Հերթական փուչիկն է փչվում

Երեք ու կես տարի շարունակ իրականությունը կեղծ լավատեսությամբ մատուցելուց հետո, իշխանությունը հիմա էլ նոր փուչիկ է փչում. իբր Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների բացման դեպքում Հայաստանի տնտեսությունը ֆանտաստիկ աճ կունենա։

«Հաշվարկված է, որ կապի ապաշրջափակման արդյունքում 2 տարում Հայաստանի ՀՆԱ-ն 30 տոկոս աճ կարձանագրի։ Սա ոչ միայն հայկական կողմի, այլև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի ուսումնասիրությունների արդյունքն է»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։

Թե ինչի վրա է հիմնված 30 տոկոս աճի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարի կողմից շրջառության մեջ դրված այս թեզը, հայտնի չէ։ Օդից վերցրած թիվ է, որը փորձ է արվում փաթեթավորել ու մատուցել հասարակությանը։

Ճանապարհների ապաշրջափակումը, անշուշտ, դրական գործոն է տնտեսության համար։ Բայց միայն դա շատ քիչ է տնտեսության զարգացման և ՀՆԱ աճի, այն էլ՝ 2 տարվա ընթացքում հայտարարվող 30 տոկոս աճի համար։ Անկախ նրանից, թե ինչ կասեն միջազգային կազմակերպությունների ու իշխանությունների ուսումնասիրությունները, եթե, իհարկե, այդպիսի ուսումնասիրություններ իրականում կատարվել են և կատարվել են այսօրվա իրողությունների հիման վրա, միանշանակ է, որ մեր տնտեսությունը պատրաստ չէ դրան։ Ճանապարհների ապաշրջափակումը ոչինչ է, եթե տնտեսությունը չունի պոտենցիալ, որը պատրաստ է առաջարկել արտաքին շուկաներին։

Այսօր մեր տնտեսությունն արտաքին շուկաներ է մատակարարում շատ քիչ ապրանքներ։ Ոչ թե նրա համար, որ սահմանափակ են արտահանման հնարավորությունները, այլ, որովհետև տնտեսության մեջ չի ստեղծվում այդպիսի արդյունք։

Խնդիր չէ նույնիսկ արտահանման գինը։ Այնպես չէ, որ մեր տնտեսության առաջարկած ապրանքները միջազգային շուկաներում անմրցունակ են կամ սահմանափակ, որովհետև կան խնդիրներ հաղորդակցության ուղիների հետ կապված։

Ի՞նչ է այսօր Հայաստանն առաջարկում աշխարհին, որ չի կարողանում արտահանել կամ արտահանման հետ կապված խնդիրների է բախվում։

Այս հարցի պատասխանը ստանալու համար բոլորովին էլ պետք չէ սար ու ձոր ընկնել։ Ընդամենը պետք է նայել մեր տնտեսության արտահանման կառուցվածքը։

Մեր արտահանման ամենամեծ հատվածը մետաղներն են։ Արտահանման 37-38 տոկոսը բաժին է ընկնում հանքահումքային ապրանքներին։

Այդ ապրանքների արտահանման հետ կապված, որքան էլ կան ենթակառուցվածքային դժվարություններ, այնուհանդերձ դրանք մրցակցային խնդիրներ չեն ունեցել, այսօր էլ չունեն արտաքին շուկաներում։

Այն, որ միայն ճանապարհների ապաշրջափակման դեպքում են հնարավորություններ ստեղծվում այստեղ խորացնելու արտադրական ցիկլը, խաբկանք է։ Դրա համար ընդամենը ցանկություն ու պայմաններ են պետք։ Այնպես չէ, որ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստանում պղնձաձուլարան շահագործել։

Մինչև հիմա էլ Հայաստանում պղնձաձուլարան շահագործվել է։ Գուցե ոչ այն հզորության ու որակի, որն անհրաժեշտ էր։ Բայց այդպիսին եղել է ու հիմա էլ կարող էր լինել, եթե, իհարկե, իշխանությունների թեթև ձեռքով այն չփակվեր։

Նոր պղնձաձուլարան կառուցելու ու շահագործելու համար ներդրումներ են պետք։ Խոսքը մեծ ներդրումների մասին է՝ ընդհուպ մինչև 400-500 մլն դոլարի չափով։ Բայց այդ ո՞ր օտարերկրյա ներդրողն է պատրաստ այդքան գումար ներդնել Հայաստանում, երբ անգամ տեղական ներդրողները չունեն ապահովության տարրական երաշխիքներ։ Խնդիրն ամենևին էլ միայն անվտանգությունը չէ։ Խնդիրը ներդրումների պաշտպանության չգործող ինստիտուտի մասին է, որի հետ ներդրողները բախվել են այս իշխանությունների չկշռադատված գործողությունների պատճառով։

Ի՞նչ երաշխիք, որ ճանապարհների բացումից հետո նույնը չի լինելու։ Կարող են 3 տարի կասեցված ու անորոշության մեջ պահել մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր, ինչո՞ւ չեն կարող նույնն անել մեկ ուրիշի հետ։

Դատարկ են այն հույսերը, որ ճանապարհների ապաշրջափակումը կարող է մեր երկիր ներդրումներ բերել։ Խոսքը քաղաքական ներդրումներին չի վերաբերում, որի առաջ մեր տնտեսությունը կանգնած է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ճանապարհներն ապաշրջափակելու և առևտրատնտեսական կապեր հաստատելու պարագայում։ Այս երկրները, անշուշտ, պատրաստ են իրենց ներդրումներով խեղդել մեր, առանց այն էլ՝ թուլացած տնտեսությունը։ Բայց դրանից մեր վնասներն ավելի մեծ են լինելու, քան օգուտները։ Մի օր էլ արթնանալու ենք բոլորովին այլ երկրում, որտեղ տեր ու տնօրեն են դառնալու մեր թշնամիները։

Որքան էլ ընդունենք, որ ճանապարհների առկայությունը կարևոր է, դա շատ քիչ է տնտեսություն զարգացնելու համար։

Ովքեր կարծում են, որ ճանապարհների ապաշրջափակումը միայն մեկ ուղղությամբ է աշխատելու, չարաչար սխալվում են։ Անհամեմատ մեծ է լինելու արտաքին ճնշումը մեր տնտեսության վրա, ու դա հանգեցնելու է տեղական արտադրողի դուրսմղմանը։ Մեր տնտեսությունը նույնիսկ ներսում ունի մրցունակության հետ կապված խնդիրներ, և ոչ մի ճանապարհի բացում չի կարող փոխել այդ վիճակը, եթե չիրականացվեն որակական փոփոխություններ։

Մի քանի հարյուր միլիոն դոլար հանքահումքային ապրանքներից բացի, այսօր Հայաստանն արտաքին շուկաներին առաջարկում է շատ քիչ այլ ապրանքներ՝ սննդի որոշ տեսակներ, գյուղմթերք, թեթև արդյունաբերության և տնտեսական որոշ մանր-մունր ապրանքներ։ Եթե տնտեսության այս ճյուղերում նույնիսկ կա զարգացման պոտենցիալ, ապա դա հաստատ ճանապարհների ապաշրջափակման հետ կապված չէ։ Եթե այսօր դրանք չեն զարգանում, չեն զարգանա նաև ճանապարհների ապաշրջափակումից հետո, որովհետև դա չէ այդ ոլորտների չզարգացման պատճառը։

Փակ սահմանների պայմաններում կար ժամանակ, որ Հայաստանը երկնիշ տնտեսական աճ էր ապահովում, ներդրումներն էլ իսկապես հոսում էին։ Այսօր դրանք չկան, ու պարզ չէ՝ վաղը կլինե՞ն, թե՞ ոչ։ Ժամանակին էլ հայտարարվում էր, թե գործարարները հերթ են կանգնած Հայաստանում ներդրումներ անելու համար, ու մեզ ներդրումային բում է սպասում։

Ակնհայտ է, որ նույն շարքից են նաև 2 տարում ՀՆԱ 30 տոկոս աճ ապահովելու վերաբերյալ հայտարարությունները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս