսօրվա գործընթացի սկիզբը, և, ըստ էության, իրականացվում է այն ծրագիրը, որը հրապարակվել էր դեռ 2018 թ.:
Անդրադառնալով իրանական արձագանքներին՝ վերջին շրջանում ռազմական և դիվանագիտական ճակատով Իրանի ակտիվացմանը և կտրուկ քայլերի նախաձեռնությանը, բանախոսն արձանագրեց.
«Հիմա Իրանը տեսնում է, որ ՀՀ-ն սուբյեկտայնության այնպիսի ցածր մակարդակ ունի, որ ցանկացած ճնշում, որը կարող է լինել աշխարհի տարբեր ուժային կենտրոններից, ՀՀ-ին կարող է մղել դեպի այդ միջանցքի բացումը, որը պետք է ապահովի Ադրբեջանի և Թուրքիայի կապը՝ ըստ էության վերացնելով ՀՀ և ԻԻՀ միջև կապը»:
Տարածաշրջանային իրողություններն, ինչպես ասաց Գագիկ Մինասյանը, վկայում են, որ «44-օրյա պատերազմից հետո ավարտվում է «մեծ խաղաղության համաձայնագրի» ստորագրման նախապատրաստական աշխատանքները», և հավելեց. «Երեկ հայտարարվեց, որ ԻԻՀ-ն արգելել է օդային միջանցքի օգտագործումը Ադրբեջանից դեպի Նախիջևան ռազմական օդանավերի համար, և հենց երեկ հայտարարվեց, որ ՀՀ-ն թույլատրել է Ադրբեջանից Նախիջևան օդանավերի թռիչքները:
ՀՀ-ն հետևողականորեն անում է քայլեր, որով ցույց է տալիս ԻԻՀ-ին, որ ինքը ԻԻՀ համար այդ չափազանց զգայուն հարցում գործընկեր չէ»:
«Այս ֆոնին էին երկու նախկին նախագահների հարցազրույցները, որոնք ըստ էության ներծծված էին այս մտահոգություններով, այն գաղափարի իրականացման հրամայականով, որ այս ապիկար իշխանության հեռացումն իշխանությունից ազգային և պետական կենսական նշանակություն ունեցող օրախնդիր երևույթ է, և պետք է ջանքերը համատեղել, որպեզի հնարավորինս արագ մեր պետությունն ազատվի այս չարիքից»,- եզրափակեց ՀՀԿ ԳՄ անդամը՝ կարևորելով հանգամանքը, որ երկու նախագահները նշել էին՝ խորհդարանական պայքարի ճանապարհը միակը չէ, և պատրաստ են նաև փողոցային պայքարով վռնդել այս ազգադավ իշխանություններին: